Ամբողջ ազգը բանկի տոկոսների տակ է. ԲՀԿ–ի քարոզարշավը՝ Աշտարակում (տեսանյութ)

Այսօր առաջնային խնդիրը բանկային խնդիրներ են, բանկերի տոկոսներ են, ամբողջ ազգը բանկի տոկոսների տակ է. Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում 565 000 ընտանիք կա, մեկ մլն վարկառու: «Այս խնդիրը պետք է կարգավորել, ժողովուրդը գոյատևում է, չի ապրում, առողջացման ծրագիր է պետք, որ մարդիկ զգան, որ տեսնեն կա ուշադրություն, կա հնարավորություն: Բանկային համակարգը լոմբարդային համակարգ է, բանկին դիմում են, ոչ թե բարեկեցիկ ապրելու համար, այլ որովհետև ճար չունեն, գիտեն, որ եղածը կորցնելու են, բայց դիմում են փրկելու երեխային, ծնողին, առողջության համար»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով՝ երկրորդ խնդիրը ներդրումների ներգրավումն է: «Ոչ թե պետք է ներդրումների համար խնդրենք, որ գան, այլ պայմաններն այնպես լինեն, որ գան ներդրումներ անեն, պետք է ծրագրեր կազմենք, 100 000 դրամից, մինչև 20 մլն դոլար ներդրումների համար, տարբեր մարզերում, քաղաքներում, որ ինչ ունենք, ժողովուրդը ինչ փորձ ունի, ինչով է աշխատել»,–ասաց նա։

«Իրոք միասին պետք է աշխատենք, մեր կապերը օգտագործենք, հրավիրենք, տեսնենք, օրենք ընդունենք, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավանա, որ պայմաններ ստեղծենք ովքեր արտագաղթել են, հետ գան»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ բնակչության թիվն առնվազն պետք է լինի 3,5-4 մլն:

«Պարզ է հեղափոխություն է եղել, գալիս են, բայց եկել է, ի՞նչ է անում, մնալու տեղ չունի, ՌԴ-ում գոնե մի անկյուն ուներ, մի կտոր հաց կարողանում էր վաստակել: Դրա համար պետք է անկյուն ապահովել, չեմ ասում ձրի տա պետությունը, ո՛չ, ուղղակի հնարավորություն տա, աշխատելու, որ տունը պահի:

Բոլոր գնացածներն էլ կարոտով սպասում են հետ վերադառնալուն, ուղղակի պայմաններին են սպասում, ուզում են հայրենիքում դաստիարակություն ստանան իրենց երեխաները, ադաթով, ավանդույթով, կրթությամբ, եկեղեցով, սրբությամբ»,-ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը նաև նշեց, որ ցավոտ խնդիրներից է նաև առողջապահության համակարգը: «Բոլորը բուժման խնդրի ունեն, օպերացիայի, ստուգման, պետությունը ծրագիր է  ներկայացրել, բայց տեսնում ենք, որ չի արդարացնում»,- ասաց նա և ավելացրեց, որ պետպատվերի շրջանակներում դիմում են, բայց խնդրողի վիճակում են:

«Երեկ Եղեգնաձորում մի տատիկի հանդիպեցի, ոտքը կոտրած է, գիպս մեջ չեն դնում, փող են ուզում, 120 հազար դրամ, բա բժշկությունը այդքան անխի՞ղճ է, որ տատիկի ոտքը գիպսի մեջ չդնեն»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը կրկնեց, որ չլուծվող խնդիր չկա: «Ծառուկյանը ոչ թե եկել է, համոզելու, խնդրելու, որ իր օգտին քվեարկվեն, ասում է, որ արել է, անում է, անելու է անշահախնդիր, ոչ թե պաշտոնի համար»,-ասաց նա:

Ըստ նրա, բոլորը ելույթներ են ունենում, ասում են այս արեք, այն արեք, բայց իրական կյանքում մի խնդիր չեն լուծել: «Ասելը հեշտ է, պետք է գործ ունենա արած … որ ոլորտը վերցրել ենք՝ զարգացրել ենք, ծաղկացրել ենք, մրցունակ ենք դարձել»,-ասաց նա:

Գագիկ  Ծառուկյանը նշեց, որ շատ են նաև հարկային դաշտում անելիքները: «Ես ունեի առևտրի կենտրոն, տեսնելով մարդկանց վիճակը, ասել եմ կառավարողներին, որ մարդկանցից գումար չվերցնեք, թող կայանան, պարտքերը փակեն, տարվա ընթացքում գումար չեն վճարել, բայց կարգավորել են, տանիք են կապել, տաղավարներն են սիրունացրել, տեսել եմ ուրախանում են երկու տարի եմ երկարացրել, էլի են ուրախանում, ասել եմ երեք տարի, փոխանակ վարձը վճարեն, թող տանեն պարտքերը փակեն»,-ասաց նա:
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ պետք է տարբերություն չդնել ՔՊ-ից է, «Լուսավոր Հայաստանից» է, ՀՅԴ–ից է կամ ԲՀԿ-ից: «Մեզ համար հավասար են, մրցակցային, ով կարա լավ անի, ես իրա ցավը տանեմ, ես կողմնակից եմ ցանկացած քաղաքական ուժ, ով կարա իրականացնի այդ ծրագրերը, աշխատանքը, որ ժողովրդի վիճակը լավ լինի, ես նրա կողմնակից եմ, ես անձնական պաշտոնի կարիք չունեմ, այլ կարիք ունեմ, որ ժողովուրդը լավ զգա»,-ասաց նա:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com