Աշոտ Հարությունյան. «Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության վիճակը գերազանց է»

Ուղիղ 1 դար առաջ լոնդոնցի վիրաբույժ Ջոժեֆ Կարպյուն Եվրոպայում կատարեց առաջին պլաստիկ վիրահատությունը. այսօր արդեն պլաստիկ վիրաբուժությունն իր արժանի տեղն է գրավել ժամանակակից բժշկության մեջ՝ ոչ միայն չզիջելով իր դիրքերը, այլև ժամանակի հետ ավելի կատարելագործվելով, նորանոր զարգացումներ գրանցելով։

Համաշխարհային նմանօրինակ բժշկական զարգացումներից անմասն չէ նաև Հայաստանը: Արդեն իսկ վստահորեն կարող ենք ասել, որ ազգաբնակչության մեջ այն իր խորն արմատներն է գցել՝ առաջին հերթին, գերազանցապես, կանաց և աղջիկներին հնարավորություն ընձեռելով կատարելու պլաստիկ, կոսմետիկ շտկումներ ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի ցանկացած այլ հատվածների հետ կապված: Ինչպես փաստում են վիճակագրական տվյալները՝ Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ռինոպլաստիկան (քթի ձևի շտկում), որը տարեցտարի ավելանում է 5-10 տոկոսով:

Այս թեմայով Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկի «Մալաթիա» բկ-ի դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի, Հայաստանի Բերանի Խոռոչի և Դիմածնոտային Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի իրական անդամ Աշոտ Էդուարդի Հարությունյանի հետ զրուցում ենք ընդհանուր դիմածնոտային վիրաբուժության վիճակի, հասարակության մեջ պլաստիկ վիրահատության դերի ու նշանակության և ոլորտին վերաբերվող այլ թեմաների շուրջ:

Մինչ բուն թեմային անդրադառնալը կարճ կենսագրական ակնարկ կատարենք. Դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Հարությունյանը 2006թ.-ին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, 2006-2009թթ. կլինիկական օրդինատուրան՝ Դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ անցել է Երրորդ հիվանդանոցում՝ Գրիգորի Էմիլի Խաչատրյանի ղեկավարությամբ, այնուհետև աշխատել է նույն հիվանդանոցում, որից հետո Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում՝ որպես Դիմածնոտային ծառայության ղեկավար: 2011թ.-ին Արմեն Հարությունյանի հետ միասին տեղափոխվել են «Մալաթիա» բկ՝ հիմնադրելով Դիմածնոտային ծառայությունը՝ աշխատելով առ այսօր: 2012-ից սկսել է աշխատել նաև «ՎիկՄեդ» բժշկական կենտրոնում՝ որպես դիմածնոտային վիրաբույժ:

— Պարոն Հարությունյան, ներկայացրեք բաժանմունքը, ի՞նչ նյութատեխնիկական բազայով, անձնակազմով եք իրականացնում բուժսպասարկումը և որքանո՞վ եք ժամանակի նորություններին համընթաց քայլում:

— Մերը պլաստիկ վիրաբուժության բաժանմունք չէ, այլ ծառայություն. ես և Արմեն Հարությունյանը միասին «Մալաթիա» բկ-ում հիմնադրելով դիմածնոտային վիրաբուժության ծառայությունը՝ աշխատել ենք հիվանդանոցի բավականին պատրաստված բուժանձնակազմի հետ: Նման պրոֆեսիոնալ կազմի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ էլ

կարողանում ենք հասնել նորանոր հաջողությունների: Ինչ վերաբերվում է նյութատեխնիկական բազային՝ ևս մեկ անգամ փաստեմ, որ Մալաթիա բկ-ն, լինելով Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը, տեխնիկապես բավականին հագեցված է՝ համապատասխան ժամանակի բոլոր պահանջներին:

Արդեն իսկ ունենալով բավականին լավ արդյունքներ աշխատում ենք անընդհատ կատարելագործվել, չկանգնել տեղում: Հիմա փորձում ենք բացի պլաստիկից շեշտը դնել նաև էնդոսկոպիկ վիրահատություններին, որոնք այսօր շատ ակտուալ են: Էնդոսկոպիկ վիրահատություններ առհասարակ հիվանդանոցում կատարվում են, բայց ոչ մեր պրոֆիլով:

— Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում դիմածնոտային վիրաբուժության վիճակը:

— Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության վիճակը գերազանց է, աճում է նկատելիորեն արագ տեմպերով՝ թե՛ մասնագետների տեսանկյունից և թե՛ պատրաստվածության, որն իր մեջ ներառում է նաև արտերկրում վերապատրաստվելը: Այդ ակտիվությունը մեր մասնագիտության մեջ, իմ կարծիքով, ժամանակի հետ ավելանում է, բայց ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու և կատարելագործվելու, այսինքն՝ կանգնել տեղում ու սպասել ինչ-որ նորությունների՝ չի լինի, դու ինքդ պետք է աշխատես՝ նորանոր բարձրունքների հասնելու համար:

— Ժամանակի հետ պլաստիկ վիրահատության դիմողների թիվն ավելանու՞մ է և եթե այո, ապա ինչո՞վ կարելի է դա բացատրել:

— Կոնկրետ մեր հիվանդանոցում իմ կարծիքով վերջին մեկ, երկու տարվա մեջ բավականին աճ կա նման պացինետների: Ես դա, նախևառաջ, կապում եմ մեր անընդմեջ ձգտման հետ՝ որակի կատարելագործման և, ինչու ոչ, միգուցե նաև գնային քաղաքականությունն էլ իր դերն ունի, բայց, իհարկե անժխտելի է, որ բոլորի համար առաջնահերթը որակն է:

— Իսկ ովքե՞ր են ավելի շատ դիմում ռինոպլաստիկայի ‹‹օգնությանը››. նրանք, ովքեր ունեն խնդիրներ, թե՞ ավելի շատ ‹‹հայկական քիթը››ը փոխել ցանկացողները:

— Դեպքերը միշտ տարբեր են լինում, երբեք միանման ոչինչ չկա: Կան և՛ շնչառության և՛ արտաքին դեֆորմացիայի հետ կապված խնդիրներ, բայց ստատիստիկ տվյալներից ելնելով էլ կարող եմ ասել, որ հիմնականում արտաքին տեսքի հետ պրոբլեմներ ունեցողները նաև մեծամասամբ շնչառության հետ էլ են որոշակի խնդիրներ ունենում, որը և նույն վիրահատության ընթացքում շտկվում է, այսինքն՝ այնտեղ կարող են լինել խեցիների, միջնապատի թեքվածության հետ կապված պրոբլեմներ, որը համակցված լինի նաև արտաքին դեֆորմացիայի հետ. դա որպես օրենք, մեկ վիրահատությունով շտկվում է:

Հազվադեպ դեպքերում լինում է կորեկցիայի կարիք, այսինքն՝ հետվիարահատական շրջանում երկրորդ միջամտության անհրաժեշտություն է զգացվում, բայց դա աշխատում ենք հասցնել մինիմումի:

— Ավելի շատ կանա՞յք, թե՞ տղամարդիկ են դիմում պլաստիկ վիրահատության:

— Երևի ավելի շատ կանայք են, բայց նկատելի աճ կա նաև տղամարդ պացիենտների: Ստացվում է՝ նրանք հաղթահարել են հայկական ավանդական կարծրատիպերը. մի քանի տարի առաջ պլաստիկայի մասին տղամարդիկ երևի լսել անգամ չէին ուզում, բայց այսօր դիմում են: Ենթադրենք՝ տղամարդը շնչառության հետ կապված պրոբլեմ է ունենում, մեր կողմից նաև խորհուրդ է տրվում պլաստիկ միջամտության և պատկերացրեք, որ շատերն են համաձայնվում: Այսինքն՝ տղամարդիկ միգուցե և առաջնահերթ դիմում են շնչառության հետ կապված խնդիրները վերացնելու համար, բայց երբ որ իրենց առաջարկում և մանրակրկիտ բացատրում ես ՝ համաձայնվում են ու արդյունքներից էլ բավականին գոհ են մնում: Ինձ թվում է՝ ժամանակի հետ այդ պահանջն ավելի կշատանա:

— Միջինում որքա՞ն արժե քթի պլաստիկ վիրահատությունը Հայաստանում:

— Միջին արժեքը տատանվում է մոտավորապես 500-600 հազար դրամի սահմաններում:

— Եղե՞լ են դեպքեր, երբ Դուք ինքներդ եք խորհուրդ տվել չդիմել վիրահատական միջամտության, եթե իհարկե հաճախորդը շնչառական խնդիրներ չի ունեցել:

— Շատ են լինում նման դեպքերը. միգուցե և մարդու քթի արտաքին տեսքը կատարյալ չի լինում, բայց դեմքի հետ համահունչ է, դեմքի սիմետրիան պահպանված է լինում և մենք խորհուրդ ենք տալիս չվիրահատել: Սովորաբար մարդիկ ընդունելով պրոֆեսիոնալ կարծիքը՝ հրաժարվում են վիրահատության դիմելու մտքից, բայց լինում են նաև դեպքեր, երբ ընդունելով, բայց չհամակերպվելով դրա հետ՝ դիմում են այլ վիրաբույժների՝ կատարելով իրենց ցանկությունը: Ամեն դեպքում, փորձում ենք մաքսիմալ օբյեկտիվ լինել այդ հարցում:

— Ինչպիսի՞ն է մրցակցությունը համանման կենտրոնների, բաժանմունքների միջև:

— Բժշկության մեջ մրցակցություն ասվածը մի քիչ տարբերվում է մնացածից: Մրցակցություն կա իհարկե, բայց այն ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա է, համենայնդեպս, մենք աշխատում ենք, որ այդպես լինի, որովհետև ճիշտ դա է. պետք է չմոռանանք մեր մասնագիտության առաքելության մասին, չպետք տրվենք մրցակցությանը, որից կտուժի միայն հիվանդը:

— «Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում ի՞նչ ծրագրեր են իրականացվել վիրաբուժական բաժանմունքում, ավելի կոնկրետ այս ծառայությունում:

— Ասեմ, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բկ-ն այս տարին՝ 2015թ.-ը հայտարարել է «Առողջ ապրելակերպի և կանխարգելման տարի»՝ ընդգրկելով հիվանդանոցի բոլոր բաժանմունքները: Այս, ինչպես նաև «Մալաթիա» բկ-ի ղեկավարության մյուս բարեգործական նախաձեռնություններին իր աջակցությունն է ցուցաբերում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Տարվա սկիզբը մեկնարկեց աննախադեպ մի ծրագրով, այն է՝ քթի միջնապատի և պլաստիկ անվճար վիրահատություններ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչության համար, որն անշահախնդրորեն կատարվեց մեր ծառայության կողմից՝ իմ և Արմեն Էդուարդովիչի մասնակցությամբ: Այս շրջանակներում վիրահատվել են մոտ 100 հիվանդ: Ընդհանուր վիրաբուժության պրոֆիլի անվճար վիրահատությունները, որքանով ես եմ տեղյակ, արդեն մոտենում են ավարտին, բայց հիմնադրամի կողմից նման բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու:

— Վերջում կա՞ որևէ բան, որ կուզենայիք ավելացնել կամ գուցե որևէ խորհուրդ, կոչ վիրահատութան դիմել ցանկացողներին:

— Թող բոլորն առողջ լինեն:

Զրուցեց` Մերի Եղիազարյանը

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com