Մի համայնքի պատմություն. ստամբուլահայերի «ոսկերչական մանկությունն» ու Ստամբուլի Փակ շուկան

Թուրքիայում ու հատկապես Ստամբուլում ծնված-մեծացած հայերի զգալի մասը դպրոցից, համալսարանից ու ամառային ճամբարից դուրս ունեն մեկ այլ՝ «կյանքի դպրոց», որին Կ.Պոլսում անվանում են «Քափալը չարշը», նույն ինքը՝ Ստամբուլի հայտնի Փակ շուկան:

Ստամբուլի «Փակ շուկա»-ում, որտեղ ներկայում աշխատում է մոտ երկու հազար հայ ոսկերիչ ժամանակին թուրք, քուրդ և արաբ ոսկերիչների կարելի էր հանդիպել շատ հազվադեպ:

«Ակօսի» սյունակագիրներից Լևոն Բաղըշը վերհիշել է Փակ շուկայի հայ վարպետներին ու պոլսահայեր դեռահասներին հատուկ իր «ոսկերչական մանկությունը»:

«Այն ժամանակ, երբ դպրոցական արձակուրդների մեկնարկի հետ անհամբեր սպասում էի, թե երբ են ինձ ուղարկելու կղզիներում գտնվող ամառային ճամբար, հայրս շտապեց ինձ «աչքալուսանք» տալ, թե պետք է ինձ կյանքի դպրոց ուղարկի. Փակ շուկայի հայ վարպետներից մեկի մոտ ինձ որպես աշակերտ ուղարկեց», — վերհիշում է պոլսահայ սյունակագիրը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ Փակ շուկայի հայ վարպետները խիստ էին, աշխատանքը դժվար, սակայն ըստ նրա՝ արժեր անցնել հենց այդ դպրոցը:
«Միջնակարգ դպրոցի տարիներին Փակ շուկայում անցկացրածս ժամանակն ինձ շատ բան տվեց: Զարդերի վրա մոմով աշխատելիս՝ աշակերտն, անպայման, ինքն իրեն վնաս է տալիս: Խանութում աշխատելիս կամ այրվող մոմն էր ձեռքիդ թափվում կամ պղինձի հետ աշխատելիս կտրող գործիքով քեզ կվնասեիր: Այսպիսի իրավիճակներում վարպետի արձագանքը հայտնի էր. «Բան չկա, արվեստ է ձեռքդ մտել, արվեստ»:

Այդ տարիներին ստացածս առաջին աշխատավարձով ինձ փոքրիկ նվագարկիչ գնեցի: Այն էլ՝ այն տարիների համար ոչ հասարակ նվագարկիչ: Երգերը հատ-հատ կարողանում էի փոխել, ավելին՝ կարող էի մարտկոցն էլ լիցքավորման դնել: Ամբողջ կյանքիս ընթացքում գնածս ոչ մի տեխնիկական սարքով այսքան չեմ հպարտացել», — գրում է Բաղըշը:

Սյունակագիրը հիշում է, որ ոսկերչական փորձն ու հայ վարպետների հետ աշխատանքը երբևէ չէր սահմանափակվում միայն գործնական հարաբերություններով, այլ ենթադրում էր մի ամբողջ մշակույթ և մի ամբողջ սերնդի նախասիրություններ, ապրելաոճ ու արդեն պատմություն դարձած Կոստանդնապոլիսը որպես այդպիսին:

«Այսօր արդեն փակված պանրի խանութը, Էմինոնյուի թարմ ձկան վաճառակետը, Նուրի Թոփլարի սրճաղացը… Սրանք այն վայրերն էին, ուր իմ վարպետներն ինձ ուղարկում էին առևտրի: Այդ ժամանակ է, որ ես սկսեցի հասկանալ, թե ինչ է հայի խոհանոցային ճաշակը:

Փակ շուկայի մարդաշատությունը, գրպաններում շատ թանկարժեք քարեր ունեցող ու աջուձախ վազվզող երեխաները, ոսկերիչների ու արծաթագործների սրահների դազգահների վրա արվեստի նմուշ դարձող ոսկին ու արծաթը և վերացման եզրին գտնվող մեծ վարպետները… Այս դռներից ներս մտնողը կարող է մի պահ կորել այս ամենի մեջ», — եզրափակում է Լևոն Բաղըշը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com