Ֆրանսիացի մասնագետների հետ քննարկվել է Կոնդի վերակառուցման հարցը

Երևան — Լիոն համագործակցության շրջանակներում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա փորձի փոխանակման նպատակով նոյեմբերի 7-14-ը Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:

Լիոնի քաղաքաշինական գործակալության մասնագետների հետ լայն քննարկումներ են ծավալվել Կոնդ թաղամասի վերակառուցման ուղղությամբ, որը 2014թ. Երևանում Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների Երևան կատարած այցի և քննարկումների շարունակությունն էր: Գործնական հանդիպումների ընթացքում ներկայացվել են Լիոնի կանաչապատման պլանավորման աղբյուրները, Լիոնի Մետրոպոլի ներդրումային գրավչության ռազմավարությունը, տրանսպորտային համակարգը և երթևեկության ցանցը, պատմական վայրերի կառավարման պլանը, համաշխարհային ժառանգության և կառավարման սխեման: Ներկայացվել է նաև Լիոնի մետրոպոլիտենի քաղաքաշինական քաղաքականությունը:

Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Լիոնի տուրիզմի գրասենյակում, Գալլո-հռոմեական թանգարանում:

Առանձին քննարկումներ են եղել շենքերի տանիքների և ուղղաձիգ կանաչապատման տեխնոլոգիաներին առնչվող թեմաներով: Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով պատվիրակությունը մասնակցել է Առաջին hամաշխարհային պատերազմի ավարտը խորհրդանշող տոնի առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և ընդունելությանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պատվիրակության կազմում Լիոն են մեկնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի, տրանսպորտի, բնապահպանության և արտաքին կապերի վարչության մասնագետները: Փորձի փոխանակմանը միտված հերթական այս ծրագրի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ու շնորհանդեսներ:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com