«Ժամանակի կորուստ այլևս չենք հանդուրժի». Ստամբուլի հայ համայնքը վրդովված է պատրիարքի ընտրությունների ձգձգմամբ

Ստամբուլի հայ համայնքը Պոլսո հայոց պատրիարքի սպասվելիք ընտրությունների վերաբերյալ ներհամայնական հանդիպումների շարք է սկսել:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասի Սուրբ Վարդանանց եկեղեցուն կից Նազար Շիրինօղլուի անվան սրահում: Այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Ստամբուլում գործող «Տեսակետների հարթակ» կազմակերպության նախաձեռնած ժողովն աչքի է ընկել հայ համայնքի անդամների ակտիվ մասնակցությամբ. ներկա է գտնվել շուրջ 300 մարդ` այդ թվում Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը:

Փաստաբան Սեդրակ Դավութհանը ներկայացրել է պատրիարքական ընտրությունների իրավական գործընթացը, որն ըստ փաստաբանի` անտեսվում է 2008 թվականից ի վեր` պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կոմայի մեջ հայտնվելուց և պատրիարքի պարտականություններն այլևս կատարել չկարողանալուց հետո:

Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոսական կազմի անդամ Օհաննես Քըլըչդաղն այս իրավիճակում հայ համայնքի ցուցաբերած պասիվ կեցվածքը նմանեցրել է «մահացածի, որը սպասում է, թե երբ իրեն կթաղեն»:
Բանախոսը նաև մանրամասներ է ներկայացրել ընտրությունները չանցկացնելու պատճառների և ստեղծված իրավիճակի հետևանքների մասին: Նա հիշեցրել է, որ նախկինում համայնքը պատրիարք ընտրելու խնդիրներ ևս ունեցել է, մասնավորապես՝ Մեսրոպ Նարոյանի մահվանից հետո, երբ 1944-ից մինչև 1950 թվականը պատրիարքական աթոռը թափուր է եղել: Սակայն, ինչպես ընդգծել է Քըլըչդաղը, նախկինում հայ համայնքը, ի հեճուկս իր առջև ծառացած բոլոր խնդիրների, երբեք այնքան պասիվ դիրք չի գրավել, որքան ներկայում:

Հանդիպման ավարտին «Տեսակետների հարթակ»-ի անդամները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում շեշտվում է, որ 555 տարվա պատմության ու ավանդույթների տեր Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը ներկայացնում է այդ հողերում ապրող մի ժողովրդի, որը 3000 և ավելի տարվա անցյալ ունի:

«Խախտվել է մեր դավանանքի ազատության իրավունքը, իսկ ընտրություններ անցկացնելու իրավունքն անհիմն պատճառաբանություններով խլվել է մեզանից: Ժամանակի կորուստ այլևս չենք հանդուրժի»,-հայտարարել են մասնակիցները՝ պահանջելով Եկեղեցու հին ավանդույթների համաձայն՝ ժողովրդի քվեարկությամբ ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել է պատրիարքարանի պաշտոնական էջում:

Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել այդ որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Ընտրությունների անցկացումը, սակայն, ձգձգվում է անհայտ պատճառներով:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com