Մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով կփոխհատուցվի. ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենսդրական նախագծեր

Ազգային ժողովը քվեարկեց առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց ներկայացված  մի շարք օրենսդրական նախագծերը: Այսպիսով՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ մեկ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը անցավ միաձայն՝ 105 կողմ ձայնով:

Քվեարկության դրվեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ էր 69 պատգամավոր, դեմ՝  32, ձեռնպահ՝ 2:

ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, իսկ «Հողի հարկի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագծին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 3:

«Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 3:

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն անցավ 106 կողմ և ձեռնպահ 1 ձայներով:

«Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ևս ընդունվեց 106 ձայնով:

Ազգային ժողովը ընդունեց նաև «Մաքսային կարգավորումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց  103 պատգամավոր: Նախագծերին գումարվեց նաև Գոռ Գևորգյանի կողմ ձայնը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղըզստանի Հանրապետության կառավարության միջև՝ եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը անցավ միաձայն՝  106 կողմ ձայնով:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 100 պատգամավոր, դեմ՝ երկու, ձեռնպահ՝ չորս ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով  առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Այսինքն այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը:

Նախատեսվում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:  

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com