Մենք խոսքի տեր, գործի մարդ ենք. Ռաֆայել Այվազյան

                  

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով մայրաքաղաք Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու   Ռաֆայել Այվազյանի հետ զրուցում ենք առաջադրման նպատակների, կուսակցության ծրագրային դրույթների, քարոզարշավի և թեմային վերաբերվող այլ հարցերի շուրջ:

Պարոն Այվազյան, ինչու՞ որոշեցիք  առաջադրել Ձեր թեկնածությունը, ի՞նչ անելիքներ և ասելիքներ ունեք:

Ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ ցանկանում եմ  իմ մասնակցությունն ու ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառավարման ու զարգացման գործում: Օգտվելով առիթից,  ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին՝ վստահության և նման կարևորագույն հարցերում ինձ մասնակցության հնարավորություն ընձեռնելու համար:

Մինչ Ձեզ հետ զրուցելը, նախընտրական շտաբի աշխատակիցներից բազմաթիվ գովեստի խոսքեր լսեցի, մասնավորապես այն, որ Դուք այստեղ մեծ ընտանիք եք ստեղծել. գուցե մտադիր եք ԱԺ-ն է՞լ մեկ ընտանիք դարձնել, միավորել, համախմբել:

Եթե ԱԺ-ում շարունակելու են առաջնորդվել հին ձևաչափերով, թե ով է կարողանում ավելի ճարտար խոսել, որ ժողովուրդն իրեն սիրի կամ ով է ավելի լավ հայհոյում՝ դժվար թե կարողանամ: Այս ամբողջ ընթացքում, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ ԲՀԿ-ն վերոնշյալ ոչ մի գործոնի հաշվին ճանաչման կամ գնահատանքի կարիք չունի , մենք կոնկրետ ծրագրեր ունենք, որոնք բոլորովին էլ երազանք չեն, գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց ռեալ անում ենք այն, ինչը վստահ ենք, որ կարող ենք: Մեր ծրագրային 36 կետերը դրա մասին են վկայում:

Խոսելով ծրագրային դրույթներից՝ նկատենք, որ դրանք 15-ից դարձել են 35. Ինչո՞վ է դա պայմանավորված, Նոր Հայաստանում խնդիրներն ավելի շա՞տ են և այդ կետերից ո՞րոնք են Ձեզ ավելի հոգեհարազատ:

Խնդիրներն ավելի շատ չեն, բայց անհրաժեշտ է, որ դրանց առավել մանրամասն և խորքային լուծումներ տրվեն;

Որպես երիտասարդ, կարևորում եմ երիտասարդ ընտանիքների ապահովության և բարեկեցության հարցը, որում գլխավոր դերակատարումն ունի սեփական անկյունն ունենալու հարցը: Նաև իմ շրջապատի օրինակով ասեմ, որ համարյա բոլորն էլ բախվում են այնպիսի լուրջ խնդրի, ինչպիսին է բնակարանաշինությունը: Այսօրվա դրությամբ,  տարբեր ծրագրերի միջոցով, Երևանում երիտասարդներին տրամադրվելիք բնակարանների արժեքը՝ 1ք.մ-ի համար  մոտավորապես 300 հազար դրամ է կազմում, դրան գումարած  կանխավճարը, բանկի տոկոսադրույք և այլ և այլն: Այսօր  Աբովյան քաղաքում, պարոն Ծառուկյանի աջակցությամբ, իրականացվում է բնակարանաշինության մի հիանալի ծրագիր՝ առանց կանխավճարի ու տոկոսադրույքի, մատչելի գներով,  որը  կարող ենք կատարել նաև Երևանում, ինչի մասին պարոն Ծառուկյանը երեկ բարձրաձայնեց: Երևանում քաղաքապետը տարածք կհատկացնի, մենք էլ խոսքի տեր, գործի մարդ ենք՝ կիրականացնենք այդ հրաշալի նախաձեռնությունը: Այս ամենը արվում է Գագիկ Ծառուկյանի միջոցներով, թիմի օգնությամբ, նկատի ունեմ՝ ոչ թե մենք ենք  անում, այլ՝ կանգնած ենք նրա կողքին՝ միասին իրականություն դարձնելու նմանատիպ կարևորագույն ծրագրերը:

Պարոն Այվազյան, քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին, որպես ամփոփում, խոսենք մի փոքր մրցակցություից քաղաքական ուժերի միջև և նաև ի՞նչ ելք եք նախատեսում ընտրության օրը:

Այն, որ այսօր ժողովուրդին սկսել է հետաքրքրել կուսակցական ծրագրերը, կոնկրետ անձի անցյալն ու ներկան՝ նշանակում է, որ ելքն անխուսափելի դրական է լինելու:

Ձեզ մոտ մտավախություն չկա՞, որ ընտությունների արդյունքում ձևավորվող գերիշխող ուժը նոր ՀՀԿ կդառնա:

Ապագայի մասին գուշակություններ, բնականաբար, չեմ կարող անել, այն, ինչ տեսնում եմ այսօր՝ դրական եմ գնահատում, իսկ թե ինչ կլինի վաղը՝ չեմ կարող ասել, միայն մեր կուսակցության մասով հստակ կնշեմ, որ արդար ենք, եղել ենք այդպիսին և շարունակելու ենք լինել՝ ինչ իրավիճակ էլ լինի:

Ի՞նչ խոսք,  կոչ, գուցե նաև հորդոր ունեք՝ ուղղված Ձեր ընտրողներին, ընտրության գնացող ցանկացած քաղաքացու և այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում կամ որոշել են առհասարակ չգնալ ընտրության:

Իմ ընտրողներին կխնդրեմ, որ մասնակցեն ամեն անգամվա պես, չտրվեն սադրանքների, եթե այդպիսիք կլինեն, իհարկե, իսկ այն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում գնալ ընտրության կամ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն, պետք է գիտակցաբար ընտրեն  որևէ ուժի կամ թեկնածուի, ոչ թե հաշվի առնեն հարևան-բարեկամ հանգամանքները, քվեարկությունը կատարեն միայն խղճի մտոք և, որ ամենակարևորն է, չմոռանան, որ դեկտեմբերի իննից հետո  գալիս է դեկտեմբերի տասը և դա վերաբերվում է նաև քաղաքական ուժերին, թեկնածուներին ու ընտրությանն այս կամ այն կերպ առնչվող ցանկացած անձի:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

 

 

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com