Հայաստանը նախատեսում է առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38%-ով. փոխնախարար

Հայաստանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր, ըստ որի, նախատեսվում է մինչև 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Առաջնային էներգիա ասելով` նկատի ունենք գազ, էլեկտրաէներգիա, դիզելային վառելիք, փայտ, ածուխ և այլն: Նշված նպատակին հասնելու համար իրականացվելու են համապարփակ աշխատանքներ մի շարք ոլորտներում, բազմաթիվ ուղղություններով: Այդ աշխատանքներում բավական մեծ կշիռ ունի վերականգնվող էներգետիկան»,-ասել է Հայկ Հարությունյանը:
Աշխատանքներ են նախատեսվում արևային էներգիայի խթանման ուղղությամբ: Արդեն քայլեր իրականացվել են արևային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար: Մասնավորապես, նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչև 1 ՄՎՏ արևային կայանների համար, դա հավասար  պետք է լինի քամու էներգիայի համար սահմանված սակագնին: Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արևային կայան, իսկ պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել այդ կայանից ստացված էներգիան:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացվող հորատման աշխատանքների ընթացքը: Հարավում իրականացվում են հորատման աշխատանքներ արդեն երկրորդ հորատանցքում:

«Գնալով ավելի շատ ենք համոզվում, որ այդտեղ կարող ենք երկրաջերմային կայան կառուցել: Հայաստանում դեռևս նման կայան երբևէ չի գործել: Այն շատ տարածված է Իսլանդիայում, այն համեմատաբար նոր մոտեցում է էներգետիկ ոլորտում: Հորատման աշխատանքների վերջնական արդյունքները ստանալուց հետո հաջորդ քայլը կլինի պատրաստել տեխնիկակատնտեսական հիմնավորումը մրցույթ հայտարարելու համար: Նախատեսվում է կառուցել 31 ՄՎՏ հզորությամբ կայան»,-ասել է նախարարի տեղակալը:

Հայկ Հարությունյանը կարևորել է էներգախնայողությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, բնակելի շենքերում կամ տներում արևային պանելների տեղադրումը:

«Քաղաքացին կարող է որոշակի ներդրում անել և ասենք 20 տարի անվճար ստանալ արևային էներգիա: Երբ Հայաստանում այդ շուկան ձևավորվի, հնարավոր է, որ տեղական արտադրողները որոշեն այդ ոլորտում ներդրումներ կատարել` հիմնելով արտադրություն: Մեր խնդիրն է Հայաստանում շուկա ստեղծելը: Ի դեպ, արդեն ներդրողները հետաքրքրվում են»,-ասել է Հայկ Հարությունյանը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com