Մինչև տարեվերջ ՀՀ և ԵՄ կստորագրեն շրջանակային համաձայնագիր. դեսպան

Լեհաստանն աջակցում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որը պետք է հանդիսանա երկու կողմերի հարաբերությունների իրավական բազան: Այս մասին «Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 9-ին՝ Լեհաստանի անկախության տոնին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Լեհաստանի անկախության օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, Հայաստանի մշակույթի և Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Կրակովի հայտնի երգչախումբը կներկայացնի հին միջնադարյան լեհական երաժշտությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին՝ դեսպանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի: «Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ համաձայնագիրը կստորագրվի: Ավելին, սա շատ կարևոր է տնտեսության և բիզնեսի համար: Գործարարներն առավել անհամբերությամբ են սպասում այդ համաձայնագրի ստորագրմանը, որը պետք է կարգավորի երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքը»,- ասաց դեսպանը:

Հայաստանը 2013 թ.-ին սեպտեմբերի սկզբին Եվրամիության հետ 3,5 տարի բանակցություններից հետո հրաժարվեց ստորագրել համաձայնեցրած Ասոցիացիայի պայմանագիրը և հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրության մասին: Այնուհետև տևական քննարկումներից հետո միայն 2015 թ.-ի դեկտեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը վերսկսեցին նոր շրջանակային համաձայնագրի ձևավորման շուրջ բանակցությունները:

Օրերս տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն բանակցությունների հերթական փուլը: Այս պահի դրությամբ մնացել է բանակցությունների ևս երկու շրջափուլ, որից մեկը տեղի կունենա Բրյուսելում, մյուսը՝ Երևանում: Դրանից հետո սպասելի է, որ պետք է տեղի ունենա գործընթացի ամփոփում և շրջանակային համաձայնագրի վերջնական համաձայնեցում:

Հարցին՝ կա՞ն խնդիրներ, որոնց պատճառով Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագիրն այս անգամ էլ չի ստորագրվի, Նովակովսկին հույս հայտնեց, որ գործընթացը նման հանգրվանի չի հասնի:

«Հույս ունեմ, որ այս անգամ խոչընդոտ չի առաջանա այս պայմանագրի ստորագրման հետ կապված: Գաղտնիք չէ, որ 2013 թվականին Հայաստանն առաջատար տեղ էր զբաղեցնում Եվրամիության Ասոցացման պայմանագիրը ստորագրելու հարցում, սակայն ընտրեց Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագիր կնքելը: Այս պայմանագիրը, այնուհանդերձ, թույլ է տալիս, որ Հայաստանը դառնա Եվրամիության բնական անդամ, որը որ սպասելի է»,- ասաց նա:

ԵՄ սպասելիքները Թրամփի հաղթանակից

Ասուլիսին լրագրողների խնդրանքով Լեհաստանի դեսպանն անդրադարձավ ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին: Այս իրադարձությունը նա գնահատեց որպես ԱՄՆ-ի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության արդյունք:

Միևնույն ժամանակ դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա: «Երբ ԱՄՆ դեսպանատանը հետևում էինք ընտրություններին, Միացյալ Նահանգների դեսպան Միլսն ասաց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության 80 տոկոսը պահպանվում է սովորաբար, միայն 20 տոկոսն է, որ նոր նախագահի առաջնահերթ ծրագրերն են ներկայացնում»,- ասաց Նովակովսկին:

Այս համատեքստում նա հիշեց Թրամփի հայտարարությունն առ այն, որ պետք է Ամերիկան կրկին դարձնել մեծ և գերիշխող, և նկատեց, որ սա Լեհաստանի և Եվրամիության շահերից է բխում: «Լեհաստանը և դաշնակից եվրոպական երկրները կողմ են, որ Ամերիկան դառնա այդ գաղափարին համարժեք»,- ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

Լեհաստանն, ըստ դեսպանի, ակնկալում է, որ ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը կկատարի նախկինի պարտավորությունները: «Մենք հույս ունենք, որ ներկայիս կառավարությունը կդառնա Լեհաստանի և Եվրամիության գործընկեր: Ենթադրում եմ, որ առավել ծայրահեղ քայլերի չի դիմի փոփոխություններ անցկացնելու ընթացքում»,- ասաց Եժի Մարեկ Նովակովսկին:

«Ընդունեցինք ցավով, բայց ըմբռնումով»

Խոսելով Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ներկա մակարդակից՝ դեսպանն առանձնացրեց համագործակցության մի քանի ոլորտ՝ առևտուր, տնտեսություն, քաղաքական համագործակցություն և պաշտպանություն: Նա նշեց, որ այժմ լեհական ընկերություն է աշխատում ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի աշխատանքի հաջող ընթացքը կարող է ապագայում օրինակ հանդիսանալ մյուս ընկերությունների համար:

Հարցին՝ արդյոք Հայաստանն ու Լեհաստանը պաշտպանության ոլորտում համագործակցում են մարտական տանկերի արդիականացման ծրագրի շրջանակներում, ինչի վերաբերյալ մամուլը գրել է բազմիցս, Նովակովսկին պատասխանեց, որ այս գործընթացին Լեհաստանն այլևս չի մասնակցում: «ՀՀ պաշտպանության նախարարությունը և կառավարությունը որոշեցին տանկերի վերանորոգումը, արդիականացումը կատարել Ռուսաստանի հետ: Դա ընդունեցինք ցավով, բայց ըմբռնումով: Սակայն նշենք, որ այս ոլորտում լեհական ընկերություններն ամենևին չեն զիջում ռուսականին և ունեն մեծ պահանջարկ»,- ասաց նա:

Նա նաև նկատեց, որ ՀՀ-ի համար կենսաչափական անձնագրերի արտադրության որոլտում ևս լեհական ընկերությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը: «Որոշումը հայկական կողմինը պետք է լինի, քանի որ լեհական ընկերությունը պատրաստ է»,- ասաց նա:

Դիվանագետը մտահոգություն հայտնեց հատկապես հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նրա, չեն բավարարում առևտրաշրջանառության ծավալները: «Թեպետ անցյալ տարի մեր տնտեսական հարաբերություններն աճ են գրանցել: Ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 60-80 միլիոն դոլար (որի 80 տոկոսը Լեհաստանից Հայաստան արտահանումն է): Իհարկե, այն այնքան էլ գոհացուցիչ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ լեհական շուկայում հայկական ապրանքների խնդիրը ճանաչելիության ցածր մակարդակն է:

Հայկական ապրանքատեսակները, նշում է Նովակովսկին, Եվրոպայում կամ Լեհաստանում անհայտ են: Դրանց մասին գնորդները տեղյակ չեն: Նրա խոսքով՝ Հայաստանը ճանաչում են միայն որպես երկիր, այլ ոչ որպես բրենդ: «Այն որպես բրենդ ճանաչված է, բայց կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում: Ուստի պետք է այս ուղղությամբ քայլեր կատարվեն»,- եզրափակեց նա:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com