1915 թվական…Բայց չէ՞ որ դա էլ գարուն էր, մեր ծառը նորից կարող էր փթթել

Տաղանդը տարիք չի հարցնում, ու հատկապես երբ այդ տաղանդը դրսևորվում է արյան մեջ ի ծնե ներարկված ազգային ցավով… Սաթենիս` իմ զգայուն, խորը~ հոգու տեր 15-ամյա քույրիկի դպրոցական շարադրությունը, որը կարդալուց հետո տևական ժամանակ ողջ մարմինս սարուռի մեջ էր, հոգիս` տակնուվրա եղած…. պարզապես չէի կարող այն չհանձնել ձեր ընթերցումին…

Անահիտ Հակոբյան

***
1915 թվական… Չորս թիվ, որոնք հուշում են տարեթիվ` սգի տարեթիվ, ողբի տարեթիվ, խաղաղությունը խախտած անիրավության տարեթիվ : Հասարակ չորս բառ, որոնք հիշելիս բորբոքվում են արդեն ընտելացած, բայց ո’չ սպիացած վերքերը:
Արցունքներ, ճիչեր, աղմուկ-աղաղակ: Սրի ու արժանապատվության բախում` ողբալի պարտություն, հոգևոր հաղթանակ: Արցունքից գոյացած գետեր ու լճեր, աղոթքի մրմունջներ` անավարտ մնացած, մեկ ու կես միլիոն գոյություն ոչնչացված, մեկ ու կես միլիոն գոյություն կայացած կամ չդրսևորված: Հազարավոր մանուկներ դեռ լույս չտեսած, միլիոնավոր երազանքներ տենչած, բայց չիրականացած:
Կարո~տ: Օդի կարոտ, ջրի կարոտ, իսկ փոխարենը` մեկ ու կես միլիոն արյան ծով:
Խավա~ր, լռությու~ն, դատարկությու~ն…Ինչ-որ բան զգալու անհագ ցանկությու~ն: Ահա, թե ինչ էր զգում այն հայ մահկանացուն, որը գոյատևել էր գոնե ֆիզիկապես:
Ո՞վ էր մեղավոր: Անմեղ մարդի՞կ, թե՞ բախտի անիվը: Միգուցե այդպե՞ս էր նախատեսված:
Ո’չ, ամենևի’ն: Այդ վայրագներն էին , որոնք մեկ ու կես միլիոն անգամ հեռու են մարդ կոչվելու պատվից: Նրանք հեշտությամբ փոխեցին մի ամբողջ ազգի կարգավիճակ, նրանք մշտական հավատարմության պայմանագիր կնքեցին անիրավություն կոչվածի հետ:
Մեծ է հայի վիշտը, մեծ է անհամար տիեզերքից, բայց հայը իր հոգին սպրդած փափագ ունի` հատուցման փափագ, որին ակամա հանդուրժում է: Հանդուրժում է, բայց չի մոռանում: Ինչու՞ էր մարդկությունը այդքան չարացել, ինչու՞ էր հայը այդքան խեղճացել, ինչու՞ այդ չարագույժ հեքիաթում չարը հաղթեց բարուն: Հաղթե՞ց… Իսկ մի՞թե դա հաղթանակ էր, մի՞թե դա էր բոլոր ինչուների պատասխանը: Մի՞թե արդարությունն այսքանը հանդուրժեց, կուրորեն լռեց:
Մտորումների մեջ մոլորված առաջացավ երկընտրանք ինքս իմ մեջ: Արիությունս բղավում էր.
-Արթնացի’ր քնից, թե չե կործանիչ երազդ կլափի հոգիդ` այդ անմեղ հոգիդ, որին անիրական էր թվում ամենը այս: Արթնացի’ր հայ ազգ, վերցրու սրեր ու թրեր և պաշտպանիր զավակներիդ, ապագա սերնդիդ:
Ապա զարհուրած միջամտեց բանականությունս.
-Բնա’վ, սրով ու թրով հարց չի լուծվի: Երբ կայծակը դիպչի սրիս, ես ինքս կտուժեմ:

Արտահայտվեց նաև քրիստոնյա հոգիս.
-Մի փոքր էլ հանդուրժիր, իմ բարի’ բարեկամ: Այդ մեղսագործների դատավճիռը հեռու չէ կնքումից, իսկ քո կյանքը նոր է սկսվում: Աշխարհը նոր է սկսում տարբերակել չարն ու բարին:
Հոգուս թելադրանքը դարձավ ուղեցույց: Եվ մեզ հաջողվեց: Ո՞վ կպատկերացներ: Հարյուր գարուն մեզ նոր շունչ տվեց, հարյուր ամառ մեր կյանքը լուսավորեց, հարյուր աշուն մեր հոգում սերենադ նվագեց, հարյուր ձմեռ…Հարյուր ձմեռ մաքրեց արյան հետքերը:
Հիմա մենք ազատ ենք, անկախ, խաղաղ: Եվ մենք ուժեղ ենք, ասես օժտված ենք գերբնական ձգտումով: Մենք պայքարեցինք ու հասանք այսօրվա ջերմացնող արևին, ծաղկազարդ դաշտերի թովիչ բույրին:
Մենք մի ծառ էինք, որի ճյուղերը կոտրվեցին ամպրոպից, բայց հարազատ հողում մեզ բավական էր միայն մի կաթիլ ջուր ու մի բուռ արև: Մենք ոտքի կանգնեցինք: Մեր ծառի վրա ծաղիկներ ծաղկեցին ու փթթում են հիմա: Մեր ծառը նման չէ մյուս ծառերին: Այն մեղմ է, քնքուշ, դրախտային, բայց չարագույժ ամպրոպին այլևս երբեք չի հաջողվի կործանման հասցնել նրան: Այն արմատներ ունի դարերից եկած, այն սնվել է հավատի լույսով ու շնչել օդը հույսի:
Բայց չէ՞ որ դա էլ գարուն էր, մեր ծառը նորից կարող էր փթթել: Ավա~ղ, արյան լճում ծաղիկներ չեն աճում: Դար ասվածը հեռու չէ իրականությունից: Հարյուր տարի, մեկ դար… Մի՞թե հայի սիրտը այսքան հանդուրժեց, համբերատար սպասեց: Մի՞թե ամեն ինչ անցավ ու սպիացավ, մի՞թե սա էր ավարտը անավարտ վրեժի: Հանդուգն նենգություն, խայտառակ կեղծավորություն` ճշմարտի պիտակավորմամբ: Մի՞թե սա էր արդարությունը:
Ո’չ: Մենք հիշու’մ ենք, մենք պահանջու’մ ենք, մենք հավատու’մ ենք: Մենք հա’յ ենք, մենք մի ընտանիք ենք, մենք մի բռունցք ենք, որը մարտում հեշտորեն չի հանձնվում: Բայց մենք արդար ենք, մենք մա’րդ ենք, մենք քրիստոնյա ենք…
ՀԱՎԱՏԻ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՇՆՉՈՒՄՈՎ` ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ:

Սաթենիկ Հակոբյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com