Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է լինի կամավոր. Պուտին

Ռուսաստանում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառելու մասին որոշումը կայացվելու է միայն դեղամիջոցի վերաբերյալ հարյուրտոկոսանոց վստահություն ունենալու պարագայում, հայտնում է vesti.ru կայքը։ 

Պուտինը նշել է, որ այդ պատվաստանյութի ընդունումը պետք է կամավոր լինի, սակայն անհրաժեշտ է գրագետ կերպով մարդկանց տեղյակ պահել դրա անհրաժեշտության մասին։ Պետք է մարդկանց հայտնել, թե որտեղ և ինչպես կարելի է նախնական գրանցման եղանակով անվճար, առանց հերթերի մեջ մնալու պատվաստում ստանալ։

Նախագահի խոսքով՝ վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցը պետք է ամբողջական ծավալով իրացվի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert․am-ը, նույն հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվում է, սակայն այն կարող է ցանկացած սցենարով զարգանալ։

«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և այն կարող է ցանկացած սցենարով զարգանալ, այդ պատճառով էլ հրավիրել ենք այս ժողովը։ Ինքներս մեզ հանգստացնելու, թուլանալու, բժիշկների խորհուրդների մասին մոռանալու որևէ առիթ չկա»,- նշել է պետության ղեկավարը։

Հայտարարելով, որ ռուսական «առողջապահական համակարգը համավարակի ընթացքում ընդհանուր կազմակերպված է աշխատել», «փրկվել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր»՝ Պուտինն ընդգծել է, որ «անհրաժեշտ է փորձել խուսափել կորոնավիրուսի պատճառով կրկին սահմանափակումների ռեժիմի սահմանումից»:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com