ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

Մենք իշխանիկներ չենք, մենք ծառայություն ենք մատուցում. Խաչփառի գյուղապետ

110.2kviews

Արարատի մարզի Խաչփառ գյուղի ղեկավար Ղազար Մարտիրոսյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:

Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս է այսօր ապրում Խաչփառ համայնքը, ի՞նչ աշխատատեղեր կան և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը:
Գյուղում գյուղացին ապրում է իր հողը մշակելով, բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խաչփառը քաղաքամերձ գյուղ է՝ մի մասը աշխատում են նաև քաղաքում, որոշներն էլ արտադրական ձեռնարկություններում: Բնակչության մեծ մասը իր հողը մշակելով է ապրում, ջերմոցային տնտեսություններ ունեն, զբաղվում են նաև անասնապահությամբ: Ի տարբերություն մյուս գյուղերի՝ Խաչփառում աշխատանքի համար բոլոր պայմանները կան:

Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու, ոռոգման ջրի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության հարցերը:
Փողոցային լուսավորության խնդիրը լուծված է 100 տոկոսով: Մինչև գիշերվա 11-12-ը, իսկ ամանորի օրերին՝ մինչև գիշերվա ժամը մեկը փողոցները լուսավորված են:
Խմելու ջրի հարցը լուծված է ամբողջությամբ՝ 24 ժամյա գրաֆիկով: Ոռոգման ջրի խնդիրն 80 տոկոսով է լուծված, այն մնացած 20 տոկոսն էլ ստորգետնյա ջրերի իջեցման հետ կապված խնդիրներն են: Այս տարի շատ մեծ ծրագիր է իրականացվում մեր տարածաշրջանում, բայց ընդհանրապես, մեծ հաշվով, ոռոգման ջրի խնդիր չկա:
Գյուղամիջյան ճանապարհներից այն, ինչը որ համայնքի ենթակայության տակ է՝ բարեկարգված է, խճապատված: Առանձին կտորներ, հատվածներ, դե գիտեք, ձմեռը քայքայվում են, որոշակի խնդիրներ են առաջանում: Դրանք էլ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Տեղեր կան, որտեղ խմելու ջրագծերը փոխել ենք, նոր խողովակներ ենք անցկացրել, դրանք էլ սովորական աշխատանքներ են, որ անընդհատ արվում են:
Գյուղում գործում է մանկապարտեզ՝ իր խաղահրապարակով, որտեղ հաճախում է 30 երեխա, և որն ապահովված է բոլոր պայմաններով: Աշխատում է կլոր տարի;
Կառուցել ենք նաև ֆուտբոլի մարզադաշտ:

Մշակույթի տունը վերանորոգման կարիք ունի:

Դպրոցում անցած տարի բավականին վերանորոգման աշխատանքներ ենք կատարել: 1-4-րդ դասարանի երեխաների համար ճաշարանը գործում է շատ որակով և մաքուր: Ծրագրի շրջանակներում կոնկրետ հենց 1-4-րդ դասարանցիների համար պարտադիր տաք ճաշ է մատուցվում՝ պահպանելով մաքրության և որակի բոլոր կանոններն անխտիր: Ես գտնում եմ, որ դա պարտադիր պայման է: Դա պետք է նաև բոլոր տեղերում ուշադրության կենտրոնում լինի, որովհետև բազմաթիվ թունավորումների պատճառը հաճախ հենց այս հարցերի անուշադրության հետևանքն են լինում:
Գյուղապետարանի շենքում գործում է գրադարանը:

Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:

Համայանքապետը ընտրվելուց առաջ խոստումներ չի տալիս, իմ կարծիքով յուրաքանչյուրը տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքով ընտրվելուց հետո հաստատում է համայնքի քառամյա ծրագիրը, որի բյուջեն կազմելիս նրա սուրբ պարտականությունն է շարժվել դրանով, այլ ոչ թե խոստումներ տալ ՝ առանց իմանալու: Խոստումներ տալիս են նրանք, ովքեր չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում տեղական ինքնակառավարում, բյուջե: Իմ տված ոչ թե խոստումների, այլ հաստատած քառամյա ծրագրով ինչ որ նախատեսած էր՝ մանկապարտեզի բացում, դպրոցի վերանորոգում, մարզադահլիճի, ճանապարհների կառուցում՝ կատարված է:

Կան խնդիրներ, որ միայն համայնքային բյուջեով չես կարող լուծել: Համայնքի ղեկավարի էությունը կայանում է նրանում, որ ճկուն և մտածող լինի, որ իմանա՝ որը որտեղից բերի, ստեղծի: Մեզ օգնել են նաև տարբեր կազմակերպություններից, որոշ անհատներ, ՌԴ-ում գտնվող գյուղի բնակիչները: Բոլորի հնարավորությունները պետք է օգտագործես, որ կարողանաս համայնքի խնդիրները կարգավորել, թե չէ մենակ համայնքային բյուջեի հաշվին չի կարող լինել:

Ասեմ նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, որոնց պարբերաբար օգնություն է տրվում:

Բոլոր պայմաններն այստեղ ստեղծված են, որ մարդիկ իրենց, այսպես ասած, անտեր չզգան, մարդ զգան: Տեղական ինքնակառավարումը դա մեր աշխատանքի էությունն է, որն ասեմ ինչում է կայանում. մենք իշխանիկներ չենք, մենք ծառայություն ենք մատուցում, իսկ այդ ծառայությունը ինչպես մատուցես, այդպես էլ կընդունվի ժողովրդի կողմից: Ծառայությունը լավ ես մատուցում ընդունվում ես ժողովրդի կողմից, իսկ եթե ոչ՝ ուրեմն ոչ. ամբողջ խնդիրը սա է: Յուրաքանչյուր համայնքապետ ընտրվելուց առաջ եթե մտածի, որ ինքը ընտրվում է ծառայություն մատուցելու համար, այդ խնդիրները ոչ մի տեղ չեն առաջանա: Ես գտնում եմ , որ մենք խնդիր չունենք, ավելի ճիշտ՝ ժողովրդի հետ խնդիր չունենք: Հրաշք, շատ լավ ժողովուրդ ունենք: Վատ ժողովուրդ չկա, կա վատ ղեկավար, վատ կազմակերպիչ: Եթե ղեկավարը լավ կազմակերպիչ է, ապա պրոբլեմներ երբեք չեն առաջանում:

Իսկ եթե համայնքը համերաշխ է, կարողանում ես ամեն ինչ էլ կազմակերպել:

ՀՀ նախագահի և կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում կամ նախագահի նախընտրական խոստումներից ի՞նչ ծրագրեր են իրականացվել Ձեր գյուղում:

Կոնկրետ գյուղի համար խոստում չի տվել, բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ նախագահից մի բան եմ խնդրում. ցանկանում եմ, որ պահպանվի խաղաղությունը, ամենակարևորը՝ Ղարաբաղի խնդիրը լուծվի: Մենք շատ լավ գիտակցում ենք , թե ինչ բարդ տարածաշրջանում ենք ապրում և այսօր ես կողմ եմ մեր վարած արտաքին քաղաքականությունը, անկեղծ եմ ասում: Մենք շրջապատված ենք թշնամիներով և այս բարդ տարածաշրջանի՝ նախագահի ճկուն, հավասարակշռված, հեռատես քաղաքականության արդյունքում՝ խաղաղ ենք ապրում:

Ամփոփելով, գլխավորապես ի՞նչ խնդիրներ ունի Խաչփառ գյուղը:

Խոսել Արարատյան դաշտավայրի մասին՝ դա նշանակում է՝ չկա ոռոգման համակարգ, մյուս տարվա համար այդ աշխատանքներն են նախատեսված ՝ ոռոգման , ներտնտեսային ցանցի կառուցում: Դա բավականին նոր ծրագիր է, և երբ դա էլ կառուցվի, ինձ թվում է, գյուղացին լիարժեքորեն ոչ մի խնդիր այստեղ չի ունենա:

Կա՞որևէ բան, որ կցանականայիք ավելացնել կամ գուցե որևէ մաղթա՞նք:

Ամանորին կուզեմ աշխարհին խաղաղություն մաղթել, որովհետև սա իմ վրա զգացել եմ: Կուզեմ բոլորին խաղաղություն լինի, դրանից թանկ բան աշխարհում չկա: Կուզեմ երբեք ոչ մի հայ իր բնօրրանից չտեղահանվի: Հայը թող միշտ ապրի իր երկրում, մի կտոր հացի համար աշխարհով մեկ չբռնի դեգերման ճանապարհը: Չկա աշխարհում Հայաստանից լավ տեղ: Աշխարհը ման եմ եկել, բայց մեր հողից անգին տեղ չեմ գտել: Այս Սուրբ հողի վրա ամուր պետք է կանգնել, այն մերն է: Իմ ժողովուրդը, մեր երկրի աղջիկները, մեր հայերը ամենալավն են, սա մերն է, այստեղ մեզ ոչ ոք մի աչքով չի նայի:

Կուզեմ մեր մայրերի ու քույրերի աչքերից երբեք անժամանակ արցունքներ չհոսեն, իսկ եթե, Աստված մի արասցե, արտասվեն էլ՝ ուրեմն միմիայն երջանկության համար:

Առողջություն մեր ժողովրդին: Ծանր պայմանները ժամանակավոր երևույթ են:

Թող 2015թ.-ը խաղաղության և աշխատանքի տարի լինի:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response