ԱՐԹՈւՐ  ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «Իմ առավելությունն՝ հաջողված փորձս է, ինձ ուժ տվողը՝ իմ լոռեցին»

 

 

Դեկտեմբերի 9-ն սպասվող  խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մեր զրուցակիցն է Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից  ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ  թեկնածու Արթուր Նալբանդյանը:

Պարոն Նալբանդյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ռեյտինգային կարգով ԱԺ արտահերթ ընտրություններին:
-Կարծում եմ՝ կառավարման ոլորտում իմ մեծ փորձառությունը, չեմ խուսափի այս բառից, անբասիր աշխատանքը, մեծ նվիրումն իմ մարզի բնակիչներին, նախ՝ որպես Ալավերդու քաղաքապետ, ապա և՝ որպես Լոռու մարզպետ՝ շուրջ 14 տարի, այս տարիներին իրականացված մեծածավալ ծրագրերն, ինձ իրավունք են վերապահում հայցելու լոռեցիների վստահության քվեն:
Այն ինչ թվարկեցի՝ լոկ խոսքեր չեն: Ես այսօր հպարտ եմ, որ կարողանում եմ ազատ ու անկաշկանդ քայլել փողոցով ու շիտակ նայել իմ մարզի ցանկացած բնակչի աչքերին, որովհետև իմ հարաբերությունները թե՛ իմ աշխատանքային կոլետիվների հետ, որոնց հետ պատիվ եմ ունեցել աշխատելու, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու, որոնցից շատերին անձամբ եմ ճանաչում, գործնականից զատ՝ եղել են մարդկային բարձր արժեքների վրա խարսխված:
Դուք երկար տարիներ եղել եք Լոռու մարզպետը և  բնականաբար  ծանոթ եք մարզի բոլոր ենթակառուցվածքներին, ազգաբնակչության և համայնքների   հիմնախնդիրներինարդյո՞ք  Ձեր  աշխատած  տարիների  ընթացքը բավարար է անհրաժեշտ քվեն ստանալ օրենսդիր մարմնում հայտնվելու համար:
-Ծանոթ եմ անխտիր բոլոր համայնքների խնդիրներին, անգամ բնակիչներից շատերին մտահոգող հարցերին, թող զավեշտալի չթվա՝ նույնիսկ ներընտանեկան խնդիրներին: Պատկերացրեք, որ մարդիկ գալիս էին ընդունելության հաճախ միայն խորհուրդ հարցնելու, ընտանեկան վեճը լուծելու կամ երբեմն նույնիսկ՝ պարզապես զրուցելու, մտքերով կիսվելու:
Իսկ եթե ավելի գործնական, ապա, պետք է նշեմ, որ անցած յոթ տարիներին, իսկապես լուրջ պրոյեկտներ են կյանքի կոչվել: Դրանք բոլորը թվարկելու համար, թերևս, օրեր կպահանջվեն: Բայց մի քանիսը կարող եմ նշել. Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման մեկնարկը, Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը, Լոռին՝ իմ կողմից հայտարարված «Սմարթ» մարզ ծրագրի  շրջանակներում՝ «Սմարթ» դասասենյակների հիմնումը դպրոցներում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը, COAF-Սմարթի կառուցումը Դեբեդի գեղատեսիլ կիրճում, զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, որոնց պտուղները վայելում ենք այժմ(վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը Լոռու մարզում եռապատկվել ու քառապատկվել է), կառուցված ու վերակառուցված բազմաթիվ ամբուլատորիաները, դպրոցները, ճանապարհները, այգիներն ու պուրակները: Թող անհամեստություն չթվա, բայց այդ ծրագրերը մարզ բերելու համար երբեմն հարկ է եղել «կենաց-մահու պայքար մղել»: Ու կարևոր չէ, որ այսօր ոմանք դրանք փորձում են վերագրել իրենց: Կարևոր չէ, քանզի ինձ համար առաջնայինը իմ մարզի և ամեն մի լոռեցու բարեկեցությունն է: Այն դժվարին, խնդիրներով ու միաժամանակ բազում ձեռքբերումներով լի ճանապարհը, որ պատիվ եմ ունեցել հաղթահարելու իմ լոռեցիների հետ միասին ու նրանց օգնությամբ, իրավունք է վերապահում ինձ հայցելու նրանց վստահության քվեն:
Իհարկե, չլուծված խնդիրները ևս շատ են: Դրանցից մեկը, որ արժե հիշատակել, աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցի նախաշեմին, մարզում դեռևս աղետի գոտի հասկացության առկայությունն է ու գյուղական համայնքների ավելի քան 300 ընտանիքի չլուծված խնդիրը: Ես լիահույս եմ, որ գոնե 2019թ. նրանք բնակարանամուտ կտոնեն: Սա իմ նպատակն է եղել յոթ տարի շարունակ և ցավում եմ, որ  չկարողացա այն ավարտին հասցենել մի շարք օբյեկտիվ  պատճառներով:
Քաղաքական այս ֆոնին ինչպե՞ս կգնահատեք Ձեր շանսերը, որպես ՀՀԿ ռեյտնգային թեկնածու:
-Արդեն նշեցի, որ ապրածս գիտակցական կյանքը տքնանքով վաստակած կենսագրություն է ու այն ինձ իրավունք է վերապահում վստահ լինելու, որ քիչ չեն այն մարդիկ, ովքեր շարունակում են հավատալ ինձ, ովքեր պատրաստ են կանգնել իմ կողքին, սատարել ինձ:Նրանք նվիրյալներ են ու ես շնորհակալ եմ նրանց:
Եթե, այնուամենայնիվ, ռեյտինգային ընտրակարգով հավաքեք անհրաժեշտ քվե և մուտք գործեք ԱԺ, ո՞րոնք եք համարում մարզի կողմից մանդատ ստացած պատգամավորի առաջնահերթությունները: 
-Ինձ համար առաջնայինը եղել ու մնում է իմ մարզի ցանկացած բնակչի հոգսը, իմ մարզի բարեկեցությունը, զարգացումն ու առաջընթացը: Հետևաբար բոլոր քայլերն ուղղվելու են հենց այս արժեքների նյութականացմանը:
Իմ համոզմունքն այն է, որ ժամանակն արժևորվում, իմաստավորվում, միս ու արյուն է ստանում է միայն այն դեպքում, երբ այն օգտագործում ես հանուն ինչ-որ շատ կարևոր բանի՝ հանուն քո քաղաքի, մարզի  բնակչի, քեզ մոտ ու հարազատ մարդկանց:Ես երբեք չեմ կարող մոռանալ իմ անցած ճանապարհը, մի կողմ քաշվել ու դիտողի դերում լինել, երբե՛ք: Անկախ հանգամանքներից, իրադարձությունների ընթացքից, ընտրության արդյունքներից, ես միշտ իմ լոռեցու կողքին եմ, կրկնում եմ՝ ի՛մ լոռեցու:
Ո՞րն է Ձեր կարգախոսն ու  կոչը ժողովրդին:
-Իմ առավելությունն՝ իմ հաջողված փորձն է, ինձ ուժ տվողը՝ իմ լոռեցին: Հետևաբար կարգախոսս էլ համահունչ է՝ «Հաջողված փորձով, լոռեցիների ուժով»: Իսկ կոչս մեկն է՝ առաջնորդվե՛ք սթափ բանականությամբ:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com