Ինքնաճանաչողականությունը՝ ազգային մշակույթի զարգացման հիմք

Հաճախ խոսում ենք այն մասին, որ Հայաստանի ներկա օրերի մշակութային քաղաքականությունը գտնվում է ճգնաժամային վիճակում: Որպեսզի կարողանանք հասկանալ նմանատիպ բնորոշման պատճառը, նախ և առաջ եկեք վերհիշենք այն դեպքերը, այն հայ հանճարներին, որոնց գործունեության արդյունքում հայկական մշակույթը կարողացավ իր թռիչքը տարածել ամբողջ աշխարհի վրա, հասկանանք այդ անհատների գործելաոճն ու գաղափարական մտածելակերպի տեսակը: Փորձենք գտնել այն ելակետը, այն հիմքը, որը անկախ ժամանակաշրջանից հնարավորություն է տալիս ձևավորել ազգային մշակույթի, մտածելակերպի նոր տեսակ, նոր մոտեցում:
Թվելով մի քանի ազգանվեր գործիչների՝ ես կտամ իմ ընկալումներն ու դատողությունները նրանց, անխոս, մեծամասշտաբ գործունեության հաջողության վերաբերյալ:
Ես կխոսեմ մի քանի բնագավառների շուրջ, սակայն նույն խնդիրը կա և նույն սխեման է գործում նաև մնացած ասպարեզներում:
Երգարվեստում մենք ունեցանք այնպիսի մի հանճար, որի ձայնը տարածվեց մի շարք եվրոպական դահլիճներում ու ամբողջ աշխարհին ճանաչել տվեց այն փոքր երկիրը, որը կոչվում է Արմենիա, Հայաստան: Խոսքս Ամենայն հայոց վարդապետ Կոմիտասի մասին է: Եկեք մի կողմ թողնենք այն փաստը, որ Կոմիտասը ծնվել ու մեծացել է Անատոլիայում, քանզի այդ ժամանակահատվածում Անատոլիայի հայությունը իր թվաքանակով, եթե չէր գերազանցում, ապա պակաս էլ չէր հենց Հայաստանի հայությունից: Իսկ ի՞նչ արեց Կոմիտասը, ինչու՞ ամբողջ հայության կողմից նա ստացավ Ամենայն հայոց վարդապետ պատվո կոչումը: Հայկական երգարվեստի բնագավառում Կոմիտասը կատարեց հավաքչական աշխատանք: Նա հավաքեց ու մշակեց ժողովրդական երգերի ավելի քան երկու հազարը: Այսինքն, ապրելով Հայաստանից դուրս՝ նա երգեց հայ գյուղացու, պարզ աշխատավոր մարդու երգը: Ինչու՞ նա չփորձեց գնալ դեպի եվրոպական մշակույթ, այլ վերդարձվ իր ակունքներին: Ինչու՞: Քանի որ հասկացավ որ սեփականը թողնելով ու ընկնելով օտար արժեքների հետևից՝ նա չի կարողանա ազգային մշակույթ ստեղծել: Հասկացավ, որ հայ գյուղացուն չպետք է և չի կարելի կտրել իր հող ու ջրից, իր ամենասովորական առօրյայից:
Սակայն Կոմիտասը չբավարարվեց այսքանով: Նա սկսեց դասավանդել մանուկներին, որոնք պիտի լինեին իր գաղափարի կրողն ու շարունակողը:
Գրականության մեջ նմանատիպ գործելակերպ ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանը: Նա նույնպես չհեռացավ հիմքից: Նա նույնպես երգեց հայկականը, գյուղի առօրյան, գյուղացու ֆիզիկական ու հոգեկան ապրումները այս կամ այն իրավիճակում: Իր պոեմների ու բանաստեղծությունների մեջ նա երգեց հին հայկական սովորույթներն ու ավանդույթները և դրանով իսկ դարձավ ընդունելի, դարձավ Ամենայն հայոց…
Կարդալով Թումանյանի պոեմները՝ մենք գործ ունենք ոչ միայն սյուժեի, գործողության զարգացման, կերպարային բազմազանության հետ, այլ նաև մեր սովորույթների ու ծիսակատարությունների, որոնք բանաստեղծական տողերում դառնում են ճանաչելի ու հասկանալի նույնիսկ այն մարդու համար, ով որևէ պատկերացում չունի դրանց մասին:
Գալով նորագույն շրջան՝ մեր առջև տեսնում ենք մի քանի գրողների, ովքեր եղան շարունակող օղակը այն մեծ շղթայի, որը կոչվում է հայ գրականություն: Նորագույն գրականության հիմնադիրն է համարվում Եղիշե Չարենցը, նրան շարունակելու են գալիս Շիրազը, Սևակը և այլոք: Մարդիկ, ովքեր դարձան նոր ձևավորվող սերնդի ուղենիշներն ու ուղեկիցները:
Համեմատելով երկու չափազանց տարբեր գրողների, ինչպիսիք են Չարենցն ու Սևակը՝ տեսնում ենք բավականին հետաքրքիր զուգադիպություն. երկու հեղինակներն էլ իրենց ստեղծագործական տարիների ընթացքում եկան հանգեցին այն կետին, որ << Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի, Սայաթ – Նովի դրախտային, անմահական խաղն է էլի: >> Բերածս օրինակում Սայաթ – Նովան պայմանական նկատառում ունի:
Նույն Սևակը նայելով հետ՝ գրեց իր հանճարեղ գործերից մեկը նվիրված Կոմիտասին — << Անլռելի Զանգակատուն >>-ը:
Մենք սիրում ու մեծարում ենք մեր հանճարներին, սակայն միշտ չէ, որ հետամուտ ենք նրանց դատողություններին ու խորհուրդներին:

<< Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա, Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա…>>

Մի՞թե այս մի քանի տողում չէ այն ամբողջ ճշմարտությունը, որը հիմա մենք այդպես ջանասիրաբար փնտրում ենք – շատ հաճախ սխալ տեղերում: Մի՞թե չենք կարող հասկանալ այն պարզ բանաձևը, որի վառ օրինակներն են վերոհիշյալ անունները, որ առաջ գնալու, նորը ստեղծելու համար պետք չէ ձգտել օտարն ու անծանոթը, այլ պետք է ճանաչել ունեցածը, հասկանալ ու գնահատել եղածը, հետո նոր ստեղծել նորը:
Սակայն ցավոք մենք պարզապես չիմանալով մերը՝ տարվում ենք օտարներով և հետո զարմանում ենք՝ հայտնաբերելով, որ այս կամ այն գաղափարը, միտքը ասված օտար որևէ մեկի կողմից, արդեն ժամանակին ասված է եղել մեր, հայ մտավորականների շուրթերով:
Մենք ուսումնասիրում ենք եվրոպական փիլիսոփաներին, հիանում ենք նրանց դատողություններով, այնինչ ծանոթ չենք մեր Դվիթ Անհաղթին, թե ինչու՞ կոչվեց անհաղթ, մկանների , թե՞ մտահորիզոնի լայնության պատճառով…
Նույն պատկերն ենք տեսնում աստղագիտության ոլորտում. Ջորդանու Բրունոն և Գալիլեո Գալիլոյը երկրի կլոր լինելու մասին խոսում էին տասնվեցից տասնյոթերորդ դարերում, այնինչ դեռևս յոթերերդ դարում Անանի Շիրակացին իր << Աշխարհացույց >> աշխատության մեջ արդեն իսկ խոսում էր դրա մասին, որպես փաստ:
Այս է խնդիրը: Չուզենալով ճանաչել մեզ՝ ցանկանում ենք զարգանալ, ինչի արդյունքում տուժում է ազգային մշակույթը՝ խառնվելով օտար մարմիններին: Եթե չկա սովորելու ցանկությունը, ուսումնասիրելու, հասկանալու սեփականը, հետո արդեն ուրիշինը, եթե ամեն տեղ տիրում է ստուդիականությունը, կիսատությունը, ապա էլ ինչպե՞ս պիտի զարգանա ու բարելավվի այն մարմինը, որը ազգային մշակույթ անունն է կրում: Այս տեսակ ճանապարհն իրենից ներկայացնում է փակուղի, որի առջև կանգնած՝ դառնում ենք ինչ-որ եվրո-դոլարային արժեքների որդեգիրն ու ջատագովը, եվրոպական կեղծ ժպիտով ու ամերիկյան երազանքներով լցված՝ դժգոհում ենք մեր ժամանակների << Թիֆլիսցի կինտոներից >> …
Իմ համոզմամբ ներկա օրերում կաղում է ազգային ինքնաճանաչողականությունը: Եվ եկե՛ք համաձայնեք, որ չիմանալով ինքներս մեզ, չենք կարող որևէ արժեքավոր, իրեղեն նյութ ստեղծել, դրա իրավունքն էլ չունենք:
Եկեք հասկանանք, որ ոչ թե ինքներս մեզ փնովելով, կամ գովաբանելով պիտի առաջ գնանք, այլ մեզ հասկանալով, մեզ հետ ծանոթանալով ու ի վերջո մեզ ճանաչելով:
Այս տեսակ աշխատանքն ինչքան էլ պարզ, այնքան էլ դժվարին է կիրառության հարցում: Ինչքան էլ համընդհանուր, նույնքան էլ անհատական է իր դրսևորման մեջ: Եկեք հասկանանք, որ ազգի մշակույթը սկսվում է նաև մեզնից՝ յուրաքանչյուրիցս, հետևաբար եկեք հղկենք ինքներս մեզ, եկեք ուրեմն հանենք մեր դարավոր զինապահոցից բոլոր զենքերը, մաքրենք վրայի փոշին ու քայլենք դեպի նոր նվաճումներ:

Նորիկ Հերգնյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com