Անթև թիթեռը…

Պատուհանի գունատ հայացքի միջով սևեռվել էր նա դեպ անապակ երկնի լուրթ խավարի անսահմանություն, թաքուն երանությամբ հետևում էր չարաճճի աստղերի սիրատոչոր խաղին ու երազում թևեր առնել ու ճախրել այնտեղ, դառնալ մեկը անհոգ աստղերից: Երբ հանկարծ քունն իջավ նրա բանտարկված զույգ աստղիկներին ու ջերմ կոպերը քնքուշ փակվեցին, պատուհանի թախծոտ երեսին ժպիտ իջավ խորհրդավոր, շիկնեց, ապա ճերմակեց, ճեղքվեց, հետո պայթեց, բյուր գույներ գրկեցին իրար ու միաձուլվեցին… Վայրկյաններ անց պատուհանն այն՝ գունատ երեսով, վերափոխվել էր հեքիաթային մի դռնակի, իսկ նա մանուկ էր կրկին՝ իր մանկության սիրելի զգեստով, որ այն ժամանակ անվանում էր թիթեռնիկի շոր… Դռնակից ներս քայլեց փոքրիկն ու հայտնվեց երանելի երկնի անսահմանության մեջ: Նիրհել էին աստղիկները չարաճճի, իսկ նրանց տեղում թիթեռներ էին բազում. մեկը ճերմակ, մյուսը՝ դեղին, մեկ ուրիշը՝ բազմագույն, մեկն էլ պուտավոր… նրանք շարունակում էին խաղը աստղերի: Վազեց փոքրիկն աջ, ձախ, ապա թավալվեց փափուկ ամպիկների ապահով գրկում… արձագանքում էր նրա զնգուն ծիծաղը հեքիաթային այդ թագավորությունում : Հանկարծ ամպիկի ծվենի վրա նա նկատեց մի ճերմակ թիթեռ՝ աստղաձև պուտերով: Անթև էր թիթեռն այդ չքնաղ: Ո՞վ էր զրկել նրան թևից ու թռիչքից… Ցավեց փոքրիկը, մոտեցավ, առավ նրան իր ափի մեջ ու շոյեց քնքուշ: Ուզում էր օգնել, նվիրել նրան իր մի օր կյանքը, բայց ինչպե՞ս, որտեղի՞ց… Նայեց երկնքին, ուր մի լուրջ ամպիկ բմբուլե գրիչով իր խոսքն էր գեղանկարում երկնակամարում. << Այդ թիթեռի թռիչքը բարձր էր ու կտրուկ, արագ ու փութկոտ: Թռիչքի ճամփին, երբ նա արբել էր աստղերին հասնելու խենթ մոլուցքով ու կորցրել զգոնություն ու խելք, ամպրոպ սկսվեց ուժգին, կայծակը դաժան շանթահարեց նրան ու զրկեց թևից ու թռիչքից>>: Մոլորվեց փոքրիկը մտքերում թախծոտ, փակեց աչքերն ու… Պատուհանի գունատ երեսին քրտինք էր պատել, իսկ դրանից այն կողմ ամպերը հանդարտ լողանում էին արևացնցուղի ներքո, աստղերը հեռացել էին մինչ հաջորդ գիշեր, իսկ թիթեռնիկների հեքիաթային թագավորության դռնակը մնացել էր իր երազների աշխարհում:
Նա վերցրեց մատիտ ու մահճակալի դիմացի պատին նկարեց մի մեծ թիթեռ՝ աստղաձև պուտերով, անթև մի թիթեռ, ու վրան գրեց անթև թիթեռի թևավոր խոսքը. <<Երազանքի թռիչքի ճամփին թե դու արբես, անթև թիթեռի բախտից կունենաս>>:

Անահիտ Հակոբյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com