ՌԴ գյուղնախն առաջարկում է 2-3 տարով հետաձգել թուրքական լոլիկի առաքումը ռուսական շուկա

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է 2-3 տարով հետաձգել թուրքական լոլիկի առաքումը ռուսական շուկա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով նախարարության Ագրոարդյունաբերական համալիրի շուկաների կարգավորման վարչության տնօրեն Վլադիմիր Վոլիկին:
«Մենք կարծում ենք, որ այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում են ոլորտում ներդրումներ անող անձինք, սխալ կլիներ վերսկսել լոլիկի ներկրումը Թուրքիայից: Լոլիկի ներկրումը պետք է հետաձգվի, որպեսզի ռուս արտադրողները հասցնեն անցնել ներդրումային փուլը: Սա իրոք ներդրումային փուլ է: Պետք է այն անցնել, իսկ հետո թող նրանք մրցակցեն»,-ասել է Վոլիկը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Այս տարվա ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ իշխանություններից կատարվածի համար, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են վերականգնվել։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com