Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է: Այդ օրն ամբողջ աշխարհում տարբեր ազգությունների, էթնիկ ու կրոնական պատկանելիության կանայք, անկախ իրենց լեզվական, մշակութային առանձնահատկություններից ու քաղաքական հայացքներից, համախմբվում են նշելու կնոջ օրը, որն արդեն ինը տասնամյակ է, ինչ պայքարում է հանուն հավասարության, արդարության և խաղաղության:Կանանց միջազգային օրը` որպես կանանց տոն, սկսվեց դիտարկվել դեռևս 1900-ականների սկզբներից, երբ արդյունաբերական աշխարհը նոր տնտեսական զարգացումների, մեծ տատանումների ու փոփոխությունների առաջ էր կանգնել, երբ ի հայտ եկան բնակչության թվաքանակի գերաճ և ռադիկալ գաղափարախոսության առաջին ծիլերը: 1908 թվականին կանանց նկատմամբ կիրառվող ճնշումն ու սեռային խիստ անհավասարությունը կյանքի տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի աշխատող կանանց շրջանում դժգոհության ալիք սկսեց բարձրացնել` դարձնելով նրանց ավելի վճռական սեփական իրավունքների ոտնահարման, բռնության ու գենդերային խտրականության դեմ պայքարելու, իրենց բազմիցս լռեցված ձայնը բարձրացնելու և սեռային հավասարության մասին ահազանգելու, հասարակապես ու քաղաքականապես ավելի ակտիվ դառնալու խնդրում: Եվ նույն 1908 թվականին արդեն մոտ 15.000 կանանցով համալրված երթը անցնում էր Նյու Յորքի կենտրոնական փողոցներով` պահանջելով ավելի քիչ աշխատաժամեր, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ աշխատավարձ և ամենակարևորը` ընտրական իրավունք: Արևմուտքում Կանանց միջազգային օրը սկսել է դիտարկվել որպես համաժողովրդական միջացառում` սկսած 1977 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ Մարտի 8-ը հռչակվեց ՄԱԿ-ի Կանանց իրավունքների ու Համաշխարհային խաղաղության օր: Հարկ է նշել, որ 1945 թվականին ստորագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունը միջազգայանորեն ճանաչված առաջին համաձայնագիրն է, որն իր մեջ ընդգրկում է նաև գենդերային հավասարությունը` հռչակելով այն որպես մարդու հիմնարար իրավունք:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com