Իմ կողմից տրված բոլոր խոստումերը և դեռ մի բան էլ ավելին կատարել եմ. Արա Վարդանյան

Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ղեկավար Արա Վարդանյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:

Պարոն Վարդանյան, պատմեք մի փոքր գյուղի մասին, ինչու՞ Ղուկասավան:

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում: Այն նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները: Ղուկասավան է վերանվանվել 1949 թ-ին՝ հեղափոխական գործիչ, ՀՀ առաջին կոմերիտական Ղուկաս Ղուկասյանի պատվին, որը ծնունդով այս գյուղից է եղել: Դպրոցը նույնպես նրա անվամբ է:

Ինչպե՞ս է այսօր ապրում Ղուկասավան համայնքը, ի՞նչ աշխատատեղեր կան և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը:

Բնակչությունն այսօր զբաղվում է ակտիվ հողագործությամբ: Անասնպահությամբ հիմնականում զբաղվում են գյուղում ապրող եզդիները՝ ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը:

Դրանից բացի ունենք մեծ ջերմոցային տնտեսություն, կահույքի մեծ արտադրամաս, որտեղ շատ աշխատատեղեր կան: 2010-11թթ. Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում 15 համարի ավտոբուսը սկսեց աշխատել նաև այս գյուղում, որը նպաստավոր պայմաններ ստեղծեց ուսանողների և քաղաքում աշխատողների համար:

Ի՞նչ աշխատանքներ են տարվել Ձեր գյուղապետ ընտրվելուց հետո և հիմնականում ի՞նչ խնդիրներ կան գյուղում:

Ես համայնքը ղեկավարում եմ 2005թ.-ից և շատ մեծ ժառանգություն եմ ստացել: Այս ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել. դպրոցը կապիտալ վերանորոգվել է, ապահովված է լոկալ ջեռուցմամբ, մանկապարտեզի շենքն էլ մասնակի ենք վերանորոգել. սանհանգույցն ու խոհանոցն է նորոգվել, առաջին հարկի բոլոր դռներն ու պատուհաներն են փոխվել, ինչպես նաև՝ ձեռք է բերվել նոր կահույք: Այս աշխատանքները շարունակական են լինելու:

Գյուղում գիշերային լուսավորության աշխատանքներն ամբողջությամբ կատարված են: Բնակչությունն ապահովված է 24 ժամյա ջրամատակարարմամբ, նաև ոռոգման ցանցով:

Համայնքում գազամատակարարման խնդիրը լիովին լուծված է: Միայն մի փողոց կար, որ զուրկ էր դրանից, այն էլ այս տարի մեր միջոցներով ու ջանքերով գազաֆիկացվեց:

Անցած տարի կրկին գյուղապետարանի միջոցներով կառուցել ենք բուժկետ, որի բացումն այս տարի է եղել: Այն ապահովված է ժամանակակից բոլոր սարքավորումներով և ամբողջովին վերանորոգված է:

Ունենք եկեղեցի, որը բարերարների կարիք ունի՝ վերանորոգելու կամ նորը կառուցելու համար:

Գյուղապետարանի շենք որպես այդպիսին չկա, մշակույթի տան այն մասը, որտեղ գյուղապետարանի աշխատակազմով ենք աշխատում՝ վերանորոգել ենք մեր միջոցներով: 200 հոգու համար նախատեսված դահլիճը վերանորոգված չէ, բայց մեր ֆինանսական միջոցների սղության պատճառով ինքներս չենք կարող այդ աշխատանքներն իրականացնել, այդ իսկ հարգելի պատճառով էլ ակնկալում ենք կառավարության աջակցությունը:

Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:

Իմ կողմից տրված բոլոր խոստումերը և դեռ մի բան էլ ավելին կատարել եմ: 2002թ.-ին զոհված ազատամարտիկների հիշատակին խաչքար ենք կառուցել, որի աջ կողմում ապրիլին ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ կառուցելու ենք հուշակոթող: Բացումը կանենք հենց ապրիլի 24-ին:

ՀՀ նախագահի և կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում կամ նախագահի նախընտրական խոստումներից ի՞նչ ծրագրեր են

իրականացվել Ձեր գյուղում:

Կառավարության կողմից 2007-2009 թթ-երին երեք փուլերով 150 մլն. դրամով դպրոցն է վերանորոգվել, հետո կառավարությունը ևս հավելյալ 30 մլն. է ավելացվել՝ մեր դիմումի համաձայն: Մարզպետարանի կողմից 10մլն. դրամ է հատկացվել մանկապարտեզի երկու մասնաշենքերի վերանորոգման համար:

Շրջակա գյուղերից ինչո՞վ է տարբերվում Ղուկասավանը:

Ի տարբերություն մյուսների, մեզ մոտ կան ջերմատներ: Հանգիստ գյուղ է Ղուկասավանը՝ հայտնի իր խաղաղասեր, հյուրասեր, աշխատասեր և հարկերի պարտաճանաչ վճարում կատարող ժողովուրդով:

Կա՞որևէ բան, որ կցանականայիք ավելացնել կամ գուցե որևէ մաղթա՞նք:

Շնորհավորում եմ բոլորին՝ գալիք Ամանորի կապակցությամբ: Խաղաղություն, առողջություն, երջանկություն եմ ցանկանում մեր հայ ժողովրդին, նաև ՝բեղմնավոր աշխատանք:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com