Քաղաքացիների աշխատավարձերից ամսական կպահվի 1000 դրամ՝ զինծառայողների մահվան դեպքում ընտանիքին հատուցում վճարելու համար

Այսօր Կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ միայն բյուջեով նախատեսված միջոցներով հնարավոր չէ ամբողջովին հոգալ ծախսերը և դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

«Այդ նպատակով մշակվում է փաթեթ, որը նախատեսում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որը կներառի պետական և հասարակական աջակցության տարրեր: Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հիմնադրամը կմիավորի ստացվող դրամական միջոցները, իսկ առաջացած միջոցների հաշվին կփոխհատուցվեն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին»,- ասաց նախարարը:

Նախագծի համաձայն՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ:

Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում համապատասխանաբար` անձնակազմին 200 հազար դրամ, ենթասպաներին՝150 հազար, իսկ շարքային անձնակազմին 100 հազար դրամ։

«Զոհվելու դեպքում սպայի ընտանիքին հատկացվում է 82 միլիոն դրամ, ենթասպային` 70 միլիոն դրամ, շարքային զինծառայողի ընտանիքին` 58 միլիոն դրամ»,-ասաց նա։

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ միջոցները կձևավորվեն աշխատավարձերի հաշվին՝ յուրաքանչյուր ոք 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից կհատկացնի հիմնադրամին:

Նախագծի փաթեթի ներկայացումից հետո ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ ԿԲ-ն հինգ տարի անվճար կսպասարկի հիմնադրամի աշխատանքները:

Համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com