‹‹Մեր գյուղը հնուց ի վեր ամենաթասիբով ու պատվախնդիր գյուղերից մեկն է ››. Կարեն Ղազարյան

Արարատի մարզի Արարատ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դեվրլու անվանումները։ Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Վերանվանվել է 1935 թվականին: Արարատի արևելքից տարածվում են Ուրծի լեռները, դիմացը` բիբլիական Մասիսներն են։ Ոչ շատ հեռվից, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով ձգվում է Արաքս գետը։ Չնայած, որ պաշտոնապես գյուղի հիմնադրման տարեթիվը համարվում է 1828թ.-ը, գյուղապետ Կարեն Ղազարյանը հավաստում է, որ այն հազարամյակների պատմություն ունի, ինչի մասին է վկայում վերջերս լեռան ստորոտում բացված հին բնակատեղին իր հնագիտական նյութերով՝ կարասներ ու այլ իրեր, որոնք նախնական տվյալներով մ.թ.ա առաջին հազարամյակի իրեր են . այժմ տարածքը գտնվում է հնագետների ուշադրության կենտրոնում: Գյուղում պահպանվել են 1600-ական թվականների գերեզմանաքարեր , այդ իսկ պատճառով էլ գյուղի գերեզմանոցը համարվում է պատմամշակութային հուշարձան:

Ինչպես փաստում է պատմությունը՝ Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։ Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել, զենք գործածելու մեջ՝ հմուտ. յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են, ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից ԼՈւ է դարձել։

Նախկին Դավալու, այժմ Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանի հետ զրուցում ենք գյուղի, կատարված ու կատարվելիք աշխատանքների, խնդիրների, հոգսերի և այլ թեմաների շուրջ:

Պարոն Ղազարյան, որքա՞ն բնակչություն ունի Հանրապետությունում ամենամեծ գյուղերից մեկը, ո՞րն է գյուղացիների հիմնական զբաղմունքը, ի՞նչ աշխատատեղեր կան:

Արարատ գյուղ, 2015թ.-ի տվյալներով, ունի 8710 բնակիչ: Ապրուստի հիմնական միջոցն ապահովող աշխատատեղը ինչպես և բոլոր գյուղերում, այստեղ ևս հողագործությունն է՝ բանջարաբուծություն, խաղողագործություն, նաև՝ անասնապահությունը, որով հիմնականում զբաղված են եզդիները. գյուղում 50 եզդի ընտանիք կա: Կան նաև համայնքից դուրս աշխատողներ՝ ոսկու և ցեմենտի գործարաններում: Բացի այս ամենից՝ մենք գյուղում մշտական ‹‹ինքնազբաղվածություն›› ենք ստեղծում:

Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու և ոռոգման ջրերի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության, աղբահանության խնդիրները:

Խմելու ջրագիծ անցկացվեց անցած տարի և կարելի է ասել, որ 95 տոկոսով կենտրոնացված ջրամատակարարում կա: Այս պահին, քանի որ ամառ է և սպառումը շատ է՝ ջուրը ռեժիմով է մատակարարվում բնակչությանը: Ոռոգման ցանցը ևս լավ վիճակում է, բայց ներքին, դաշտամիջյան ցանց չկա: Խնդիր ենք ունեցել ջրահեռացման ցանցի հետ կապված, որի սպասարկումն այժմ կնքված պայմանագրի համաձայն ‹‹Հայջրմուղկոյուղի››-ն է իրականացնում: Այժմ մեծ խնդիր են ներկայացնում ջրահեռացված կոյուղաջրերը, որոնք թափվելով դաշտերում՝ աղտոտում են դրանք: Հիմա ուղիներ ենք փնտրում, որ եթե մաքրման կայանը շատ թանկ է, ապա գոնե ժամանակավորապես կոյուղաջրերը լցվեն ջրանցքը: Ժամանակին մաքրման կայան ունեցել ենք, որն այս ընթացքում թալանվել և ավերվել է:

Աղբավայրը եղել է գյուղից դուրս եկող ճանապարհի եզրին, այժմ աղբանոցի հարցը լուծված է. այն գտնվում է ‹‹Սարի տակ›› կոչվող հատվածում՝ բնակավայրից մոտ 3-4 կմ հեռավորության վրա: Ճիշտ է, աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, վերջնական վիճակի դեռ չի եկել, բայց գոնե աղբը գյուղի մեջ չի: Աղբահանությունն էլ ռեժիմով կատարվում է:

Ասեմ նաև, որ 8 մլն. դրամով մեր միջոցներով հող ենք գնել՝ գերեզմանների համար՝ 8000 մետր, որն անվճար, օրենքով սահմանված չափով, տրամադրում ենք բնակչությանը: Հիմա էլ նախատեսում ենք նոր գերեզմանատուն կառուցել՝ սափորների պատով:

Ամբողջ համայնքի փողոցները, կարելի է ասել, 95 տոկոսով ապահովված են լուսավորությամբ, անգամ գերեզմանատարածքը ամբողջությամբ լուսավորված են:

Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը, ասեմ, որ գլխավոր ճանապարհները ասֆալտապատ են, բայց այդուհանդերձ, այստեղ խնդիրներ կան , ունենք ոչ ասֆալտապատ փողոցներ, բայց ճանապարհների մեծ մասը խճապատված են ու բարեկարգ, ինչպես նաև հողային գրունտով կամ դաշտամիջյան ճանապարհները պարբերաբար բարեկարգվում են, խճալցվում: Այս տարի ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման բոլոր ծրագրերը կատարվում են համայնքի բյուջեով:

Ի՞նչ վիճակում են գտնվում Արարատի դպրոցներն ու մանկապարտեզը:

Գյուղում ունենք երեք դպրոց, որոնք բոլորն էլ ունեն կենտրոնացված ջեռուցման համակարգ, վերանորոգված են: Նախորդ տարիներին, Կառավարության ծրագրով երկու դպրոցներում փոխվել են պատուհանները, իսկ մեկում՝ ջեռուցման համակարգ է անցկացվել: Այս տարի, գյուղապետարանի ջանքերով և միջոցներով միայն թիվ 2 դպրոցում, 7 դասարան կապիտալ վերանորոգվել է: Դպրոցներից մեկում դպրոցահեն նախակրթարան է գործում, որը բացվել է մեր համաֆինանսավորման շնորհիվ:

Դպրոցներում գործում է << Տաք սնունդ>> ծրագիրը , ճաշարաններում մեր միջոցներով իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, տրամադրել ենք ամբողջ սպասքը :

Մանկապարտեզը հիմնանորոգված է, ջեռուցված, մի խոսքով՝ իդելական վիճակում է գտնվում՝ համապատասխան բոլոր ստանդարտներին: Մանկապարտեզն ունի 170 սան:

Մեր պատգամավոր Արայիկ Գրիգորյանի միջնորդությամբ և ջանքերով, նախագահի հանձնարարությամբ, Սոցներդրումների ծրագրով մանկապարտեզն ապահովվեց նաև նոր գույքով: Պետք է հպարտությամբ նշեմ, որ նման պատգամավորները եթե ավելի շատ լինեն, բոլորիս վիճակը զգալիորեն լավ կլինի: Այն մարդը, ով կարիքավորին օգնություն ցուցաբերելով իրեն լավ է զգում՝ ինձ համար յուրահատուկ անձնավորություն է:

Մանկապարտեզին երկրորդ ծրագիրն է սպասվում, որն իր մեջ կներառի բակային բոլոր հնարավորությունները:

Տարեկան որքա՞ն շրջանավարտ եք ունենում, նրանցից քանի՞սն են իրենց ուսումը շարունակում բարձրագույն ուսումնական հաստատություններում և որքանո՞վ են իրենց ստացած գիտելիքներով, որպես մասնագետ օգնում համայնքին:

Այս տարի ունեցել ենք մոտավորապես 75-80 շրջանավարտ: Ի դեպ ասեմ, որ Վերջին զանգի արարողությունն այս տարի, ինչպես և միշտ, նշվեց մեծ շուքով և ուրախությամբ: Շրջանավարտներից մոտ 40 տոկոսը շարունակում են իրենց ուսումը՝ հետագայում հարկ եղած դեպքում իրենց ստացած գիտելիքներով ամեն կերպ աջակցելով գյուղին: Համայնքն էլ իր հերթին աջակցում է ուսանողներին՝ անվճար ուսանողական ավտոբուսով և նաև ֆինանսապես. այս տարի 24 ուսանողի 50 հազար դրամ ուսման նպաստ տրամադրեցինք՝ ինչ-որ կերպ գոնե թեթևացնելով ուսման վարձի ծանրությունը:

Կատարվածներից զատ, ի՞նչ աշխատանքներ են նախատեսված կատարելու՝ հրատապ ծրագրերի շրջանակներում:

Նմանատիպ ծրագրեր կան Մշակույթի տան և Սպորտային համալիրի վերանորոգման հետ կապված: Մարզպետը խոստացել է ծախսերի 50 տոսկոսի չափով աջակցել մեզ:

Մենք շատ ակտիվ սպորտային թիմեր ունենք՝ ըմբշամարտ, կարատե, ֆուտբոլ, բռնցքամարտ, բայց չունենք սպորտ դպրոց կամ սպորտ դահլիճներ : Նախկին գյուղապետի օրոք ստեղծված կիսակառույց մարզադաշտ կա, որի պայմաններն ու դիրքը շատ անհարմար են: Փոխարենը՝ երեխաները բռնցքամարտի պարապմունքներն անցկացվում են գյուղապետարանի շենքում, ըմբշամարտով՝ Մշակույթի տանը և այսպես շարունակ: Նման պայմաններում նույնիսկ, շատ լավ, տաղանդավոր երեխաներ ունենք: Ֆուտբոլի ՀՀ պատանեկան առաջնությանը Արարատի մարզից միայն մեր գյուղը մասնակցեց, և ավելին մասնակիցների մեջ միակ գյուղական թիմն էր ՝ և գրավեց երրորդ տեղը :

Ուղիներ ենք փնտրում սպորտ դահլիճի հարցը լուծելու համար, որից հետո կունենանք սպորտային բարձունքներ գրանցած թիմեր, որոնք Հանրապետությունում բարձր կպահեն գյուղի, իսկ արտերկրում էլ՝ մեր երկրի պատիվը:

Ասեմ նաև, որ իմ մշտական ուշադրության կենտրոնում են 11-12-րդ սահմանապահ ուղեկալները. մեր հարևան համայնքում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան զորամասին մեծ ուշադրություն ենք դարձնում՝ ‹‹իրենց խնդիրները մեր խնդիրներն են›› կարգախոսով

առաջնորդվելով ամեն կերպ ջանում ենք օգնել՝ թե՛ շինարարական և թե՛ զանազան այլ հարցերով:

Ինչպե՞ս է զարգանում գյուղում հոգևոր, մշակութային և ժամանցային-երիտասարդական կյանքը:

Գյուղում ունենք 19-րդ դարում կառուցված եկեղեցի՝ Սուրբ Հակոբ եկեղեցին, որը շատ ակտիվ գործունեություն է ծավալում համայնքի հոգևոր կյանքում, հավատ և հույս հաղորդում Սբ Հակոբ եկեղեցու ծխական համայնքին:

Մշակութասեր և պատմասեր բնակչության համար այստեղ իր հյուրընկալ դռներն է բացում Վազգեն Սարգսյանի անվան թանգարանը:

Վստահորեն կարող եմ ասել, որ Արարատում այնպիսի ժամանցի վայր ունենք, խոսքը Հայենական Մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրի մասին է, որ քաղաքային շատ բնակավայրերում նմանը չկա: Այստեղ ամեն շաբաթ և կիրակի օրերին՝ անցած տարվանից սկսած իմ նախաձեռնությամբ համերգներ են կազմակերպվում բնակչության համար՝ հոգսաշատ շաբաթը գոնե իչ-որ կերպ մեղմելու համար: Կա խաղահարապարակ ուր պարբերաբար ավելացնում ենք նոր խաղ-կենտրոններ:

Մի փոքր էլ անդրադարձ կատարենք Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումներին. ինչպե՞ս հիշատակվեց այն Արարատ գյուղում:

Սուրբ Հակոբ եկեղեցու բակում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման, այնուհետև մատաղի արարողությունները: Նաև ջահերով երթ ենք իրականացրել և ինչպես ցանկացած հայ, այնպես էլ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցել անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում:

Վերջում ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որ հարց չտրվեց կամ գուցե ունե՞ք որևէ ցանկություն կամ մաղթանք:

Ես ունեմ քառամյա ծրագիր, որն արդեն հիմնականում կատարել եմ և դեռ մեկ տարի էլ ունեմ իմ տված բոլոր խոստումներն ավարտին հասցնելու համար:

Գյուղում կա ամեն ինչ՝ հոգսերից սկսած լավ բաներով վերջացրած, ամենակարևորն այն է, որ ունենք շատ լավ, բարի կամեցող, հյուրընկալ ժողովուրդ: Մեր գյուղը հնուց ի վեր ամենթասիբով ու պատվախնդիր գյուղերից մեկն է եղել՝ ծնելով միշտ լավ մարդիկ՝ աղաներից նախարարներ: Ամենակարևորը սա է, իսկ մնացած յուրաքանչյուր հարց կլուծվի և կհաղթահարվի:

Հ.Գ. Վերջում հավելեմ, որ զրուցեցինք նաև գյուղացիների հետ և համարյա բոլորի շուրթերից լսեցինք հետևյալ արտահայտությունը. ‹‹Շատ լավ, կամեցող և գործունյա տղա է մեր գյուղապետը, ամենակարևորը ջրի հարցը լուծեց, որն իսկական փրկություն էր մեզ համար››:

Ի դեպ, գյուղում կատարված ցանկացած աշխատանք կյանքի է կոչվել Կարեն Ղազարյանի գյուղապետության օրոք:

Մերի Եղիազարյան

 

https://www.facebook.com/pages/%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/251829571683580?ref=hl

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com