Մեծ հետաքրքրություն կա հայկական պատմական աղբյուրների նկատմամբ. պատմաբան Ա. Մելքոնյան

Կարևորելով գիտության տեղն ու դերը երկրի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել հայկական գիտական օջախների գործունեությունն՝ այս անգամ ևս հանգրվանելով հայապահպանության կարևորագույն օջախներից մեկում՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում:

Մինչ բուն թեմային անդրադառնալը փոքրիկ ակնարկ կատարենք ինստիտուտի գործունեությանը՝ սկզբնավորման օրվանից առ այսօր. ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտը ստեղծվել է Գիտությունների Ակադեմիայի հետ մեկտեղ 1943թ.-ին: ԳԱԱ—ի առաջին նախագահը, աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին 1943 թ. միաժամանակ նաև եղել է Պատմության ինստիտուտի տնօրենը: Օրբելուց հետո այս հաստատությունը ղեկավարել են այնպիսի հռչակավոր գիտնականներ, ինչպիսիք են՝ Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը և այլոք:

Պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը այս ինստիտուտի տնօրենն է 2003 թ.-ից սկսած՝ թվով յոթերորդը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ ոլորտին վերաբերող կարևորագույն թեմաների շուրջ մեր բովանդակալից հարցազրույցն ամբողջությամբ:

Պարոն Մելքոնյան, փետրվարի 23-ին տեղի ունեցավ «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը. կոնկրետ ինչի՞ն էր նվիրված այն, ի՞նչ հարցեր քննարկվեցին, ովքե՞ր էին հյուրերը, ի՞նչ եզրահանգումներ եղան:

2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ‹‹Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում›› խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին: Ինչպես տեսնում եք, վերնագիրն ավելի լայն է, քան կոնկրետ հոբելյանն էր և դա պատահական չէ, քանզի նպատակ ենք ունեցել ցույց տալ, որ հայոց պետականությունն առնվազն 5000 տարվա ընթացքում միայն ընդհատումներ է ունեցել՝ իրականության մեջ գոյություն ունենալով, պահպանվելով շղթայի ամբողջ կառուցվածքով: Ուստի սխալ է այն մտայնությունը, թե հայոց պետականությունը դարեր շարունակ լքել է հայ ժողովրդին: Դա այդպես չէ, որովհետև պետականություն չի նշանակում միայն թագավորություն, այն ունի իր դրսևորումները, անթեղված ձևով հանդես է գալիս մելիքությունների, կիսանկախ իշխանությունների տեսքով և այն թյուր կարծիքը, թե 1045-1918թթ.-երը մենք պետականություն չենք ունեցել՝ իրականության հետ որևէ եզր չունի: Սա քաղաքական առումով ևս շատ կարևոր հանգամանք է. Զաքարյանների իշխանապետություն, սղնախություններ՝ Սյունիքում, Արցախում, Գեղարքունիքում, մելիքությունների հանգամանքը, Արևմտյան Հայաստանում Շատախի, Մոկսի, Սասունի կիսանկախ իշխանությունները, Համշենի իշխանապետությունը, Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Զեյթունի ինքնավարությունն ամբողջ 2 դարվա ընթացքում և այլն…սրանք պետականության դրսևորումներ են, այլ հարց է, որ համահայկական պետականություն մեզանում չի եղել հասկանալի պատճառներով և 1918թ.-ն այդ իմաստով դարակազմիկ իրադարձություն է մեր կյանքում՝ արդեն մայիսի 28-ից սկսած: Եվ այդ ընդհանուր կոնտեքստի մեջ, բնականաբար, անթեղված պետականություների դրսևորման տեսանկյունից կարևորվում է Արցախի տեղն ու դերը: Վերոհիշյալ տարածաշրջաններից բացի Արցախը ևս եղել է հայոց պետականության կրողներից մեկը և իմ զեկույցում (որը լիագումար նիստում նվիրված էր հենց Արցախի խնդրին) ես ցույց տվեցի, որ 428թ.-ին Արշակունյաց թագավորության անկումից հետո հայոց պետականությունը մարզպանական, տանուտիրական Հայաստանի սատրապությունների տարբերակով շարունակեց գոյություն ունենալ Արևելյան և Արևմտյան Հայաստանում և Վահանանց պատերազմի արդյունքում՝ 484թ.-ի Նվարսակի հաշտության պայմանագրի կնքումից հետո հայոց արևելյան կողմերում (խոսքը վերաբերվում է Արցախին, Սյունիքին և Ուտիքին) ստեղծվեց պետականություն՝ ի դեմս Վաչագան Բարեպաշտի, ով կարողացավ Արցախում գոնե պահպանել պետականությունը մինչև Արաբական արշավանքները և պատահական չէ, որ ‹‹Կանոնական հայոցը››՝ առաջին իրավական կարևոր, համակարգող փաստաթուղթը ընդունվեց Աղուենի հայտնի եկեղեցական ժողովի ժամանակ և հետագայում արդեն Բագրատունյաց թագավորության տրոհումից հետո ունեցանք վերընձուղված ձևով պետականություն Տայքում, Տարոնում, այնուհետև Տաշիր-Ձորագետում, մինչ այդ կային նաև Վասպուրականի, Սյունիքի թագավորությունները (վերջինս գոյություն ունեցավ մինչ Բաղաբերդի անկումը՝ 1170 թ.-ը): Այնպես որ, այդ պետականություններն արդեն եղել են, էլ չեմ ասում 12-րդ դարավերջին և 13-ի սկզբին ստեղծված Զաքարյանների իշխանապետությունը, Արցախում՝ Առանշահիկների, ապա նաև Խաչենում՝ Հասան Ջալալյանների իշխանությունը: Վերոնշյալներն այդ պետականության վերակերպումները հասցրեցին մինչև 19-րդ դարի սկիզբ, մինչև Արցախի միացումը Ռուսական կայսրությանը և այդ պետականության գաղափարը պահպանվեց նաև ազգային-ազատագրական շարժումների ընթացքում, իսկ 18-րդ դարի երկրորդ կեսի ծրագրերում, կարևորվելով Արցախի տեղն, ասվում էր, որ հայոց ապագա անկախ պետության առաջին դեմքը՝ թագավորը պետք է լինի հենց Արցախի մելիքներից մեկը: Պատահական չէ, որ 1918-20թթ. Առաջին հանրապետության շրջանում Արցախը փաստորեն շատ կարճ ժամանակում կարողացավ 1920թ.-ի ապրիլի 25-ից հետո միանալ Հայաստանի Հանրապետությանը. մինչ այդ ինքնուրույն կարգավիճակով հստակ պետականություն էր, ինչպես և Զանգեզուրը: Արցախը հստակ պետականություն էր նաև նույնիսկ 1921թ.-ի հուլիսի 5-ի քաղբյուրոյի չարաբաստիկ նիստից հետո, երբ տարածքը միացվեց Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզի կարգավիճակը դա պետական ստատուս էր, որի շնորհիվ պետականությունը որոշակիորեն պահպանվեց մինչև 1988թ.-ի Արցախյան շարժումը:

Գիտաժողովի մյուս զեկուցումներն արդեն նվիրված էին բուն Արցախյան շարժմանը, անկախության գաղափարին և Արցախի ազատագրական պայքարին խորհրդային տարիներին: Արծրուն Հովհաննիսյանը և Վարդան Դևրիկյանը զեկուցեցին Արցախյան շարժման ընթացքում ռազմաքաղաքական խնդիրների մասին, ներկայացրեցին արցախյան պատերազմի ռազմարվեստը, որը շատ հետաքրքրիր, ինքնատիպ խնդիր էր: Գիտաժողովի մասնակից հյուրերից՝ հայտնի Ռեգնում գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը զեկուցեց ազգային պետությունների սկզբունքի մասին ստալինյան ԽՍՀՄ-ում, որտեղ ցույց տրվեց, որ ազգային հարցը խորհրդային տարիներին չի լուծվել և Հայաստանը Արցախի հետ միասին տուժել է ստալինյան մոդելի պայմաններում՝ ունենալով տարածքային կորուստներ: Այդ նույն գործակալության հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովն էլ, ով բազմիցս հանդես է եկել հայկական խնդիրների վերաբերյալ հոդվածներով, խոսեց ՀՀ և Արցախի անվտանգության խնդիրներից՝ աշխարհաքաղաքական համատեքստում:

Հավելեմ, որ գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի ղեկավարներ, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր հետխորհրդային տարածքի հանրապետություններից:

Վերջերս Դուք Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեցիք Վաչագան Բարեպաշտ մեդալով, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ. հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների համար եք արժանացել նման պատվի:

Ինչպես հայ ժողովրդի բազմահազար զավակներ՝ ես ևս Արցախյան շարժմանն ակտիվ մասնակցություն եմ ունեցել, այն ժամանակ Պատմության ինստիտուտի լաբորանտ էի և դեռ 1986, 87, 88թթ.-երին մինչև նույնիսկ փետրվարի 20-ի հայտնի ԼՂ-ի ինքնավար մարզի 20-րդ գումարման նստաշրջանը մեզ մոտ ժողովներ էին հրավիրվում, որտեղ խոսվում էր Արցախը Հայաստանին միացնելու անհրաժեշտության մասին, փորձարկվում էր, այսպես ասած, ‹‹իրական վերակառուցման քաղաքականությունը›› և մեր ինստիտուտն ակտիվիստներից էր, ես էլ նրանցից մեկն էի: Կոնֆերանսի հենց սկզբում ցուցադրվեց մի ֆիլմ, որում ներկայացնում էի դոկումենտալ կադրեր՝ այն ժամանակվա անվտանգության մարմինների կողմից նկարահանած (որոնք ինձ փոխանցել էին արդեն հետխորհրդային տարիներին): Ցուցադրվեց իմ ելույթն ակադեմիայի շենքի դիմաց՝ 1988 թ.-ի փետրվարի 23-ին: Բավականին մեծ թվով մարդիկ էին հավաքվել այդ ժամանակ, Մոսկվայից ևս հյուրեր ունեինք, քաղբյուրոյի անդամներ, ովքեր և Հայաստանի ղեկավարության հետ քննարկում էին իրենց անելիքները ԼՂ-ի ինքնավար մարզի և ընդհանրապես մարզը Հայաստանին միացնելու խնդրի շուրջ: Այնտեղ ես ներկայացրեցի Պատմության ինստիտուտի ժողովի որոշումը, որտեղ հայ գիտնականները փաստում էին Արցախի հայկականությունն ու պատրաստ էին բոլոր մակարդակի հանդիպումներում գիտականորեն ներկայացնելու խնդիրն ու ապացուցելու, որ խոսքը հայակական տարածքների մասին է և այդ պատմական ճշմարտությունը վերականգնելու խնդրի շուրջ են միավորվել հայ պատմաբանները: Այնուհետև ակտիվ մասնակցություն ունեցա Արցախյան շարժմանը և (չեմ ուզում փակագծերը բացել) և հետագայում նաև արդեն բարեբախտություն ունեցա ՊՆ-ի հետ մեկտեղ արդեն շուրջ տաս տարի անընդմեջ դասախոսություններ կարդալ մեր զինվորների համար առաջնագծում՝ Մռավից մինչև Հորադիս ընկած հատվածում: Հաճախ հանդիպումներ ենք ունենում հենց խրամատներում: Պետք է հպարտությամբ նկատեմ, որ ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ միասին իրականացվող ‹‹Պատմության և մշակութային էջեր›› խորագրով այս ծրագիրը շատ արդյունավետ է, կարծում եմ, որ դա էլ իր դերն ունեցավ, որ ԱՀ-ի ղեկավարությունը նման ձևով փորձեց գնահատել իմ վերաբերմունքը:

Մարտի 7-ին ինստիտուտ այցելեց Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և լրատվության նախարար Ջամբուլաթ Ումարովը. որքանո՞վ էր կարևոր այս այցը, ի՞նչ հարցեր քննարկվեցին, համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ սկիզբ առան:

Ոչ միայն Չեչնիայի, այլև Հյուսիսային Կովկասի մյուս ժողովուրդների մոտ հստակ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ՝ հատկապես գիտական առումով, որովհետև նրանց մոտ, ցավոք սրտի, պատմական աղբյուրներ, կարելի է ասել, չեն պահպանվել, նամանավանդ հին և վաղ միջնադարյան ժամանակաշրջանի վերաբերյալ և դեռ խորհրդային տարիներին բազմաթիվ մեր գործընկերներ, հատկապես Աբխազիայից, որոնցից մեկն էլ իմ համակուրսեցի Գումբա Գուրամն էր, այնուհետև նաև Վիտալի Բուդբան եկան մեզ մոտ պաշտպանելու իրենց թեկնածուական ատենախոսությունները՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների վերաբերյալ՝ օգտվելով հայկական աղբյուրներից: Այդ ամենի արդյունքում Գումբա Գուրամն ու Չեչնիայի նախարարը ժամանեցին Երևան, հանդիպումներ ունեցան Հայաստանի իշխանությունների հետ: Մենք երկուստեք համագործակցության վերաբերյալ մի փաստաթուղթ պատրաստեցինք, որը շուտով պետք է կնքենք, համաձայն որի՝ փորձելու ենք վաղ միջնադարյան հայկական աղբյուրների միջոցով վեր հանել Հյուսիսային Կովկասի էթնիկ պատկերը, այդ թվում՝ նաև չեչենների տեղն ու դերը: Նշեմ, որ նրանք վերջին տարիներին Գիտությունների ակադեմիա են ստեղծել և մեծ հետաքրքրություն են հանդես բերում հայկական աղբյուրների նկատմամբ. պայմանավորվածություն կա, որ իրենք պետք է համապատասխան մասնագետների գործուղեն մեզ մոտ, սկսեն ուսումնասիրությունները, մենք էլ՝ փորձենք զբաղվել Հյուսիսային Կովկասի խնդիրներով՝ մեզ հետաքրքրող տեսանկյունից և պատահական չէ, որ մենք էլ հայկական գաղութի պատմության վերաբերյալ առաջարկություններ ենք արել, օրինակ՝ Ռոման Բաղդասարյանը տարիներ առաջ մեզ մոտ պաշտպանեց իր ատենախոսությունը՝ ‹‹Գրոզնու հայկական գաղութը›› թեմայով, որը հիմա ուզում ենք հրատարակել և նախնական համաձայնություն ունենք Չեչնիայի ղեկավարության հետ: Կարծում եմ, սա շատ կարևոր ձեռնարկում է, նամանավանդ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Չեչնիան այդ երկու պատերազմներից հետո հատուկ ուշադրության է արժանացել դաշնային իշխանությունների կողմից, հատուկ ֆինանանասվորում ունի, այսինքն՝ կան նաև այդ համագործակցությունը իրական հիմքի վրա դնելու ֆինանսական հնարավորությունները:

Վերջերս մամուլում հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանում գեներալներ են հավաքագրում՝ Երևանը գրավելու համար…պատմական ի՞նչ ‹‹փաստեր›› են առաջ բերում նրանք այս ձեռնարկման հետ կապված և ի՞նչ կարծիք ունի այդ մասին միջազգային հանրությունը:

Հասկանալի պատճառով մեզանում շատ հիվանդագին են արձագանքել Ադրբեջանի կողմից թույլ տրված այս կեղծիքներին: Ես առիթ եմ ունեցել ասելու, հիմա էլ կկրկնեմ, որ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը միշտ էլ պատմությունը փորձում էր կեղծել շատ նրբորեն և անում էր դա չափի մեջ: Հիմա, անկախության պայմաններում, նավթադոլարների առկայության պարագայում նրանք անցել են բոլոր սահմանները՝ մտնելով անհեթեթությունների դաշտ: Արդեն զավեշտ է այն, որ Երևանն ու Էջմիածինը համարում են ադրբեջանական քաղաքներ ու հոգևոր կենտրոններ. այս պարագայում պատասխանելը կնշանակի արհեստականորեն իջնել իրենց մակարդակի, որովհետև աշխարհն այդ ամբողջը տեսնում և ֆիքսում է: Հավատացնում եմ, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող զանազան միջազգային կոնֆերանսների ժամանակ Ադրբեջանի մասին քմծիծաղով են խոսում: Մեր մասնագետ պատմաբանները, կոլեգաները գտնում են, որ նրանց մոտ վերականգնվել է խորհրդային ժամանակների ավանդույթը, երբ երկրի ղեկավարն է որոշում պատմագիտական խնդիրների ճակատագիրը, երբ նրանց առաջին դեմքն՝ ի դեմս Իլհամ Ալիևի քանիցս հայտարարել է, որ պատրաստ է իրենց պատմաբաններին տրամադրել ցանկացած գումար, միայն թե նրանք ապացուցեն, որ Լեռնային Ղարաբաղն ու նույնիսկ այսօրվա Հայաստանը Արևմտյան Ադրբեջան են՝ արդեն ինքնին հասականալի է դառնում, որ այստեղ գիտության մասին խոսք լինել չի կարող: Եթե նա փորձեր չափի մեջ անել այդ ամենը՝ նաև համաշխարհային հանրությանը ինչ-որ մեսիջներ ուղարկելով, գոնե կարող էր ասել, որ պատրաստ է ցանկացած գումար տրամադրել՝ միայն թե նրանք ջրի երես հանեն ճշմարտությունը: Իսկ հիմա ստացվում է, որ պատմաբանն ազատ գործելու հնարավորություն չունի, նախապես արդեն ստացել է հրահանգը և պետք է ապացուցի անապացուցելին: Այդ տեսանկյունից եթե ասեմ, որ ինչ-որ իմաստով նման անհեթեթությունների հրապարակ գալն ինձ ուրախացնում է՝ մի զարմացեք, որովհետև մենք այս ամենին փորձում ենք շատ դեպքերում պատասխանել ֆելիետոնի մակարդակով: Երբ նրանց, այսպես ասած, ‹‹գիտական աշխարհի ներկայացուցիչները›› գրում են, որ հունահռոմեական աղբյուրներում հանդիպող ‹‹արմենիա››, ‹‹արմեններ›› բառերը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ, դրանք արամեական ցեղերի մասին հիշատակումներ են, արդեն ամեն ինչ ինքնին հասկանալի է, այնինչ ‹‹արմենիա մայոր››, ‹‹արմենի մինոր››, Մեծ Հայք, Փոքր Հայք… հարյուրավոր ու հազարավոր քարտեզների վրա են գծված և գրված որպես հայկական անուններ: Ռուբեն Գալչյանի հրապարակած բազմաթիվ քարտեզները, աշխարհի տարբեր անկյուններից հավաքած, տարբեր լեզուներով դրա վկայությունն են, այդ թվում՝ նաև թուրքական, սուլթանական արխիվներից հանված քարտեզները, որոնց վրա, թույլ տվեք ասել, ‹‹կոտրած ձեռքով›› գրված է էրմենիստան բառը, որի է տառը գտնվում է Արցախի վրա (արաբատառ են, օսմաներեն, նրանք աջից ձախ են գրում) վերջին ն տառը՝ Փոքր Հայքի՝ Սեբաստիայի նահանգի վրա, այսինքն՝ թուրքերն իրենք՝ 1803թ.-ին հրատարակած սուլթանական քարտեզով փաստում են, որ դա էրմենիստան, Հայաստան երկիրն է: Հայոց պատմության ակադեմիական երրորդ հատորի առաջին գրքի մեջ կա այդ քարտեզը: Այնպես որ, ադրբեջանցիները թող շարունակեն նման անհեթեթ հայտարարություններ անել, որոնք, իմ խորին համոզմամբ, միայն իրենց ներքին լսարանին են ուղղված:

Վերջերս մեր հեռուստասեություամբ եթեր էր հեռարձակվում մի հրաշալի նախաձեռնություն՝ ‹‹Հին արքաներ›› բազմասերիանոց պատմական ֆիլմը, որի վերնագիրն արդեն խոսում է բովանդակության մասին. Դուք որպես մասնագետ ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռության վերաբերյալ, արդյո՞ք այն կծառայի իր նպատակին, կկարողանա՞ այն սերունդ կրթել՝ հայրենասիրություն սերմանելով նրանց մեջ:

Ինչպես գիտեք, ես հին Հայաստանի պատմության մասնագետ չեմ, պարզապես հարևանացիորեն առիթ եմ ունեցել այդ ֆիլմից որոշ դրվագներ դիտելու, ասեմ, որ այն հետաքրքրական է այն տեսանկյունից, որ նման բան դեռևս չի եղել, դա նախադեպ է ստեղծում, որ նաև սերիալներ ստեղծվեն այդ ուղղությամբ մեր փառահեղ ժամանակաշրջանի մասին, ինչպես Խորենացին կասեր, որ ինքը կերազեր այդ ժամանակ ծնված լիներ և տեսներ Վաղարշակի, Տիգրանի, Երվանդի, Արամի ժամանակները, բայց, անկեղծ ասած, ինձ այդ ֆիլմում մի փոքր վերապահելի է այն պահը, երբ ամեն վայրկյան, իհարկե, գուցե գեղարվեստական ֆիլմն ավելի հետաքրքրական դարձնելու համար էր սցենարն այդպես կառուցված, բայց պալատական ինտրիգները, սպանություններն ու դավաճանությունները շատ էին… մի բան, որ մեր իրականությանը խորթ է եղել: Ես միշտ ասել եմ, որ ‹‹դավաճանություն›› երևույթ, որպես այդպիսին, մեր հայ իրականության մեջ շատ քիչ է եղել: Փոքր ազգը, որն ուրիշի տիրապետության տակ է եղել, որպես կանոն, իր փրկության ելքը հատվածաբար գտել է դավաճանության մեջ, բայց մենք այդպիսին չենք եղել: Քանի՞սն են նրանք եղել…Վասակ Սյունուն ենք դավաճանի կերպարով ներկայացնում ժողովրդին, բայց իրականում այդ մարդը դիվանագետ էր և դեռևս Նիկողայոս Ադոնցն էր ասում, որ նա մեծ դիվանագետ է եղել, նա փորձել է լեզու գտնել հզոր Պարսակաստանի դեմ՝ հասկանալով, որ ուժերը հավասար չեն և արդյունքում կարող ենք պարտվել, ինչը և տեղի ունեցավ: Իսկ ինչ վերաբերվում է ֆիլմին, ասեմ, որ շատ գովելի է նման նախաձեռնությունը, սակայն, մյուս կողմից էլ ցավ ես ապրում, երբ հասկանում ես, որ զանգվածային տեսարաններ նկարահանելու համար նյութական միջոցներ չեն եղել, բայց, միևնույնն է, նույնիսկ այդքան սուղ միջոցներով էլ մարդիկ կարողացել են ժամանակի պատկերը վերականգնել: Ես կցանկանայի, որ առաջիկայում գումարներ ներդրվեին՝ մեր փառահեղ անցյալի մասին փառահեղ ֆիլմեր նկարահանելու համար: Իմ խորին համոզմամբ, անպայմանորեն գումարներն ‹‹իրենց տեղը կհանեն››՝ հենց հայրենասիրությունը ժողովրդի մեջ ներարկելու և այդ իմաստով իսկական քաղաքացի ձևավորելու տեսանկյունից:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com