«Սասնա ծռեր» խմբի անդամների մեղադրանքները խստացվել են. Ս. Բարսեղյանն ու Ա. Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին առաջադրված մեղադրանքները լրացվում և խստացվում են:

Եվ այսպես, Վարուժան Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. դրանք սահմանում են՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը, 185-րդ հոդվածով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:

Արայիկ Խանդոյանի մեղադրանքին ևս ավելացել է ՀՀ ՔՕ 238-րդ հոդվածի 4-րդ մասը՝ զենք, զինամթերք հափշտակելը:

Լրացվել է նաեւ Արեգ Կյուրեղյանի մեղադրանքը. այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կազմակերպված խմբի կողմից՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Այս հոդվածը նախատեսում է 8-ից 12 տարի ազատազրկում:

Խմբի մեկ այլ անդամ Սեդրակ Նազարյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու, շենք-շինություններ զավթելու հոդվածներով: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել նաև զենք հափշտակելու և ՊՊԾ գնդի տարածքում գտնվող գույքը ոչնչացնելու համար:

Խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը մեղադրվում են նաև ոստիկանության ծառայողների սպանության մեջ:

Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Նա մեղադրվում է նաև ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության համար: «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղսագրվում է Գագիկ Մկրտչյանի սպանությունը: Նրա փաստաբան Արմինե Ֆենյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ Բիլյանը չի ընդունում իրեն առաջադրված այդ մեղադրանքը. «Ավելին, իր պնդմամբ ինքը ՊՊԾ գնդի այդ տարածքում, այդ հատվածում չի գտնվել, երբ որ ոստիկանին կյանքից զրկել են, հետագայում դատական քննության փուլում արդեն կփորձենք հիմնավորել դա մեր կողմից ներկայացված համապատասխան ապացույցներով, ինչ վերաբերում է մեղադրանքի որոշմանը, որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը, ապա միջնորդություն ենք իրականացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները պաշտպանական կողմին տրամադրվեն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք այդ որոշումը բողոքարկելու:

Քանի որ նախաքննություն է, այս փուլում, ցավոք, շատ բան չեմ կարող ասել, բայց նախաքննության ավարտից հետո ավելի հանգամանալից կներկայացնենք, թե կոնկրետ ինչի հիման վրա են նման որոշում կայացրել, եթե այդպիսիք կլինեն էլի»,- ԳԱԼԱ-ինփոխանցեց նրա փաստաբանը:

Արմինե Ֆենյանը նշեց նաև, որ իրենց համար անսպասելի էր նախաքննական մարմնի այդ որոշումը, ավելին, փաստաբանի պնդմամբ Արմեն Բիլյանն անգամ տեղյակ չի եղել, թե իրեն կոնկրետ ում սպանության մեջ են մեղադրում. «Երբ որ ապացույցները հետազոտենք, նախաքննության ավարտից հետո երբ որ ուսումնասիրենք բոլոր ցուցմունքները, արդեն պարզ կլինի, այդ ժամանակ ավելի փաստարկված կպատասխանեմ, այս պահին քանի դեռ որևէ ապացույցի չենք տիրապետում, չեմ կարող նման հետևություն անել, այն, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք կա, մենք այդ մտավախությունն ունենք, իսկ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքն իրականության դաշտ բերելը շատ հեշտ է»,- եզրափակեց նա:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com