Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի:

Այսօր հրավիրած ասուլիսում Շահնազարյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, իրեն նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել: Ըստ Շահնազարյանի՝ ինքը պատասխանատու է իր հայտարարության ամեն բառի ու փաստի համար:

«Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան այսօր հրավիրում եմ բաց ու հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչեւ 18:30-ը՝ Հ1-ի ուղիղ եթերում: Նախատեսված է, որ ես այսօր լինեմ Պետրոս Ղազարյանի հյուրը, բայց ես նրան էլ եմ հրավիրում»,- հայտարարեց Շահնազարյանը: Ըստ նրա՝ եթե Նիկոլ Փաշինյանը չեկավ եթերի, դրանով կապացուցի, որ ինքը ճիշտ է:

«Եթե նա այսօր չեկավ եթերի, սկսեց իրեն բնորոշ տոնով ասել, դա բացարձակապես սուտ է, բանավեճ չենք անի, կնստենք, կզրուցենք: Դուք չեք կարողանում նույնիսկ գերիների փոխանակման հարց լուծել, մի վախեցեք, որևէ մեկին չենք ասի, որ խորհրդակցել եք, դա այդ մարդկանց կյանքի հարցն է: Եթե նա այսօր եթերի չեկավ, ուրեմն դրանով իսկ կապացուցի այն, որ ինչ այստեղ իմ կողմից հնչեց, բացարձակապես ճշմարտություն է»,- հավելեց Շահնազարյանը:

Ըստ Շահնազարյանի՝ Ալիևը նախապատրաստում է հարձակում իր կողմից, Նիկոլ Փաշինյանը հարձակվում է Արցախի Հանրապետության վրա այս կողմից: Սա, նրա խոսքով, անփորձությունից չէ, այլ քաղաքականություն, որոշ ուժեր նպաստել են, որ Փաշինյանը գա իշխանության։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրով բանակցություններին՝  Դավիթ Շահնազարյանն ասաց, որ բոլորին քաջ հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգերը:

«Այսինքն՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումները: Այդ մասին բազմիցս իրենց բոլոր հայտարարություններում նշել են եռանախագահողները: Երբ եռանախագահներն առաջին անգամ ժամանեցին Երևան՝ հունիսի 13-ին և հանդիպեցին Հայաստանի ղեկավարության հետ, դրանից հետո բոլոր իրենց հայտարություններում բառ անգամ չկա դրա մասին: Եվ խոսքը գնում է բացառապես բովանդակային, սուբստանտիվ բանակցությունների մասին: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ և կարծում եմ՝ արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար: Այդ մասին մամուլով խոսել եմ ամիսներ առաջ: Եվ ցավոք սրտի՝ սա արդեն փաստ է»,- նշեց նա:

Շահնազարյանը հրացադրում արեց՝ այդ դեպքում  ինչի՞ մասին են բանակցում, ի՞նչ բովանդակային բանակցությունների մասին է խոսքը: Բովանդակության մասին, ըստ նրա, գիտակցաբար կամ անգիտակցաբար բարձրաձայնել է ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 25–ին իր ունեցած ելույթում և դրանից հետո ևս մի քանի անգամ։

«Հիշո՞ւմ եք բանաձևը, իր կառավարության համար չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը: Խնդրում եմ ուշադիր եղեք, ներկայիս կառավարության դիրքորոշմամբ այս երկու հասկացողություններն իրարից տարանջատվել են։ Սա արդեն շատ լուրջ նահանջ է այն դիրքորոշումից, որն ունեցել է նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի կառավարությունը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

Նա բացատրեց, թե որն էր նախկին դիրքորոշումը՝ կարգավիճակ տարածքների դիմաց: Այսինքն՝ ըստ էության, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին:

«Երբ այդ երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է, որ կարգավիճակից բացի կարող է լինել ինչ–որ այլ անվտանգության երաշխիք՝ առանց ԼՂ, Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակն ամրագրելու: Այսօրվա աշխարհում բացարձակապես չի գործում անվտանգության այն համակարգը, որը կար Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, և որևէ միջազգային երաշխիք չի կարող ընդունելի լինել, քանի դեռ կարգավիճակն ամրագրված չէ: Ամենաբարձր աստիճանի անվտանգությունը դա հենց կարգավիճակն է: Այսինքն՝ տարանջատելով այս երկուսը՝ սա նշանակում է համաձայնել բոլոր այն տարբերակների հետ, որոնց մասին խոսում են թե Ռուսասանում, թե ԱՄՆ–ում, թե Եվրոպայում»,- ասաց նա:

Դավիթ Շահնազարյանը հավելեց, որ այսինքն՝ բովանդակային բանակցությունները վարվում են այս բանաձևով, որտեղ տարանջատվում է անվտանգությունը կարգավիճակից: Սա նշանակում է որ շփման գծի փոփոխություն՝ առանց կարգավիճակ ամրագրելու, ինչ որ խոստումներ: Իսկ այսօր աշխարհում այն վիճակն է, որ նույնիսկ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի խոստումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների խոստումները չեն կարող լուրջ ընկալվել:

«Կրկնում եմ՝ սա արդեն նահանջ է, այլ ոչ թե զիջում բանակցային գործընթացում»,- ասաց նա: Ներկայիս կառավարությունն, ըստ նրա, այս ձևով է փորձում հիմա բանակցել:

ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը այսօր հայտարարել է, որ Ալիևը այն կողմից է նախապատրաստում հարձակում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այս կողմից հարձակում է գործել Արցախի ռազմական ղեկավարության վրա, ինչը մտածված քաղաքականություն է, որի համար որոշ ուժեր նրան աջակցել են իշխանության գալու:

Դավիթ Շահնազարյանի այդ հայտարարությունը շատ կոնկրետ առնչվում է Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգությանը, և դա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող գործիչը պետք է շատ հստակ մատնացույց անի, թե այդ ինչ ուժեր են, որ նպաստել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, այդ ինչ ուժեր են, որ Հայաստանում իշխանություն են փոխել այն «դավադիր» ծրագրի համար, որից խոսում է Դավիթ Շահնազարյանը: Հակառակ պարագայում, շատ կոնկրետ մատնացույց չանելով այդ ուժերը, նրանց գործողությունները, նրանց հասցեները, Դավիթ Շահնազարյանը փաստորեն լռության է մատնում պետականության դեմ կատարված լուրջ հանցագործություն:

Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետք է առնվազն զրույցի հրավիրի իր նախկին պետերից մեկին՝ նրանից պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչ ուժեր են Նիկոլ Փաշինյանին աջակցել իշխանության գալու հարցում, որպեսզի իրականացվի Արցախի դեմ այն պլանավորված քաղաքականությունը, որի մասին հայտարարել է Շահնազարյանը: Եթե նա չի կոնկրետացնում, չի հայտնում հստակ տեղեկություններ Ազգային անվտանգության ծառայությանը, ապա ստացվում է, որ նա ինքն է գործում Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության դեմ, հանրությանը հայտնում է սադրիչ տեղեկություններ, որոնք կարող են մեծ լարում առաջացնել Արցախի և Հայաստանի հասարակությունների միջև:

Այսինքն՝ Շահնազարյանն այդպիսով գործում է այն «պատերազմի հրձիգության» շրջանակում, որի մասին օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ տարբեր մարդիկ և ուժեր անում են այնպիսի հայտարարություններ, որոնք ընդհուպ դավաճանության եզրում են, և նրանցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու բանակի հակահետախուզությունը:

Իհարկե, չի բացառվում, որ նաև այստեղ է ՀՀԿ-ի ու Դավիթ Շահնազարյանի և ընդհանրապես՝ նախորդ իշխող համակարգի հաշվարկը, որպեսզի նախընտրական շրջանի ավարտին հայտարարեն ՀՀԿ հանդեպ քաղաքական հետապնդումների մասին:

Մյուս կողմից, սակայն, արվող հայտարարությունները պետք է դիտարկել առավելագույն լրջության պայմաններում, քանի որ դեկտեմբերի 9-ը գործնականում զուտ ընտրական շեմ չէ, այն ըստ էության կարող է լինել պարզապես Հայաստանը նախկին իշխող համակարգից վերջնականապես դուրս բերելու մեկնակետ, երբ այդ համակարգը ոչ միայն ներկայացված չի լինի խորհրդարանում որպես իշխանություն, այլ նաև իբրև ընդդիմություն, որևէ դեմքով: Եվ սա իհարկե նախորդ համակարգի համար դառնում է կյանքի ու մահվան հարց, և ըստ այդմ պետք է պատրաստ լինել ամենատարբեր արկածախնդրությունների և սադրանքների:

Այդ համապատկերում պաշտպանության նախարարությունը տարածել է տեղեկություն, որ կորել է կապը հայկական «Սու-25» ռազմական օդանավի հետ, որն ուսումնական ամենօրյա թռիչք իրականացնելու համար օդ է բարձրացել Գյումրիի օդանավակայանից: Կատարվում է փրկարարա-որոնողական աշխատանք:

Ինչի՞ հետ գործ ունենք՝ սադրանքի՞, թե՞ դժբախտ պատահարի կամ տեխնիկական արտակարգ խնդրի հետ՝ չափազանց բարդ է ասել, բայց «դավադիր պատերազմի հրձիգների» պետք է սպասել օդում, ջրում և ցամաքում:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com