Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարի քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել Ժակ Դյուբոշեին, Խոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին:

Նշվում է, որ գիտնականները հաղթել են կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար: Հայտնի է, որ կրիոէլեկտրոնային միկրոսկոպիան հնարավորություն է տալիս հետևել մոլեկուլներին՝ դրանք արագ սառեցնելով, բայց միևնույն ժամանակ բնական կառուցվածքը պահպանելով:

Նշվում է, որ գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.12 մլն եվրոն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար:

Իսկ հոկտեմբերի 2-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:

Այս շաբաթվա ընթացքում կհայտարարվեն նաև  խաղաղության ոլորտում դափնեկիրների անունները: Մինչդեռ տնտեսագիտության ոլորտում հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Իսկ գրականության ոլորտում հաղթողի անվան հրապարակման օրը դեռ հայտնի չէ:

Հայտնի է, որ բոլոր ոլորտներից մարդկանց ամենաշատը հետաքրքրում է խաղաղության դափնեկրի/ների անունները, որն այս տարի հայտարարվելու է հոկտեմբերի 6-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com