ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դիվանագիտական աշխատանքի արդյունք է, բայց այն վերաբերում է սովորական քաղաքացիներին. Պ. Սվիտալսկի

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկկողմ հաջողության արձանագրումն էր. լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Շատ մարդիկ են այդ գործում մեծ ջանք գործադրել և՛ Հայաստանում, և Բրյուսելում, և՛ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում։ Ինձ անհավատալի հաճույք է խոսել Ձեր հետ այս համաձայնագրի վերաբերյալ, որովհետև այն շատ կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության համար: Հուսով եմ, որ այն կամրապնդի մեր հարաբերությունների հիմքերը: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան զգալ օգուտ այս համաձայնագրի պտուղներից»,- ասաց նա:

Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ համաձայնագրի մասին բոլոր «խելացի բաներն» ասվել են:

«Պետք է ասել, որ ես, իմ գործընկերները՝ բոլորս, պատրաստ ենք առավելագույնը անելու համաձայնագրի իրականացման ուղղությամբ, որովհետև համաձայնագիրը շատ կարևոր է, այն ստեղծում է նոր հնարավորություններ, բայց էականը համաձայնագրի իրականացումն է,- ասաց նա՝ հավելելով, որ դրա համար իրենք կենտրոնացած են համաձայնագրի իրականացման վրա՝ ապահովելով ֆինանսական, տնտեսական հնարավորություններ,- մեզ համար ժամանակը չէ, որ մենք դափնիների վրա դադար առնենք: Մեզ համար այս համաձայնագիրը խթան է ակտիվացնելու մեր աշխատանքը, մեր ներդրումը կտարելու Հայաստանի զարգացման գործում, և այն դարձնել ավելի արդյունավետ, տեսանելի, ավելի ճանաչելի հասարակության համար»:

Պյոտր Սվիտալսկիի նկատառմամբ՝ ճիշտ է, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը դիվանագիտական աշխատանքի արդյունք է, բայց այն վերաբերում է սովորական քաղաքացիներին:

Հարցին, եթե համաձայնագիրը պատշաճ ձևով չիրականացվի, ի՞նչ պետք է սպասել, արդյո՞ք ԵՄ-ն դրա համար նախատեսում է պատժամիջոցներ, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Թույլ տվեք նշել, որ համաձայնագիրը համագործակցային բնույթի է, ինչը նշանակում է, որ այն համատեղ հանձնառությունների հարթակ է: Այս համաձայնագիրը պարունակում է մի քանի դրույթներ, որոնք վերաբերում են մասնավոր համագոյակցության ոլորտների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և այլն: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որովհետև սրա միջոցով է, որ մենք ամրապնդում և լայնացնում ենք մեր համագործակցության հիմքերը: ԵՄ-ը խրախուսում և աջակցում է, բայց երբեք չի պարտադրում որևէ բան»:

Այս համատեքստում ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև հավելեց, որ չի կարծում, որ տեղին է այժմ պատժամիջոցների մասին խոսելը:

«Որովհետև ես շատ լավատեսաբար եմ տրամադրված, որ այս համաձայնագիրն իսկապես նոր որակ կհաղորդի մեր հարաբերություններին: Ես լավատեսորեն էի տրամադրված համաձայնագրի ստորագրման հարցում, լավատեսորեն եմ տրամադրված նաև դրա իրականացման նկատմամբ»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ի վերջո ով է 2013 թվականին հրաժարվել Ասոցացման համաձայնագիրը կնքելուց՝ Հայաստա՞նը, թե Եվրամիությունը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հարց հնչեցրեց՝ արդյո՞ք դա կարևոր է։

«Ընկերներ, եկեք ապագային նայենք, չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայելու և վերապրելու այն զգացմունքները, որ կային 2013 թվականին։ Հիմա մենք հստակ գիտենք, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, և տարբերվում է Ասոցացման համաձայնագրից։ Սա ասոցացման համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն միշտ նաև առաջնորդվում է իր գործընկերների մղումներով։ Այնպես որ, սխալ է խոսել այն մասին, թե ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում։ Ճիշտ կլիներ խոսել դրա մասին, եթե այս համաձայնագիրը նման լիներ 2013թ. բանակցված համաձայնագրին»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այդ դեպքում քննադատություն կընդուներ ԵՄ-ի հասցեին:

«Բայց սա այլ համաձայնագիր է, և բացատրվում է, որ հաշվի են առնվում ՀՀ հանձնառություններն ու պարտավորություններն այլ միությունների նկատմամբ։ Բայց անցյալում երկու կողմն էլ պատրաստակամ են եղել նոր համաձայնագիր ունենալու, որը չի խանգարի այլ պարտավորություններին։ Ես հավատում եմ, որ այս համաձայնագիրն արտացոլում է այս պահին եղած բոլոր հնարավորությունները։ Եկեք առավելագույնը քաղենք այս համաձայնագրից, որովհետև այն լավ և հավակնոտ համաձայնագիր է»,- նշեց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com