Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրարշավը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը. Մուրադ Մուրադյան

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրությունների շրջանակներում զրուցում ենք ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի (Արարատի մարզ) պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանի հետ:

Պարոն Մուրադյան, ինչու՞ որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը, ի՞նչ անելիքներ և ասելիքներ ունեք:

Այս հարցն  ինձ շատ են տալիս.  Դուք բավականին նուրբ ձևով հարցադրում կատարեցիք, շատերն ասում են ՀՀԿ-ն թալանել է, կերել  և այսպես շարունակ, ի՞նչ գործ ունես նրանց հետ: Ես միանշանակ ասում եմ՝ այն ժամանակ, երբ շարունակ ասում էի, որ երկրում կոռուպցիա կա՝ շատերը նույնիսկ  ձայն էլ չէին հանում: Այսօր էլ եմ ասում՝ կոռուպցիա կա և իշխանությունն էլ իրենց ձեռքերում է, թող բռնեն, պատժեն, ո՞վ է իրենց խանգարում: Այդ ինչպե՞ս է, որ մարզերում կարողանում եք ստիպել համայնքի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին ձեզ համար ձայներ ապահովել և այսինքն՝ ո՞վ չգիտի, որ  բոլոր ռեսուրսները ձեր ձեռքերում են, ուրեմն նաև գնացեք, բռնեք և պատժեք: Այսօրվա իշխանության ամենավատ կողմերից մեկն էլ հենց սա է,  որ միայն խոսում են:

Ուզում եք ասել, որ մինչ այժմ կոռուպցիայի վերաբերյալ բոլոր հայտարարությունները սոսկ դատարկ խոսքե՞ր են:

Տրամաբանության առարկա կա ԲՈՒՀ-երում, ասեմ՝ տրամաբանենք. աշխատանքի և հանգամանքների բերումով  տարբեր մարդկանց հետ եմ շփվում, ասում են՝ սա թալանեց, նա թալանեց, նա թալանեց, խոսվում է միլիարդավոր դոլարների մասին , բայց ես չեմ տեսնում, որ այդ մարդկանց պատժեն կամ գոնե փորձեն պարզել, թե այդ փողերը որտեղից իրենց: Ես միանշանակ մի բան կարող եմ ասել, որ այս երկրի կապիտալն արդեն արտահանվել է: Համապատասխան կառույցներ կան, որ վճարվում են պետության միջոցներից՝ թող բացահայտեն, թե ուր է գնացել, ո՞վ է թալանել, ո՞րտեղից. մարդ կա ամբողջ կյանքում բիզնես էլ չի արել, բայց բոլոր բարեկամները միլիոնատերեր են, բա այդ գումարները ո՞րտեղից նրանց.  թող սա պարզեն, միայն խոսելու իմաստը ո՞րն է:

Պարոն  Մուրադյան, հաշվի առնելով ՀՀԿ-ի այսօրվա վարկանիշը ժողովրդի աչքում և այն հանգամանքը, որ հետագայում կուսակցությունը, ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից՝ չե՞ք մտածել կուսակցության շարքերը լքելու մասին:

Ես համեմատաբար նոր հանրապետական եմ՝ գրեթե 7 տարի, բայց հպարտ եմ, որ այս շարքերում եմ, ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրարշավը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը: Այս պահին Սերժ Սարգսյանի կողքին չկանգնելը և  այլ տեղում առաջադրվելը իմ կողմից մեծ սխալ կլիներ: Եթե այսօր իմանամ, որ մյուս թեկնածուներից  ինչ-որ մեկն առավելություն ունի, մի լավ բան է արել այս տարածաշրջանում ինձ հետ համեմատած՝ մեծ սիրով կզիջեմ, բայց այսօր այդ մարդուն չեմ տեսնում, իսկ եթե նշեմ նրանց բացասական կողմերը՝ միայն կասեմ, որ որոշ մարդիկ պետք է գոնե մի քիչ նամուս, թասիբ ունենային և չառաջադրվեին:

Այս ամբողջ ամիսների ընթացքում անընդհատ շահարկվում է, թե ՀՀԿ-ն այս չի արել , այն չի արել, հիմա կարող եք նշել գոնե 3 պատճառ, թե ինչու պետք է ընտրել  Ձեզ և այս կուսակցությանն, առհասարակ:

Ես երբեք և  այս էլ արդեն  չորրորդ անգամ չեմ ասել, թե այս կուսակցության անդամ եմ՝ ինձ ընտրեք, եթե կարողացել եմ առաջին անգամ հաղթել հզոր թեկանածուներին, որոնց մեջ նաև կառավարության անդամներ կային, հիմա էլ կհաղթեմ, ինձ կընտրեն որպես Մուրադ Մուրադյանի: Ես երբեք ինձ թույլ չէի տա այլ կուսակցություն գնալու, իսկ ովքեր գնացել են՝ իրենց խնդիրն է, առնետավազքը մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ, թող ամեն մարդ ինքն իր փոխարեն պատասխան տա: ՀՀԿ-ին ընտրելու պատճառներից առաջինը, թերևս, նշեմ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի օրոք երկիրն ավելի ապահով էր, քան հիմա, սա միանշանակ է: Բոլորս էլ լավ տեսնում ենք որոշ գերտերությունների այսօրվա վերաբերմունքը մեր նկատմամբ:  Բավական էր միայն այն, որ ՌԴ նախագահը գնաց Ադրբեջան և պետք է գար Հայաստան, բայց չեկավ, որը շատ վիրավորական է մեզ համար: Ղազախստանը ևս մեր նկատմամաբ լավ չի տրամադրված և այսպես շարունակ: Ես կուզենայի, որ մեր երկիրը լիներ ավելի անվտանգ, ապահով, որն այսօր  չեմ տեսնում:

Երկրորդը, որի համար ես միշտ պայքարել եմ, արդարությունն է.  ո՞վ է ասում, որ նախկինում թերություններ չեն եղել, ինչու հիմա կոռուպցիա չկա՞: Մարդ պետք է կույր լինի, որ նման բան ասի, այն, որ հիմա է կատարվում մի՞թե չեք տեսնում: Այսօր մի խումբ բնակիչներ կանչել են ինձ՝ իրենց պատգամավորին, ում միշտ վստահելով ընտրել են և ցույց են տալիս Մասիս քաղաքի տարածքում գտնվող շուկայում թուրքական ապրանքների առատությունը, որտեղ լոլիկը վաճառվում է 370 դրամով: Եթե դրա միայն մաքսազերծման արժեքը 500 դրամ է՝ հարց եմ տալիս բոլորին՝ եթե միայն այդ 500-ը մուծեին, աշխատանքի ու մշակման գինն էլ գումարած, այդքան կարժենա՞ր: Թուրքն էլ այնքան նվիրված է մեզ, որ չարչարվել, մեքենան բարձել ու ձրի ուղարկում է Հայաստա՞ն, հավատու՞մ եք դրան: Իսկ մեր ժողովուրդը տանջվում, աշխատում , վարկերի ու հարկերի տակ ճռռում է, որ նման իրավիճակում հայտնվի ու մի քանի հոգի էլ հարստանա՞ն: Փորձենք մենք 100կգ լոլիկ, վարունգ տանենք Թուրքիա, տեսնենք կթողնե՞ն: Մի բան էլ ասեմ, գնացեք տեսեք, որ համապատասխան փաստաթղթերում Թուրքիայից ներկրման դիմաց 0 է դրված, բայց շուկաներում ապրանքները հարյուր, հազարավոր կիլոգրամներով լցված են: Կոռուպցիան էլ ոնց է լինում՝ պոզով-պոչո՞վ:

Պարոն Մուրդյան, ՀՀԿ-ի ընդհանուր գաղափարախոսությունից զատ, այս ընթացքում որևէ գաղափարախոսություն որդեգրե՞լ եք:

Իմ գաղափարախոսությունը հավատարմությունն է սկզբունքներիս: Որպես լիարժեք քաղաքական գործից ես ինձ չեմ տեսնում, բայց  իմ կյանքի պատմության մեջ որտեղ էլ աշխատել եմ՝ պատվով եմ արել դա, հակառակ դեպքում 1999թ.-ին ժողովուրդն ինձ ո՞րտեղից  էր   ճանաչում, ընտրում՝ մերժելով այն ժամանակվա ճանաչված ու կուսակցությանը նվիրված հանրապետականներին, որոնք այսօր, անուններ չեմ ուզում նշել, բոլորս էլ տեսնում ենք ուր են գնացել: Ու՞ր են այժմ մի  ժամանակ ՀՀԿ-ին գովերգողները, բայց ես այստեղ եմ և եթե իմ անցած ուղին չլիներ, ինձ չճանաչեին՝  կընտրե՞ին արդյոք: Չկա մի մարդ, որ ինձ դիմած լինի և օգնություն ստացած չլինի : Իսկ այսօր շրջանում մի քանի գող-ավազակի, ովքեր թալանով են զբաղված եղել ու հիմա էլ դարձել են ՔՊ-ի պատգամավորի թեկնածու,  ուզում ես ասել՝ ամոթ է, ձայն մի′ հանեք, եթե այս երկրում օրենք լիներ՝ դուք հիմա արևին պետք է ճաղավանադակից այն կողմ նայեիք և այսպիսինները  դեռ համարձակվում էլ են  քննադատել  ՀՀկ-ին, դուք ձերը տեսեք, ինչե՞ր եք արել:  Ամենաշատը միշտ ես եմ ասել, որ կոռուպցիա կա, հիմա էլ եմ ասում. հազարավոր տոննաներով խոշոր տրամաչափի խողովակներ են հանել տարբեր մարզերում, թալանել, վաճառել, ու՞ր են այդ գումարները, ո՞վ է պատժվել՝ ոչ ոք:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները այս ընտրապայքարում:

Ես երբեք չեմ գնահատել իմ հնարավորությունները, ո՞վ է ասել, որ պետք է պարտադիր չորրորդ անգամ ընտրվեմ, շատ մարդիկ կան, ովքեր պարտվել են ընտրապայքարում, ի՞նչ է եղել իրենց: Շատերն ինձ պարտվեցին և գնացին դարձան Կառավարության անդամ, իրենց գործերը ֆինասնական առումով ավելի լավ է՝ այս կուսակցությունից այն կուսակցություն, այն մյուսից մյուսը: Հիմա չեմ ընտրվի, իմ տարիքն էլ այն չի, որ մտածեմ կամ մտքովս անցնի ես էլ գնամ, վազեմ այս ու այն կողմ, հազարավոր մտերիմ ընկերներ, բարեկամներ ունեմ դրսում, կապեր ունեմ, շուտով նաև թոշակիս ժամանակն էլ է:

Ի՞նչ խոսք,  գուցե նաև հորդոր ունեք՝ ուղղված Ձեր ընտրողներին, ընտրության գնացող ցանկացած քաղաքացու և այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում կամ որոշել են առհասարակ չգնալ ընտրության:

Ես երբեք չեմ ասել ինձ ընտրեք, ասում եմ՝ ժողովուրդ ջան ամենակարևորը մեր երկրի անվտանգությունն է: Ես մի ամիս քառօրյա պատերազմի ժամանակ գիշեր-ցերեկ մասնակցել եմ դրան և այդ մի ամսում ինձ վրա մի բան էր ազդել. շատ դժվար է, երբ երեխադ մահանում և հնարավորություն չի լինում նրա դեմքը տեսնելու: Դրանից դժվար բան այս աշխարհում չկա: Ցանկանում եմ խաղաղություն լինի, անվտանգ երկրում ապահով ապրենք, մեր հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը ճիշտ վարենք,իսկ երկրի ներսում արդարություն լինի, կոռուպցիայի դեմ պայքարն էլ իրական լինի. բա մեր արտաքին պարտքն ո՞վ է փակելու:

ժողովուրդին միայն մի բան կասեմ՝ ում ուզում եք ընտրեք՝ Ձեր խղճի մտոք, ով ինձ կընտրի՝ շնորհակալ եմ, ով էլ չէ՝ էլի շնորհակալ եմ:

 Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com