2015թ.-ը շրջադարձային կլինի. Է. Հակոբյան

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ղեկավարի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:

Պարոն Հակոբյան, պատմեք մի փոքր Մարմարաշեն գյուղի առօրյայի մասին, ինչո՞վ են զբաղված մարդիկ, ի՞նչ աշխատատեղեր կան:

Գյուղում չկան արտադրամասեր, մարդիկ զբաղվում են հողագործությամբ և որոշ չափով էլ անասնապահությամբ, շատերը ոռոգման ջրի պատճառով չեն մշակում իրենց հողերը, չեն կարողանում անգամ իրենց գոյությունը պաշտպանել: Հարյուրավոր հեկտարներ չեն մշակվում՝ միայն ու միայն ոռոգման ջրի պատճառով: Երևանում ևս աշխատողներ կան:

Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու ջրի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության խնդիրները և առհասարակ ի՞նչ խնդիրներ ունի Մարմարաշեն համայնքը:

Խմելու ջրի հարցը լուծված է, բոլորը 12-14 ժամյա գրաֆիկով ապահովված են մշտական ջրամատակարարմամբ: Մեզ սպասարկում է Մասիսի ջրմուղը: Բայց վթարներ են լինում, որ ամիսներով չեն գալիս վերանորոգելու:

Անցած տարի գյուղապետարանի և բնակիչների ուժերով 4 փողոց ասֆալտապատեցինք: Այս տարի այդ հնարավորությունը չկար և դրա համար աշխատանքներ չենք տարել, բայց հիմնական փողոցները գրունտային են և ասֆալտապատ չեն:

2009թ.-ին կենտրոնական և 7 գյուղամիջյան փողոցներ ապահովել ենք լուսավորությամբ: Արդեն 2014թ.-ին գումարի սղության պատճառով աշխատանքները դադարեցվեցին: Բոլոր փաստաթղթերն ունենք, պարզապես գումար չունենք:

Գյուղում կա մի մեծ, գլոբալ խնդիր, որը շատ ցավալի է և ուզում եմ նորից այն վերհանել . հյուսի-հարավ մայրուղու կառուցման ժամանակահատվածում մենք կտրվում ենք Մասիս քաղաքից, մեր հողօգտագործողները կտրվում են իրենց հողերից, չեն կարողանում մշակել, մոտ 250 հեկտար հողեր ուենք մայրուղու աջ մասում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է եղել կամուրջի կառուցումը: Բարձրացրել ենք այդ հարցը մինչև նախարարություն և դրական արձագանքներ ենք ստացել, հիմա սպասում ենք կառուցման աշխատանքների սկսվելուն:

Այդ մայրուղու վրա բազմաթիվ վթարներ են լինում, օր չկա, որ պատահար չլինի: Այս ամենից խուսափելու միակ տարբերակը կամուրջի կառուցումն է:

Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:

Ես խոստումներ չեմ տալիս, ես վերընտրվում եմ և արդեն յոթերորդ անգամ: Կազմում եմ քառամյա ծրագիր, որը հաստատվում է ավագանու կողմից: Այդ ծրագիրն ընթացքի մեջ է: Ասեմ, որ նույն այդ խմելու ջրի, լուսավորության, նոր թաղամասերի փողոցների կարգավորման, բարեկարգման խնդիրներն արդեն ընթացքի մեջ են, կատարվել են, կատարվում են և դեռ երկու տարի ունենք քառամյա ծրագիրն ավարտին հասնելու համար:

ՀՀ նախագահի և կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում կամ նախագահի նախընտրական խոստումներից ի՞նչ ծրագրեր են

իրականացվել Ձեր գյուղում:

2008թ.-ին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը հենց մեզ մոտ հանդիպում ունեցավ և այսօր կատարված է մանկապարտեզ կառուցելու իր խուստումը: 2012թ.-ին մեր մանկապարտեզը շահագործման հանձնվեց և հիմա գործում է, որի համար շատ շնորհակալ ենք մեր նախագահից:

Իսկ ի՞նչ կասեք դպրոցի մասին:

Դպրոցում վերանորոգման աշխատանքներ են կատարվում , արդեն ընթացիկ տարում լոկալ ջեռուցման խնդիրը լուծվեց, դրանից առաջ տանիքը վերանորոգվեց, պատերի, լուսամուտների հարցը լուծվեց: Երևի եկող տարի վերանորոգման հարցն էլ կլուծվի: Դպրոցն էլ մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, որի համար ևս շատ շնորհակալ ենք:

Ասեմ նաև, որ գյուղում ունեք եկեղեցի՝ Սուրբ Գևորգը: Ունենք նաև հուշահամալիր՝ արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված:

Ժամանցային որևէ հաստատություն ունե՞ք:

Ունենք Կուլտուրայի տուն, որը շատ անշուք վիճակում է, հին շենք է՝ անմխիթար պայմաններով: Այն չի գործում, քանի որ շենքը վթարային է, պայմաններ չունենք, որ կարողանանք վերանորոգել, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ նորը կառուցել:

Կա՞ որևէ բան, որ կցանականայիք ավելացնել կամ գուցե որևէ մաղթա՞նք:

Քանի որ տարեմուտ է, Ամանոր է, ես կցանկանայի ազգաբնակչությանը հին տարին փակել լավ ցուցանիշներով և դիմավորել նոր տարին բարձր տրամադրությամբ և լավ տրամադրվածությամբ: Մի քիչ համբերություն մեզ, հուսով եմ, որ ապագան լավ կլինի, 2015թ.-ը շրջադարձային կլինի: Սպասենք հաջողությունների:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com