Վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունները ատելության խոսքի դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի սահմանները. ՀՀԿ շտաբ

Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ  են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը:

Այս մասին ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

«Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:

Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում՝ վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը, ըստ էության, տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա»,– ասված է ՀՀԿ Կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ։

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com