Կայացավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» IV միջազգային գիտաժողովը

Հայաստանի նման հարուստ ընդերք ունեցող երկրի համար շատ կարևոր է այն «նվաճելը» և այսօր քիմիկոսների հիմնական խնդիրն է հանքային նյութերի կոմպլեքս մշակումն ու անթափոն արտադրությունների ստեղծումը՝ խթանելով գիտության  և արտադրության զարգացմանը:  Այս նպատակով  էլ 2015թ-ի սեպտեմբերի 14-18-ը կայացավ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» IV միջազգային գիտաժողովը, որն  անցկացվեց ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի նախաձեռնությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի, Հայաստանի քիմիական ասոցիացիայի աջակցությամբ, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովի աշխատանքները սկսվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Կնյազյանը ողջունելով և շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին ու հյուրերին մասնակցության համար՝ խոսքը փոխանցեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ում ելույթով էլ հենց ազդարարվեց միջազգային գիտաժողովի բացումը:  Իր ելույթում ակադեմիկոս Մարտիրոսյանն առաջնահերթ շնորհավորեց բոլորին արդեն ավանդական դարձած՝ հերթական IV միջազգային գիտաժողովի՝ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» խորագրով, բացման կապակցությամբ՝ ընդգծելով այս կոնֆերանսի կարևորությունն այն առումով, որ այսօր առաջնահերթ արդիական են տնտեսության զարգացմանը միտված հետազոտությունները և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումն ու գիտնականների փորձի փոխանակումն այս պարագայում շատ օգտակար կլինի, քանզի գիտությունը զարգանում է հենց նման համագործակցությունների շնորհիվ. «Հուսով եմ, որ ստացված արդյունքները օգտակար կլինեն բոլոր մասնակիցների համար և առաջարկվող տեխնոլոգիաներն ու նախագծերը իրենց կիրառությունը կգտնեն տնտեսության ու արտադրության մեջ:
Գիտաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, կառուցողական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն»,- նման բարեմաղթանքներով ավարտեց իր ելույթը ՀՀ ԳԱԱ պրեզիդենտը:

IMG_5689

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, ով նկատեց, որ «IV միջազգային գիտաժողով «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» նյութերի ժողովածուն» արդեն իսկ խոսում է գիտաժողովի, համատեղ աշխատանքների կարևորության և արժեքի մասին:

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 150 գիտնականներ, որոնցից 20-ը Ռուսաստանի Դաշնությունից (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Վլադիվոստոկ, Սիբիր, Նիժնի Նովգորոդ և այլն), Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից: Նրանք հանդես եկան քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններ անօրգանական նյութերի սինթեզի, ոչ մետաղական հումքի, մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակման տեխնոլոգիաների բնագավառներում, նանոկոմպոզիտային, գերկարծր, հատուկ մաքրության, ապակեկերպ, ապակեբյուրեղային, կոմպլեքսային միացությունների, ինչպես նաև քիմիական արտադրությունների, շրջապատող միջավայրի էկոլոգիական խնդիրներին, նաև՝ կրթության զարգացմանը վերաբերող գիտական զեկույցներով:

ՌԴ ԳԱ Բարձր մաքրության նյութերի ինստիտուտի տնօրեն, ՌԴԳԱ ակադեմիկոս Չուրբանով Մ.Ֆ.-ն իր զեկույցում, օրինակ, անդրադարձավ արսենիի, գերմանիումի, անտիմոնի, գալիումի քալկոգենիդների հիման վրա ստացված ապակիների հեռանկարային լինելուն՝ մանրաթելային օպտիկայի և օպտօէլեկտրոնիկայի համար: Զեկույցում շարադրված են հատուկ, բարձր մաքրության քալկոգենիդային ապակիների ստացման ֆիզիկա-քիմիական հիմունքները, որոշիչ տեխնիկական և շահագործման գործոնները՝ դրանցից մանրաթելային լուսատարների ստացման համար:

Չուրբանովը նաև «Երիտասարդ նորարարների դպրոց» ծրագրի շրջանակներում Երևանի Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ:

IMG_5917

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին սեպտեմբերի 17-ին՝ Լեռնային Ղարարաբաղի Ագրարային համալասարանի Շուշիի մասնաճյուղում, որտեղ  մասնակիցներն ու հյուրերը հանդիպում ունեցան Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:

DSCF1119

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Ընդհանուր և Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Կնյազյանը. «Միջազգային կոնֆերանսի հարգելի մասնակիցներ, հարգելի կոլեգաներ, հյուրեր, IV միջազգային կոնֆերանսն այսօր իր աշխատանքը շարունակում է մի հպարտ, գեղեցիկ երկրում, որը կոչվում է Արցախ… Արցախ, որը իր բնական և մարդկային ռեսուրսներով համալրում է ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի և՛ գիտությունը և ՛տնտեսությունը և՛ միտքը: Այդ իսկ պատճառով էլ միջազգային կոնֆերանսը, որ սկսվել էր Երևանում ՝շարունակում ենք Արցախում, այս հրաշալի համալասարանում: Հույս ունենք, որ աշխատանքները բարեհաջող կընթանան և մեր այստեղ գալը լուրջ ներդրում կլինի այն երկրին, որն իրավունք ունի զարգացնելու իր տնտեսությունն ու գիտությունը»: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Կրթության, Գիտության և Սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանն, ով հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքները նկատելի կլինեն մոտ ապագայում:
Այնուհետև Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ս.Դադայանն իր ելույթից հետո   խորհրդանշական նվեր հանձնեց  Նիկոլայ Կնյազյանին՝  Արցախի պատկերով:

DSCF1138

Ելույթներով հանդես եկան նաև Կ. Սարգսյանը և Երևանի Ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը: Վերջինս  իր զեկույցում առաջարկեց մրգերի, ավելի կոնկրետ՝ խաղողի կորիզներն օգտագործել դեղագործության մեջ:

новый коллаж

Անդրադառնալով կոնֆերանսի դերին ու նշանակությանը՝  Խարկովի Ազգային համալսարանի Անօրգանական քիմիայի ֆակուլտետի  դեկան, պրոֆեսոր Օլեգ Կալուգինը մեզ հետ զրույցում ասաց. «Առաջին հերթին՝ շատ եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում է Ընդհանուր և Անօրգանական քիմիայի ինստիտուտը՝ «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» գիտաժողովն անցկացնելու համար և առանձնահատուկ հաճելի է, որ կոնֆերանսն ունի միջազգային կարգավիճակ ու անցկացվում է ոչ միայն հայ, այլ նաև ռուս, ուկրաինացի և բելոռուսցի գիտնականների մասնակցությամբ: Եթե խոսենք գիտական զեկույցների մասին, ապա ասեմ, որ ինձ ուրախացնում է, որ վերանայվում են կիրառական ասպեկտների ավելի մեծ, բարձր աստիճաններ, որոնք կարևոր են Հայաստանի արդյունաբերության համար: Առաջին հերթին դրանք ուղղված են հանքային հումքի օգտագործմանը, որով հարուստ է Հայաստանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արտադրանքի համար: Այս առումով  կարևորում  եմ ռուս գիտնականների կողմից  կատարված ուսումնասիրությունները՝ կապված բարձր տեխնոլոգիաներով հանքային հումքից նոր նշանակության նյութերի ստացման ուղղությամբ: Դա կարող է նպաստել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացմանը»:

12053150_1637775329845164_1056849439_n

Նշենք, որ գիտաժողովի  կազմակեպիչները նկատում են, որ  քիմիայի բնագավառն այսօր բազմաթիվ հնարավորությունների և նորարական տեխնոլոգիաների հետ մեկտեղ նաև մեծ ներուժ ունի, և որ ամենակարևորն է՝  ոլորտում քիչ չեն երիտասարդ մասնագետները. «Շատ կուզենայի, որ երիտասարդները ընդգրկվեին այս աշխատանքների մեջ. չէ՞ որ նրանք մեր հետնորդներն են, մեր գիտելիքները պետք է հենց իրենց փոխանցենք»,- ասաց Նիկոլայ Կնյազյանը:

Գիտաժողովի աշխատանքներն ավարտվեցին սեպտեմբերի 18-ին՝ Երևանում. հյուրերն այցելեցին ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, որտեղ ծանոթացան ինստիտուտի գործունեությանը, քննարկեցին համատեղ, հետագա ծրագրերն ու աշխատանքները, այցելեցին ինստիտուտի թանգարան:

Հավելենք նաև, որ նրանք հրաժեշտ տվեցին Հայաստանին՝  իրենց հետ տանելով ինչպես համագործակցությունների նոր հեռանկարներ, այնպես էլ գեղեցիկ տպավորություններ` հայկական չքնաղ բնաշխարհից և հյուրընկալ հայերի բարեկամական վերաբերմունքից: Տպավորված հյուրերն առաջարկեցին ավելի հաճախակի կազմակերպել նման գիտաժողովներ՝  նշելով  դրանց արդիականությունն ու անհրաժեշտությունը:

DSCF1207

Գաբրիել Եգանյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com