ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Կարբեցիներն աշխատող, ստեղծող, արարող մարդիկ են››. Կարո Բաղդասարյան

33.6kviews

 

 

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ղեկավար Կարո Բաղդասարյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:

Պարոն Բաղդասարյան, ինչո՞վ է այսօր զբաղված կարբեցին, որքա՞ն բնակչություն ունի համայնքը և ի՞նչ աշխատատեղեր կան նրանց համար:

Կարբի համայնքն ունի մոտավորապես 5000, իսկ ավելի ստույգ՝ 4800 բնակիչ, որոնց մեծամասնությունը զբաղված են իրենց իսկ ստեղծած աշխատանքով, այսինքն՝ հիմնականում այգեգործությամբ՝ գերազանցապես պտղաբուծությամբ՝ խնձոր, ծիրան, կեռաս, դեղձ, սև սալոր: Կարբի համայնքն ապահովում է հանրապետության խնձորի բերքի առնվազն 30-40 տոկոսը: Տարեկան արտադրվում է 20-25 հազար տոննա խնձոր, հետևաբար, ըստ եղանակային պայմանների, վերամշակվում և պահածոյացվում է, որոշակի մասը վաճառվում է հանրապետության շուկայում, իսկ մի մասն էլ՝ արտահանվում : Կարբիում գործում են նաև վերամշակման երեք արտադրամասեր՝ ‹‹Թամարա ֆրուտ››, ‹‹Կարբի ֆրուտ›› և ‹‹Իշխան›› ՍՊԸ-ն, որոնք ևս ապահովում են մոտավորապես 300-350 սեզոնային աշխատատեղ: Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը շատ քիչ է՝ ողջ բնակչության 1-2 տոկոսը: Ունենք նաև Երևան քաղաքում աշխատող մարդիկ:

Եթե կոնկրետ բնութագրեմ, ապա կարբեցիներն աշխատող, ստեղծող, արարող մարդիկ են: Չունենք արտագաղթ, եզակի համայնքներից է, որտեղ նկատվում է բնական աճ՝ տարեկան մոտ 50 մարդով ավելանում է համայնքի բնակչությունը:

Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու, ոռոգման ջրերի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության, աղբահանության խնդիրները:

2012թ.-ից ես Կարբի համայնքի ղեկավարն եմ և վստահորեն կարող եմ ասել, որ այս ընթացքում խմելու ջրի համակարգերը լիովին փոխվել են, դրանք ամբողջովին նոր են՝ հագեցված գերմանական տեխնոլոգիայով, միայն մի փոքր հատվածն է մնացել հնից: Կարբին մեծ համայնք է, բայց արդեն իսկ վերջին 2-3 տարվա մեջ լիովին ասֆալտապատվել, նորոգվել են բոլոր ճանապարհները: Կառուցապատվել է ևս 6 նոր փողոցներ՝ միջինը 500-700 մետր երկարությամբ: Գյուղի նոր մուտք է կառուցվել՝ Երևան-Վանաձոր մայրուղուց, որը առկա չի եղել նախկինում: Մի խոսքով, ճանապարհների վիճակը լավ է, մեծ աշխատանքներ են կատարվել և՛ Կառավարության, և՛նախագահի հրատապ ծրագրերի շրջանակներում և՛ մեր բյուջեի հաշվին:

Այս տարի գազաֆիկացման աշխատանքներն են տարվում, որոնք կավարտենք մինչև տարեվերջ. եթե մինչ այս համայնքի բնակիչների ընդամենը 30 տոկոսը կարող էր օգտվել գազից, ապա աշխատանքների ավարտից հետո արդեն բոլոր տներում գազ կլինի:

Փողոցային լուսավորության աշխատանքներ, բնականաբար, ևս մշտապես կատարվել են. թվով 3-4 գլխավոր փողոցներն ամբողջովին լուսավորվել են: Կոմունալ ծառայություն երբևէ չի եղել, այսինքն՝ աղբահանության խնդիր ենք ունեցել, բայց հիմա արդեն մոտ 1,5 տարի գյուղապետարանին կից գործում է Կարբիի կոմունալ բաժինը: Աղբահանությունը կատարվում է ամեն օր:

Ոռոգման ջրերի հարցը բավարար է, 2014-2015 թթ.-երին ոռոգումը նորմալ կատարվել է, սակայն դա հիմնականում կախված է եղանակից: Համայնքի ոռոգվող տարածքների մոտ 70 տոկոսն օգտվում է Ապարանի ջրամբարից. դա միակ տարբերակն է, այլընտրանք չկա, իսկ մյուս հատվածը ոռոգվում է Սևանի ջրով՝ Արզնի-Շամիրամ ջրանցքով: Նախատեսվում է նոր ոռոգման ջրագիծ անցկացնել՝ մոտ 3-4 կմ, որով կլուծվի գյուղի այն հատվածի ոռոգման ջրի հարցը, որտեղ մինչ այս այդ խնդիրն առկա էր:

Տեղադրվել են 4 հակակարկտային կայաններ, ունենք ընդամենը 11-ը, եթե ևս երկուսը հնարավոր լինի տեղադրել, ապա որոշակի առումներով կապահովագրվենք կարկուտի վտանգից:

Ի՞նչ վիճակում են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, տարեկան որքա՞ն շրջանավարտ եք ունենում, և նրանք հետագայում որպես մասնագետ որևէ կերպ օգնու՞մ են հայրենի Կարբիին:

Դպրոցի վիճակը լավ է, միայն տանիքի որոշ հատվածի վերանորոգման պահանջ կա: Մանկապարտեզը գործում է, մոտ 150 սան ունի և գյուղապետարանի միջոցներով որոշակի մասով վերանորոգվել է. առաջին հարկի պատուհաններն ամբողջովին փոխված են, նոր են: Նախատեսվում է մնացած հատվածի վերանորոգումը ևս իրականացնել: Եվ՛դպրոցը և՛ մանկապարտեզը գազաֆիկացված են՝ ապահովված կենտրոնացված ջեռուցման համակարգով:

Ամեն տարի ունենում ենք մոտ 60-65 շրջանավարտ, որոնցից մոտավորապես 10-15 շարունակում են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գյուղում մասնագիտական աշխատատեղերն այնքան էլ շատ չեն, բայց կա, օրինակ, տնտեսագետի հաստիք: Հիմա բժշկի պահանջ ունենք, մի քանի անգամ առաջարկել եմ, որ գյուղապետարանը կհոգա բոլոր այն ուսանողների ֆինանսական հարցերը, ովքեր կցանկանան սովորել Բժշկական համալասարանում, որպեսզի հետագայում աշխատեն Կարբիում՝ որպես գյուղի, ընտանեկան բժիշկ: Ճիշտ է, ամբուլատորիա ունենք՝ մոտավորապես 15 հոգի անձնակազմով, որոնցից 4-ը բժիշկներ են, բայց բժշկի կարիք, այնուամենայնիվ, ունենք: Հուսով եմ, մոտակա 2-3 տարվա մեջ կլինեն երիտասարդներ, ովքեր ցանկություն կունենան կառուցելու իրենց ապագան հենց այս ուղղությամբ:

ՀՀ նախագահը նախընտրական որևէ խոստում ունեցե՞լ է համայնքի հետ կապված արդյո՞ք կատարել է դրանք:

Մեր նախագահն ինչ խոստում որ տվել է՝ լիովին կատարել է. ճանապարհների, գազաֆիկացման, ոռոգման համակարգի հարցերով է խոստում տվել և իրականացրել: Համայնքում կար մոտ 100-200 ընտանիքին վերաբերվող հողաշինարարական խնդիրներ (հողերը ստացել էին, բայց վկայականներ չունեին` հիմքերի բացակայության պատճառով), որոնք ևս, խոստմանը հավատարիմ, կատարվել են:

Կարբին հանրապետության եզակի համայնքերից է, որի բնակչության 95 տոկոսն իրենց ձայնն են տվել երկրի նախագահին՝ վստահելով նրան մինչ օրս:

Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում ի՞նչ աշխատանքեր են կատարվել Կարբիում:

Այս շրջանակներում կապիտալ ներդրումներ, հետևաբար նաև՝ հրատապ ծրագրով աշխատանքներ չեն կատարվել: Միայն մի տարի ժողովուրդը տուժել էր կարկտից, օգնություն է տրվել՝ կապված հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարի հետ:

Ընդհանուր առմամբ ի՞նչ խնդիրներ ունի Կարբի համայնքը և արդյո՞ք կան լուծման տարբերակներ:

Ես՝ որպես համայնքի ղեկավար առաջնային խնդիրներից մեկը համարում եմ սպորտային և մշակութային ոլորտի բացակայությունը, այսինքն՝ չունենք պայմաններ, որպեսզի երիտասարդները զբաղվեն սպորտով և մշակութային այլ ուղղություններով: Մեր հաջորդ տարվա՝ 2016 թ.-ի ծրագրերի հիմնական շեշտը դրվելու է նոր սպորտային համալիր և կից Մշակույթի տուն կառուցելուն: Ներկայումս ունենք գրադարան, Մշակույթի տուն, բայց դրանք ոչ բարվոք վիճակում են գտնվում, շենքերը շատ հին են և նույնիսկ նպատակահարմար չէ ներդրում անելու, վերանորոգելու, վերակառուցելու, նախևառաջ, նախագիծը ներկայիս ստանդարտենրին չի համապատասխանում: Կարբիին բնակելի տներով հարակից են Օհանավան մեծ համայնքը, Ուշին, Մուղնին, Աշտարակի թաղամասը, Աշտարակը, Սաղմոսավանքը, Արտաշավանը և տվյալ համայնքներում ևս չկա սպորտային կամ մշակութային որևէ կառույց. եթե հաջողվեր կառուցեինք վերոնշյալ համալիրը, ապա դա կծառայեր ոչ միայն Կարբիի բնակչությանը, այլ նաև այդ բոլոր համայանքներին ևս, որտեղ մոտ 150000 բնակիչ կա: Ես մեծ հույսեր ունեմ, որ մի քանի տարվա մեջ կարող ենք ունենալ և՛ աշխարհի չեմպիոններ և՛մեր դրոոշը տարբեր միջազգային հարթակներում բարձրացնող անձիք:

Պարոն Բաղդասարյան, կա՞ն աշխատանքներ, որ նախատեսել եք ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Ինչպես արդեն նշեցի՝ մինչև տարեվերջ ողջ գյուղը կապահովվի բնական գազով:

Այս ընթացքում վերանորոգել ենք գյուղապետարանը, եկեղեցին (ունենք գործող եկեղեցի, Երիցատուն), գյուղի կենտրոնը, հիմա հասարակական այգին ենք նորոգում, բարեկարգում, որը գոյություն ուներ, բայց շատ վատ վիճակում էր:

Ոռոգման համակարգում ևս աշխատանքներ են իրականացվում, դաշտամիջյան ճանապարհներ կառուցվում:

Գյուղի կենտրոնում կառուցվել է նմանօրինակը չունեցող մեծ հուշարձան-աղբյուր:

Զարգացրել ենք տուրիզմի բնագավառը. իմ քառամյա ծրագրերի հիմնական շեշտը հենց տուրիզմի վրա է դրված, որովհետև բոլոր առումներով ունենք այդ պոտենցիալը: Կարբիի ձորն ամբողջովին վերածվել է հանգստի գոտիների, նաև նոր տուրիստական վայրեր են կառուցվել: Համագործակցում ենք Ֆրանսիայի Լիոնի նահանգի ամենամեծ տուրիստական ընկերության հետ: Մյուս փուլում, քանի որ Քասախ գետն անցնում է Կարբիի միջով, նպատակ ունենք զարգացնել ջրային մարզաձևերը՝ սերֆինգը. այդպիսի բան Հայաստանում դեռևս չկա և մենք կլինենք միակը:

Էներգետիկ ոլորտում էլ են մեծ աշխատանքներ կատարվել. կառուցվել են նոր ՀԷԿ-եր: Այնքան շատ բաներ ենք արել, որ նույնիսկ հիմա մոռանում եմ ասել:

Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Կարբի համայնքում տարեկան ծնելիության թիվը գերազանացում է մահացությանը՝ մոտ 50 նոր կյանքի տարբերությամբ: Սա եզակի երևույթ է մեր հանրապետությունում: Երիտասարդացող, աճ, ձգտում, հույս ու լավատեսություն ունեցող համայնք է մեր Կարբին:

Վերջում, որպես ամփոփում, ի՞նչ կցանականայիք ավելացնել:

Կցանկանայի, որ մեր ազգակիցները զինվեն լավատեսությամբ, հույսով, հավատով և առաջին հերթին՝ մեր պետության, իշխանության նկատմամբ: Փրկությունը միասնության և հավատի մեջ է, առավել ևս մեր ազգի համար:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response