Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» (համառոտ). Կիրակնօրյա ընթերցումներ

Բուենդիա ցեղի հիմնադիրները՝ Խոսե Արկադիոն և Ուրսուլան ազգականներ են: Ծնողները վախենում էին, որ նրանց երեխան խոզի պոչ կունենա: Ուրսուլան գիտի ինցեստուալ ամուսնության վտանգների մասին: Բայց Խոսե Արկադիոն նման հիմարություններին ուշադրություն չի դարձնում: Մեկուկես տարի Ուրսուլան կարողանում է ամուսնության մեջ կույս մնալ: Նորապսակների գիշերները լի են հոգնատանջ պայքարով, որը փոխարինում է սիրո վայելքին: Աքաղաղների կռիվների ժամանակ Խոսե Արկադիոյի աքաղաղը հաղթում է Պրուդենսիո Ագիլարի աքաղաղին և վերջինս սկսում է ծաղրել մրցակցին, նրա տղամարդկային արժանիքները, քանզի Ուրսուլան դեռ կույս է: Խոսե Արկադիոն տանից բերում է նիզակը և սպանում Պրուդենսիոյին, իսկ հետո, նույն նիզակով սպառնալով Ուրսուլային՝ ստիպում է նրան կատարել ամուսնական պարտքը: Նրանց սկսում է հետապնդել արնոտ Ագիլարի ուրվականը: Որոշում են տեղափոխվել նոր բնակավայր: Խոսե Արկադիոն սպանում է իր բոլոր աքաղաղներին, թաղում է նիզակը և համագյուղացիների հետ լքում գյուղը: Մեկուկես տարվա թափառումներից հետո գետի մոտ հիմնում են Մակոնդո գյուղը: Խոսե Արկադիոն այրվում է աշխարհը ճանաչելու կրքից: Նրան ամենից շատ գրավում են այն հրաշալիքները, որ բերում են տարին մեկ Մակոնդո այցելող գնչուները՝ մագնիս, խոշորացույց, նավարկության տարբեր սարքեր: Գնչուների առաջնորդ Մելկիադեսից նա իմանում է ալքիմիայի գաղտնիքները: Հետագայում կորցնելով այդ ամենի նկատմամբ հետաքրքրությունը՝ հարևանների հետ զբաղվում է գյուղի բարեկարգմամբ: Գյուղում չկա գերեզմանոց, որովհետև այստեղ ոչ ոք չի մեռնում: Ուրսուլան զբաղված է շաքարաքլորների եկամտաբեր արտադրությամբ: Սակայն Բուենդիաների տուն անհայտ տեղից եկած Ռեբեկայի հայտնվելուց հետո, որին նրանք որդեգրում են, Մակոնդոյում սկսվում է անքնություն: Նախ բոլորը տրվում են պարապության: Հետո բոլորն ընկնումե ն մոռացության մեջ, անգամ սկսում են մոռանալ առարկաների անունները, ահա ինչու, որոշում են ցուցանակներ ամրացնել առարկաների վրա: Խոսե Արկադիոն ուզում է հիշողության մեքենա ստեղծել, և նրան օգնում է թափառական գնչու Մելկիադեսը՝ իր կախարդական թուրմով: Նրա գուշակությամբ Մակոնդոն կանհետանա երկրի երեսից, և նրա տեղում կհայտնվի փայլուն քաղաք՝ մեծ շինություններով, որտեղ չի լինի Բուենդիաների հետքը: Խոսե Արկադիոն չի ուզում հավատալ դրան: Բուենդիաները կլինեն միշտ: Մելկիադեսը ծանոթացնում է Խոսե Արկադիոյին ևս մի կախարդական հայտնագործության հետ, որը ճակատագրական դեր կխաղա նրա կյանքում: Խոսե Արկադիոյի ամենահանդուգն ցանկությունն է պատկերել Աստծուն դագերոտիպիայի միջոցով, որպեսզի գիտականորեն ապացուցի նրա գոյությունը: Ի վերջո, Խոսե Արկադիոն խելագարվում է և անց է կացնում իր վերջին օրերը մեծ շագանակենուն գամված:

Խոսե Արկադիոյի առաջնեկի մեջ մարմնավորվել է հոր ագրեսիվ սեռականությունը: Նա ծախսում է կյանքը անթիվ թափառումների մեջ: Մյուս որդին՝ Աուրելիանոն, որն ավելի իներտ է, յուրացնում է ոսկերչի արհեստը: Այդ ընթացքում գյուղն աճում է և դառնում քաղաք: Աուրելիանոյի երևակայությունը գրգռում Էկորեխիդորի դուստր Ռեմեդիոսը: Իսկ Ռեբեկան և Ուրսուլայի մյուս դուստրը՝ Ամարանտան, սիրահարվում են մի իտալացու՝ պիանոլաների վարպետ Պետրո Կրեսպիին: Տան մեջ վեճեր են, բայցի վերջո Ռեբեկան նախընտրությունը տալիս է Խոսե Արկադիոյին, որին ճակատագրի հեգնանքով սպասում է ընտանեկան խաղաղ կյանք կնոջ փեշի տակ և գնդակ, որն արձակել էր անհայտ մեկը, հավանաբար, հենց կինը: Ռեբեկան դատապարտում է իրեն մեկուսացման՝ ողջ-ողջ թաղելով իրեն տանը: Ինչ վերաբերում է Ամարանտային, ապա սա հրաժարվում է սիրուց և սկսում է կյանքի վերջում իրեն սավան գործել. այդպես էլ հանգչում է: Երբ Ռեմեդիոսը մահանում է երկունքի ժամանակ, Աուրելիանոն հուսաբեկ ընկնում է տրտմության մեջ: Սակայն իր աներոջ կեղտոտ մեքենայություններն ընտրությունների ժամանակ ստիպում են նրան պատերազմ գնալ և պաշտպանել լիբերալների շահերը, չնայած որ քաղաքականությունը նրան թվում է վերացական ինչ-որ բան: Պատերազմում նա կորցնում է հավատը կյանքի հանդեպ:

Ուրսուլայի թոռը՝ Արկադիոն՝ դպրոցի ուսուցիչը, պատերազմի տարիներին նշանակվում է Մակոնդոյի կառավարիչ և դառնում տեղական մասշտաբի բռնապետ: Քաղաքում իշխանության հերթական փոփոխության ժամանակ նրան գնդակահարում են պահպանողականները:

Աուրելիանո Բուենդիան դառնում է հեղափոխական ուժերի առաջնորդը, սակայն հասկանում է, որ կռվում է միայն սնապարծությունից և որոշում է ավարտել պատերազմը՝ ինքն իրեն ազատելու համար: Վերադառնում է տուն և ապրում կատարյալ միայնակության մեջ՝ պատրաստելով զմրուխտե աչքերով ոսկե ձկնիկներ:

Մակոնդո է գալիս քաղաքակրթությունը՝ էլեկտրականությունը, երկաթգիծը և կինոն: Քաղաքը վերածվում է տոնավաճառի և հասարակաց տան: Տեսնելով փոփոխությունները՝ նորից նետվում է պատերազմի: Նրա տասնյոթ որդիները տասնյոթ տարբեր կանանցից սպանվում են նույն օրը: Դատապարտված լինելով մնալ անապատային մենության մեջ՝ նա մեռնում է տան բակի հզոր շագանակենու տակ:

Ուրսուլան անհանգստությամբ դիտում է հետնորդների խելահեղությունները: Նրա կարծիքով՝ Բուենդիաներին քայքայում են պատերազմը, կռվող աքաղաղները, անկյալ կանայք և ցնորքները: Նրա ծոռները՝ Աուրելիանո երկրորդը և Խոսե Արկադիո երկրորդը, չեն ժառանգել ընտանիքի և ոչ մի առաքինություն: Ծոռնուհու՝ Ռեմեդիոս Գեղեցիկի հմայքը մահ է տարածում, իսկ ինքը՝ աղջիկը ընդունակ չէ սիրո: Աուրելիանո երկրորդն ամուսնանում է արիստոկրատուհի Ֆերնանդե դել Կարպիոյի հետ: Բայց շատ ժամանակ է անցկացնում սիրուհու՝ Պետրա Կոտեսի մոտ: Խոսե Արկադիո երկրորդը բազմացնում է կռվող աքաղաղներ և սիրում է ֆրանսիական հետերաներին: Նրա հոգում շրջադարձ է տեղի ունենում, երբ հրաշքով փրկվում է գնդակահարությունից: Փրկվում է Մելկիադեսի լքված սենյակում և տրվում  խորհրդավոր մագաղաթների ուսումնասիրությանը: Նրա աչքերում եղբայրը տեսնում է նախապապու անուղղելի ճակատագրի կրկնությունը:

Մակոնդոյում անձրև է սկսվում, որը տևում է չորս տարի տասնմեկամիս և երկու օր: Անձրևից հետո մարդիկ ընկնում են մոռացության մեջ: Ուրսուլայի կյանքի վերջին տարիները մթագնում է պայքարը Ֆերնանդայի հետ, որը ընտանիքի կյանքի հիմնական գիծ է դարձնում սուտը և երեսպաշտությունը: Նա դաստիարակում է որդուն պարապուրդի մեջ, կուսանոց է ուղարկում արհեստավորի հետ մեղսագործած դստերը՝ Մեմեին: Մակոնդոն ամայանում է, և այդ մեռած քաղաք է գալիս Խոսե Արկադիոն՝ Ֆերնանդայի որդին: Նա իր դատարկ տոհմական տանը գտնում է ապօրինի ազգականին՝ Աուրելիանո Բաբիլոնյային: Ինքը Արկադիոն տրվում է սիրային արկածներին, իսկ Աուրելիանոն Մելկիադեսի սենյակում թարգմանում է մագաղաթների վրա գրված բանաստեղծությունները և հաջողությամբ ուսումնասիրում է սանսկրիտ:

Եվրոպայից վերադառնում է կրթություն ստացած Ամարանտա Ուրսուլան: Սա երազում է վերածնել Մակոնդոն: Ապարդյուն: Ամենակուլ և կործանարար կիրքը կապում է Աուրելիանոյին իր մորաքրոջ հետ: Երիտասարդ զույգը սպասում է երեխայի: Ամարանտա Ուրսուլան հույս ունի, որ նրան վիճակված է վերածնել Մակոնդոն: Մանուկը միակն է Բուենդիաներից, որ սիրո պտուղ է: Բայց նա ծնվում է խոզի պոչով: Իսկ Ամարանտա Ուրսուլան մահանում է արնահեղումից: Բուենդիաների վերջին զավակին խժռում են շեկ մրջյունները, որոնք վխտում էին տան մեջ: Աուրելիանոն կարդում է Մելկիադեսի թարգմանած մագաղաթները և իմանում, որ նրան վիճակված չէ դուրս գալ սենյակից, քանզի, համաձայն գուշակության, քաղաքը սրբելու է մեծ փոթորիկը և այն կջնջվի նաև մարդկանց հիշողությունից հենց այն պահին, երբ նա ավարտի վերծանել մագաղաթները:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com