Միջազգային գիտաժողովների դերը շատ մեծ է ու կարևոր. Վ.Հակոբյան

Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում գործող գիտական հաստատությունների գործունեությունը՝ այս անգամ հանգրվանելով ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում:

Մինչ բուն թեմային անդրադառնալը, նշենք, որ ինստիտուտում գործունեության հիմնական ոլորտներն են՝ առաձգականության մաթեմատիկական տեսություն,  անիզոտրոպ սալերի  և թաղանթների տեսություն, պլաստիկության, սողքի և առաձգամածուցիկության տեսություն,  մագնիսաառաձգականություն,   ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրներ,  միջավայրերի և տարբեր ֆիզիկական դաշտերի  փոխազդեցությունը բարակապատ համակարգերի հետ,  ալիքների տարածումը հոծ միջավայրերում, կոմպոզիցիոն նյութեր և կոնստրուկցիաների օպտիմալ նախագծում,  գետնահողերի, հիմքերի և հիմնատակերի մեխանիկա,  սեյսմիկ ալիքների տարածումը շերտավոր միջավայրերում, հեղուկների, գազերի և խառնուրդների մեխանիկա,  ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկա:

Իր գործունեության երկար տարիների ընթացքում այստեղ իրականացվել են մի շարք բարձրակարգ հիմնարար հետազոտություններ,  որոնց արդյունքները միջազգային գիտական հանրության կողմից արժանացել են բարձր գնահատականի:  Մասնավորապես՝ կառուցվել են շերտավոր, անիզոտրոպ սալերի և թաղանթների դասական,  ճշգրտված և ասիմպտոտիկ տեսությունները,  բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը,  համասեռ և անհամասեռ ծերացող մարմնի սողքի տեսությունը և այլն: Ինստիտուտում բացահայտված թերլարվածության երևույթը ԽՍՀՄ գյուտերի և հայտնագործությունների Պետական կոմիտեն գրանցեց որպես հայտնագործություն:

Ինստիտուտի գործունեության, ուղղությունների, աշխատանքների, խնդիրների, մեր վերջին այցելությունից հետո կատարված փոփոխությունների և գիտական մի շարք այլ հարցերի մասին առավել մանրամասն մեզ հետ զրույցում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վ.Հակոբյանը.‹‹Մեր վերջին զրույցից անցել է մոտավորապես երկու տարի, գուցե  մի փոքր ավել, ասեմ, որ ինստիտուտն իր աշխատանքները շարունակում է բնականոն հունով, էական  որևէ փոփոխություններ չենք կրել անձնակազմի հարցում և ուղղությունները ևս մնացել են նույնը, այսինքն՝ դրանք մեխանիկայի հիմնարար ուղղություններն են: Հիմա ինստիտուտի առաջ նոր խնդիրներ են դրված և աշխատում ենք դրանց լուծումներ գտնել: Բանը նրանումն է, որ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների առաջ խնդիր է դրվել առավել ակտիվ զբաղվել կիրառական հետազոտություններով, ստացված արդյունքները ներդնել տնտեսության մեջ և շահույթ ստանալ: Սակայն ցավը նրանումն է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը ոչ բարվոք վիճակում է գտնվում, եթե ուղիղ խոսենք՝ ապա արդյունաբերություն համարյա չկա, կան որոշակի փոքրիկ արտադրամասեր, որտեղ տեղադրված են արտասահմանից գնված հոսքագծեր, որոնք ունեն միայն սպասարկող և վերանորոգողճարտարագետների կարիք: Եղած տեխնոլոգիաների լավարկման կամ նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ ստեղծելու և  ներդնելու համար մեր գործարարները ֆինանսական միջոցներ չեն տրամադրում, հետևաբար՝ համագործակցության եզրեր համարյա չկան, մնում են միայն և միայն  Պաշտպանության նախարարության կառույցները, որտեղ կարող է օգտագործվել մեր պոտենցիալը: Այդտեղ էլ շատ դժվար է ներթափանցել, քանզի այն ունի իր ներքին զարգացման տրամաբանությունը և արտաքին գերատեսչությունների հետ համագործակցության դժվար են գնում: Իհարկե, վերջերս ստեղծվել է Ռազմաարդյունաբերական հանձնաժողով, որը համակարգելու է ոլորտը և մենք հույս ունենք համագործակցության առաջարկ ստանալ, բայց դեռևս համագործակցության ոչ մի առաջարկ չենք ստացել: Այդ պատճառով փորձում ենք ինքներս լուծումներ գտնել՝ աշխատելով միանգամից մի քանի ուղղություններով: Նշեմ միայն, որ մոտ 2-3 տարի առաջ երեք առաջարկ ենք ներկայացրել ՊՆ՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց  այդպես էլ ոչ մի արձագանք չենք ստացել:

Մյուս կողմից մեր լաբորատորիայում բավական կարևոր աշխատանքներ են կատարվում՝ կապված տարբեր տիպի  գրունտների մեխանիկական հատկությունների ուսումնասիրությունների հետ: Դրանք ունեն կիրառական բնույթ և կարող են օգտագործվել այսօրվա մեծ թափ ստացած շինարության ասպարեզում: Սակայն, որպես կանոն, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարիների ընթացքում հարմարվել են եղած ստանդարտներին և դժվարությամբ  են ընդունում նոր առաջարկություններն ու մեթոդները: Նրանցից մեկի խոսքերով, իրենց իմացածն էլ լրիվ բավարար է: Շահագրգիռ կազմակերպություններ դեռևս չենք կարողանում գտնել: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ կիրառական հետազոտությունների հետ կապված միջազգային դրամաշնորհների երեք նախագիծ ունենք ներկայացված: Այսինքն՝ աշխատում ենք միջազգային դրամաշնորհների օգնությամբ կիրառական ուղղություները զարգացնել՝ տեսնենք ինչ կստացվի››:

Անդրադառնալով խնդիրներին՝ ինստիտուտի տնօրենը նշեց գիտության մեջ արդեն, կարելի է ասել, ավանդական դարձած սարքավորումների և համապատասխան կադրերի հարցը. ‹‹Մեր ‹‹Աքիլեսյան գարշապարներից›› մեկը սարքավորումների հին լինելն է: Ինստիտուտում ունենք 60-ականների վերջերին,  70-ականների սկզբին ձեռք բերված և այստեղ մոնտաժված սարքավորումներ, որոնք գերմանական արտադրության են, որակյալ և այսօր էլ աշխատում են, բայց նրանց հնարավորությունները սահմանափակ են: Ժամանակակից սարքավորում-ները անհրաժեշտ են հատկապես հիմա, երբ աշխարհում մեխանիկայի նոր ուղղություններ են զարգանում, որոնք մեր ինստիտուտում հենց նաև սարքավորումների բացակայության պատճառով չեն կարող զարգանալ: Խոսքը նանո և բիո մեխանիկայի մասին է, որոնց փորձարկումների համար բավականին թանկարժեք սարքավորումներ են անհրաժեշտ, որի հնարավորությունը ինստիտուտը չունի: Մինչ սարքավորումները՝  համապատասխան կադրեր էլ չունենք, հարցը նրանումն է, որ ինստիտուտը զարգացել է իր հնարավորությունների սահմանում՝ կատարելով հիմնարար հետազոտություններ, որպեսզի անցնենք ուրիշ ճյուղերի՝ երիտասարդ մասնագետներ են պետք, ովքեր կգնան արտասահմանում կսովորեն և վերադառնալով այստեղ ևս կզարգացնեն այդ ուղղությունները: Այսինքն՝ մենք երկու խնդիր ունենք՝ սարքավորումները և համապատասխան կադրերը: Իհարկե, կան  միջազգային դրամաշնհորային ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին գնալ արտասահման, վերապատրաստվել և հետո վերադառնալ: Բայց, որպես կանոն, մեր  երիտասարդներն  այդպիսի ցանկություն չեն հայտնում կամ հրաժարվում են մեկնելուց առհասարակ: Մենք ունեցել ենք նման առաջարկություններ Մեծ Բրիտանիայից, Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից և միայն մի դեպք է եղել, երբ մեր աշխատողներից մեկը ցանկություն է հայտնել և մեկնել է Դոնի Ռոստով վերապատրաստվելու: Բացի այդ՝ երիտասարդների արտահոսքը միշտ կա, նրանք, որպես կանոն, պաշտպանում են, աշխատում են մեկ-երկու տարի՝ մինչև նոր, ավելի լավ վարձատրվող, աշխատատեղ գտնելը, հետո աշխատանքի են տեղափոխվում հիմնականում բանկային և ֆինանսական այլ կառույցներ կամ էլ  արտասահման: Դրա հետևանքով հիմա անջրպետ է առաջացել երիտասարդների և տարիքով մեծ գիտնականների միջև: ԳԱԱ պրեզիդենտը տարեկան ժողովների ժամանակ անընդհատ այդ անջրպետի մասին է նշում որպես գերագույն խնդիր՝ երբ աշխատող (տպագրվող) գիտնականները երիտասարդ են  (25-35տարեկան) կամ հիսուն տարեկանից բարձր: Երեսունհինգից մինչև հիսուն տարեկանը համարյա դատարկություն է: Հիսունից բարձր տարիք ունեցողները դրանք այն գիտնականներն են, որոնք որպես գիտնական ձևավորվել են Սովետական տարիներին և հիմա էլ աշխատում են և հենց նրանք են այսօր պահում գիտությունը: Սերնդափոխություն չի իրականացվում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, եթե ես էլ լինեի հիմա երիտասարդների փոխարեն, բնականաբար, չէի մնա, որովհետև գիտության մեջ աշխատելով ընտանիք չես պահի: Մեզ մոտ, օրինակ, գիտաշխատողի ամենաբարձր աշխատավարձը 110 հազար դրամն է՝ պահումներից հետո 70-75 հազար դրամ. երիտասարդ տղան այդքան գումարով  կարո՞ղ է ընտանիք կազմել, պահել՝ բնականաբար ոչ, իսկ նրանք շատ ընդունակ են և բանիմաց,նրանցձեռքից ձեռք են խլում՝ բարձր աշխատավարձեր առաջարկելով: Մի խոսքով՝ մենք ստեղծում ենք կադրեր այլ ոլորտների համար՝ ցավալի է, բայց փաստ››:

Խոսելով խնդիրների մասին՝ Վ.Հակոբյանը դրանց լուծման հնարավոր տարբերակները ևս նշեց, որն իրենք փորձում են ակտիվորեն իրականացնել, այն է՝ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության միջոցով նոր ուղղությունները Հայաստան բերելը. ‹‹Այս առումով ակտիվորեն համագործակցում ենք Մոսկվայի ՌԴԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի,  Սարատովի Պետական Հետազոտական համալսարանի և Դոնի պետական տեխնիկական համալսարանի հետ՝ փորձելով նրանց մոտ զարգացած նոր ուղղությունները ներկրել Հայաստան: Վերջերս եղանք Սարատովում, կնքել ենք համատեղ գործունեության պայմանագիր, ինչպես նաև ունենք արդեն իսկ ստորագրված փաստաթուղթ՝ ‹‹Մտադրությունների արձանագրություն›› (Протокол о намерениях), որը մեզ  հնարավորություն կտա նանոմեխանիկայի և բիոմեխանիկայի որոշ ուղղություններով, որոնք զարգացած են այստեղ, իրականացնել երիտասարդների վերապատրաստման գործընթաց: Իհարկե, նորից եմ կրկնում, այստեղ բարդություններ շատ կան: Եթե անգամ կարողանանք իրականացնել երիտասարդների վերապատրաստումը` օրինակ բիոմեխանիկայի որևէ ուղղությամբ, ապա Հայաստանում այդ ուղղության ներդրման համար տեխնիկական հնարավորություններից բացի անհրաժեշտ է ապահովել նաև համագործակցությունը տվյալ ուղղությամբ աշխատող բժիշկ մասնագետների հետ, հակառակ պարագայում ոչինչ չի ստացվի: Այդ համալսարանը նպատակ ունի դրամաշնորհային ծրագրերի օգնությամբ բիոմեխանիկայի խորհրդատվական կենտրոններ ստեղծել  ՌԴ-ում: Մենք ևս առաջարկ ստացանք, այդ կենտրոններից մեկը Հայաստանում՝ Մեխանիկայի ինստիտուտում ստեղծելու վերաբերյալ:Սակայն դրա համար անհրաժեշտ սարքավորումները մոտավորապես 4-5 մլն.դոլար արժեն, որի հնարավորությունն այսօր մենք, բնականաբար, չունենք: Բանակցությունները հիմա էլ շարունակվում են և դեռ երկար ենք միասին աշխատելու, եթե կարողանանք ինչ-որ ձևով մասնագետ-կադրեր պատրաստել և ունենալ շահագրգիռ բժիշկների մի խումբ, որ ցանկություն կունենան մեզ հետ համագործակցելու, գուցե և հաջողվի ծրագիրն իրականացնել: Նշեմ, որ Սարատովի համալսարանում զարգացած բիոմեխանիկայի ուղղությունները հնարավորություն են ընձեռում, ելնելով բժշկական հետազոտությունների արդյունքներից, մոդելավորել մարդու հիվանդ օրգանը` իր վնասվածքներով հանդերձ և համակարգչային փորձերի միջոցով ընտրել հնարավոր ամենաարդյունավետ բուժման տարբերակը: Այստեղ կարողացել են կազմակերպել գիտության երեք ուղղությունների՝ բժշկագիտության, քիմիայի և մեխանիկայի ներկայացուցիչների համագործակցությունը և ստանալ բավականին գոհացուցիչ արդյունքներ:

Սարատովի համալսարանում զբաղվում են նաև ԱՄՆ-ում զարգացած նանոմեխանիկայի մեկ այլ,  շատ հետաքրքիր ուղղությամբ՝ պոլիմերներից էլեկտրոձևավորման մեթոդով նանոթելիկների և  նանոթաղանթների ստացումով: Այդ թաղանթները շատ հետաքրքիր հատկություններ ունեն. օդը նրանցով կարողանում է անցնել, բայց ջուրը՝ ոչ: Դա շատ կարևոր է և կիրառելի սպորտային, զինվորական  համազգեստների համար, որպեսզի դրանք անձրևի, ջրի տակ չթրջվեն, բայց, միևնույն ժամանակ օդի ներթափանցման հետևանքով համազգեստ կրող մարդու մարմինը շնչի: Բացի այդ՝ այնտեղ ստացվում են նաև թաղանթներ  որոնք օգտագործվում են բժշկության մեջ` այրվածքներ բուժելու համար նախատեսված վիրակապերի տեսքով:  Մեծ պատվերներ կան հենց ռուսական զինվորական կառույցներից: Հիմա փորձում ենք զբաղվել նաև այդ ուղղությամբ՝ տեսնենք ինչ կստացվի: Դրանք բոլորը գործընթացներ են, որոնք ժամանակ են պահանջում:

Համագործակցում ենք նաև Մոսկվայի ՌԴԳԱ Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի հետ, որտեղ լավ զարգացած է մեր ինստիտուտում սկիզբ առած մեխանիկայի ուղղություններից մեկը՝ աճող մարմինների մեխանիկան: Հիմա այդ ինստիտուտի փոխտնօրեններից մեկը մեր ակադեմիայի արտասահմանյան անդամն է, ակադեմիկոս Նագուշ Հարությունյանի աշակերտը, և մինչև տարեվերջ համագործակցության նոր պայմանագիր կունենանք, որը ավելի խորը համագործակցության հնարավորություններ կտա: Սա հիմնականում տեսական ուղղություն է, որը խիստ կապված է պրակտիկայի հետ, խոսքը վերաբերվում է 3Դ պրինտերներով մոդելավորմանը, որը ևս ուզում ենք ինստիտուտում իրականացնել: Այս դեպքում ևս նույն խնդիրներն ունենք՝ սարքավորման և կադրային:

Իհարկե չենք դադարում նաև որոնումները Հայաստանում:

Այս կոնտեքստում՝գիտության նոր ուղղությունների ներկրման հարցում կարևորում եմ միջազգային գիտաժողովները, որոնք վերջին տասը տարում մեզ մոտ տեղի են ունենում ամեն տարի: Մենք սովորաբար ունենք 3 գիտաժողովներ՝ մեկը, որ այս տարի հինգերորդ անգամ էինք կազմակերպում և որն ունի մասնակիցների շատ լայն աշխարհագրություն, կրում է ‹‹Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ››-խորագիրը:

Մյուսը՝‹‹Մեխանիկա››խորագրով միջազգային դպրոց-գիտաժողովն է՝ երիտասարդ գիտաշխատողների համար:

Երրորդը, որը սովորաբար անց ենք կացնում Գորիս և Ստեփանակերտ քաղաքներում, ‹‹Դեֆորմացող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները›› խորագրով գիտաժողովն է: Գորիսում և Ստեփանակերտում գիտաժողով անցկացնելու նպատակը ոչ միայն մեր արտասահմանյան գործընկերներին Զանգեզուրի և  Արցախի գեղեցկությանն ու տեսարժան վայրերին ծանոթացնելն է, որը ևս կարևոր է Հայաստանում և Արցախում տուրիզմի զարգացման տեսանկյունից, այլ նաև մեր հյուրերին Հայաստանի և Արցախի պատմությանը, ինչպես նաև վերջին երեսուն տարիների զարգացումների հետ ծանոթացնելն է: Այսինքն՝ դա  ինչ որ առումով նաև քաղաքական ակցիա է:  Ասեմ նաև, որ մեր հյուրերի մեջ  եղել են նաև մարդիկ, ովքեր չեն եկել Ստեփանակերտ`  Ադրբեջանի սև ցուցակում չհայտնվելու համար:

Սա մեր ամենահին գիտաժողովներից մեկն է, 2014 թ. անց ենք կացրել թվով 8-րդ գիտաժողովը:

Ինչպես նշեցինք, սույն թվականի հոկտեմբերի 2-7-ը տեղի ունեցավ Մեխանիկայի ինստիտուտի կողմից կազմակերպվող ավանդական ‹‹Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ›› խորագրով  հինգերորդ միջազգային գիտաժողովը:

Այս տարի գիտաժողովի աշխարհագրությունը շատ լայն էր, մասնակիցների մեծ մասը, իհարկե, ՌԴ-ի մեխանիկայի  տարբեր դպրոցներից էին՝ Մոսկվա,ՍանկտՊետերբուրգ, Դոնի Ռոստով, Կազան, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Տոմսկ, Պերմ, Սարատով, Վորոնեժ,  Յակուտսկ, ունեինք հյուրեր նաև Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից:

 

Թվով մոտ 75 հոգի, ընդ որում՝ մասնակցում էին գիտական մեծ համբավ ունեցող գիտնականներ, որոնք հանդես եկան բավականին հետաքրքիր և բովանդակալից զեկուցումներով: Մենք շատ լավ ընկերական հարաբերություններ ենք հաստատել բոլորի հետ, զրույցների ընթացքում ունեցել ենք քննարկումներ՝ Հայաստանի մեխանիկայի դպրոցը զարգացնելու և նոր գիտական ուղղություներ ներկրելու հետ կապված: Եղել են համատեղ նոր ուղղությամբ զբաղվելու առաջարկներ, որոնք արդեն սկսել ենք իրականացնել: Ստեղծվել են հիմքեր` համատեղ աշխատանքներ կատարելու,  ինչպես նաև համատեղ նախագծեր ներկայացնելու համար: Ասեմ, որ գիտաժողովները ընդհանրապես, ամեն ինչից զատ, կարևոր ազդակ են գիտության զարգացման համար, քանզի ստիպում են ավելի արդիական և կարևոր խնդիրներով զբաղվել միջազգային գիտական հասարակությանը ավելի հետաքրքիր ու բովանդակալից աշխատանքներով ներկայանալու համար:

Կարծում եմ՝  այդ գիտաժողովները շատ օգտակար են, և տարեցտարի նրանց մասնակիցների թվի մեծացումն ու աշխարհագրության ընդլայնումը խոսում է դրանց արդյունավետության մասին: Եթե դրանք չլինեին՝ դժվար թե մեզ մոտ հիմնարար գիտության առումով հիմա այսպիսի համեմատաբար լավ վիճակ լիներ: Մեր ավանդական ուղղությունների զարգացումը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, դրա համար  էլ մեզ առաջարկում են համագործակցել: Եթե ցածր լիներ մակադակը՝ ոչ ոք չէր առաջարկի միասին աշխատել: Այդ իսկ պատճառով, գիտաժողովների դերը մենք շատ ենք կարևորում և աշխատելու ենք այս երեք գիտաժողովներն էլ պահել:

Ասեմ նաև, որ բացի Գիտության կոմիտեից, որն ամեն գիտաժողովին տրամադրում է որոշ ֆինանսական աջակցություն ու Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանից, որն ամեն տարի տպագրում է մեր գիտաժողովների նյութերի ժողովածուները, ուրիշ հովանավորներ չունենք:

Կարծում եմ, որ եթե նման պայմաններում կարողանում ենք բավական լավ արդյունքների հասնել, ապա ինչեր կարող ենք անել լուրջ ֆինասնական աջակցության դեպքում››,- ասաց ՀՀԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վ.Հակոբյանը:

Զրուցեց`  Մերի Եղիազարյանը

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com