Գիտությունը քաղաքականություն չի ճանաչում.  Ա. Միքայելյան

 

Կարևորելով գիտության տեղն ու դերը երկրի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել հայկական գիտական օջախների գործունեությունն՝ այս անգամ ևս հանգրվանելով Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին տեղակայված ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: Այն հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: Այն համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը: 1946 թվականից ի վեր Բյուրականում են անցկացվել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև` Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։ 1998 թվականից Բյուրականի աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Հիշեցնենք, որ մեր վերջին տեղեկատվական, բազմաբովանդակ հարցազրույցը կատարել ենք Աստղադիտարանի նախկին տնօրեն Հայկ Հարությունյանի հետ: 2017թ.-ից տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արեգ Միքայելյանը, ով մեր հարցմանն ի պատասխան իր կյանքի և գործունեության մասին կարճ ակնարկի վերաբերյալ ասաց, որ իր համար ամենակարևորը մասնագիտությունն է և մնացած ամեն ինչը երկրորդական է համարում: Վերջինս մեզ հետ զրույցում պատմում է Աստղադիտարանում իրականացվող աշխատանքների, ծրագրերի, համաշխարհային մակարդակով հայ աստղագետների գրանցած արդյունքների, Վիկտոր Համբարձումյանի գործը պատվով շարունակելու մասին և ոչ միայն. ‹‹Ես մասնագիտությամբ և էությամբ աստղագետ եմ, բայց գործի բնույթով ստիպված եմ եղել որոշ պաշտոններ զբաղեցնել. ինձ համար պաշտոնը գործունեության ոլորտ է: Իմ մասին խոսելուց՝  խոսելու եմ գործերից, գիտությունից: Առաջնահերթ, թերևս նշեմ, որ 2001թ.-ին պաշտոնապես ստեղծեցինք թե′ Վ. Համբարձումյանի, թե′ իմ և թե′ մեր մյուս աստղագետների վաղեմի երազանքը համարվող Հայկական աստղագիտական ընկերությունը, որի ուղղությամբ քայլեր էին ձեռնարկվում դեռևս 60-ական թթ.-երից: Պետք է հպարտությամբ նշեմ, որ ես այդ ընկերության հիմնադիր նախագահն եմ եղել և այդ հանգամանքն էլ հենց, կարելի է ասել, հիմնականում ազդարարեց իմ մասնագիտական-կազմակերպչական գործունեության սկիզբը: Այնուհետև անցում կատարեցինք երեք համանախագահների համակարգի:

Հայկական աստղագիտական ընկերության կարևորությունը կայանում էր նրանում, որ նպատակ էր դրված  կապվել արտասահմանցի հայ աստղագետների հետ: Իմ կատարած ուսումնասիրությունների արդյունքում (տվյալների շտեմարանը հիմա էլ կա) ամբողջ աշխարհում 257 հայ աստղագետ գտա, որոնցից մոտ 60-70 հոգի են իրենց գործունեությունը ծավալում ՀՀ-ում՝ 42-ը Բյուրականի աստղադիտարանում և ևս 20-30 հոգի կան աստղագիտությամբ զբաղվող ֆիզիկայի և այլ ինստիտուտներում, ԵՊՀ-ում: Իսկ արտասահմանցի աստղագետների մի մասը հենց սփյուռքահայեր են, մնացածն էլ՝ այստեղից գնացած մեր նախկին աշխատակիցներն են: Այս ամենն էլ հիմք հանդիսացավ նման ընկերության ստեղծման համար: Այն այնքան հեղինակություն ձեռք բերեց, որ դրան նույնիսկ այլազգի աստղագետներ սկսեցին անդամագրվել, ովքեր մշտապես սերտ կապերի մեջ են մեզ հետ:

Երկրորդ ձեռքբերումը, որը նույնպես շատ կարևոր եմ համարում, 2005թ.-ին ստեղծեցինք Հայկական վիրտուալ աստղադիտարանը: Այն, ի տարբերություն, իրական աստղադիտարանի, երբ աստղադիտակը ուղղելով երկնքի որևէ հատվածի դիտումներ ենք իրականացնում, ամբողջ աշխարհի բոլոր աստղադիտակների՝ թե′ ցամաքային թե′ տիեզերական, թե′ տարբեր ժամանակների, տարբեր մեթոդներով, էլեկտրամագնիսական ալիքների տարբեր տիրույթներում դիտված արդյունքները համադրվում են և համատեղ նոր գիտական հայտնագործություններ կատարվում: Վիրտուալ աստղադիտարանը մեծ թռիչք էր, մեծ հնարավորություններով, այն մի միջավայր է, որտեղ ավելի բարձր արդյունավետության գիտական հետազոտություններ են կատարվում:

Աշխարհում կա ընդամենը 20 երկիր, որոնք ունեն վիրտուալ աստղադիտարանների նախագծեր, որոնցից մեկը հայկականն է, և ես հպարտանում եմ դրանով, քանզի աշխարհի գերտերությունների (Ռուսատանի Դաշնություն, ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և այլն) կողքին Հայաստանն է: Աստղագիտության մակարդակը, փաստորեն, թույլ է տալիս լինել այդ երկրների կողքին. ի դեպ, ես ինքս հիմա վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի գործադիր խորհրդի անդամ եմ և բոլոր հարցերը աստղագիտության վերաբերյալ՝ նոր ուղղությունները, նորարարությունները, զարգացման միտումները, միասին ենք քննարկում, այսինքն՝ Հայաստանը մասնակցում է դրան: Կարող եմ ասել, որ մի քանի դեպքեր են եղել, որ շատ երկրներ դիմել են անդամագրվելու համար և մերժում ստացել: Ես ինքս մտածում էի, որ բոլորին էլ կարելի է ընդունել, բայց համարվում է, որ որևէ երկիր պետք է բավարար ներդրում ունենա, որպեսզի անդամագրվի։ Օրինակ՝ Չեխիայի վիրտուալ աստղադիտարանը չի ընդունվել, Ուկրաինայինը երրորդ անգամից ընդունվեց և այլն:

Հպարտությամբ ասեմ նաև, որ 2007թ.-ին Բյուրականում կազմակերպել ենք Եվրոպական աստղագիտական համագումարը, որը միշտ եղել է Եվրոպայում և այդ տարի բացառություն եղավ, քանի որ Հայկական աստղագիտական ընկերությունը դարձավ Եվրոպական աստղագիտական ընկերության կոլեկտիվ անդամ և այդ համագումարը մեզ մոտ անցկացնելու իմ առաջարկը մեծ սիրով ընդունվեց: Դա երևի մեր երկրում երբևէ անցկացված ամենախոշոր և կարևոր գիտական իրադարձությունն է: Բյուրականը կոնֆերանսներ անցկացնելու տեսանկյունից միշտ առաջատար է եղել, և հիմա էլ նույն ոգով շարունակում ենք:

Է՛լ ավելի կարևոր հանգամանք. 2015թ.-ին ՀՀ-ն դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն. այս խոշոր տարածաշրջանը կոչվում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան: Միջազգային աստղագիտական միությունն աշխարհում ունի 10 տարածաշրջան, որտեղ երկրները միավորվել և համակարգվում են մի կենտրոնի կողմից: Պետք է նշեմ, որ նման կարգավիճակ ստանալը բավականին բարդ գործընթաց է. մեզ մոտ այն երեք և կես տարի տևեց, որի համար պետք էր նաև հարևան երկրների պաշտոնական համաձայնությունը. պատկերացրեք որևէ ոլորտում, որ մեր հարևանները՝ հիմնականում մուսուլման երկրներ, մեզ զիջեին ինչ-որ հարցում, միակ քրիստոնեական երկիրը Վրաստանն է, բայց առավել ևս, նա երբեք չէր համաձայնվի, որ Հայաստանը որևէ ոլորտում լինի ավելի բարձր, քան իրենք, բայց աստղագիտության մեջ ճանաչել է մեզ, մեր համագործակցությունները, հարաբերություններն ու դիրքերն այնպիսին են, որ իրենք ընդունում են, սա թերևս եզակի ոլորտ է այդ առումով: Որքան ուժեղ պետք է լինենք, որ հարևանները պաշտոնապես ճանաչեն, ավելին, համակարգողը, կենտրոնն էլ մենք լինենք: Ադրբեջանը խաղից դուրս է այս ոլորտում, և չնայած նրանք մեր քաղաքական հակառակորդներն են և եթե այս ոլորտում դիմեն՝ մերժել չենք կարող՝ համաձայն օրենքի, որովհետև գիտությունը քաղաքականություն չի ճանաչում, այն ավելի բարձր է, և ըստ պայմանների Միջազգային աստղագիտական միությունից ինձ նույնիսկ խնդրեցին, որ նամակ ուղարկեմ Ադրբեջան և առաջարկեմ իրենք էլ միանան մեզ: Ես իմ պարտքը համարելով դա՝ արեցի, բնականաբար, ոչ մի արձագանք նրանց կողմից և ես նույնիսկ ուրախ եմ դրա համար, որովհետև այս պահին նրանց հետ աշխատել էլ չի լինի, բայց Թուրքիան միացավ և երբեմն, կես կատակ, կես լուրջ ասում եմ՝ Թուրքիան հպատակվեց մեզ այս մի հարցում և նույնիսկ  ուրախ են մեզ հետ աշխատել››,- ասաց Ա.Միքայելյանը:

Պետք է նշել, որ 2013թ.-ին Բյուրականը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է նաև ազգային արժեք, որի համար պայքարել ենք դեռևս 1990-ականներից: Այդ կարգավիճակի շնորհիվ 2014թ.-ից Աստղադիտարանի ֆինանսավորումը եռապատկվեց: Այդտեղ իր և մյուս աստղագետների ջանքերը կարևորելուց բացի Ա. Միքայելյանն առաջին հերթին կարևորում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի դերը:

2011թ.-ին էլ Բյուրականում կատարված աստղագիտական մի մեծածավալ դիտողական աշխատանք՝ Մարգարյանի սպեկտրադիտական շրջահայությունը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական արժեքների ցանկը. ‹‹Դա եզակի հաջողություն է, ընդհանրապես բացառիկ բան է, որ գիտության արժեքը այդ ցանկերում է և դա մեծ պատիվ եմ համարում: Պետք է ասեմ, որ Բյուրականի աստղադիտարանի այդ կարևորագույն շրջահայության թվայնացման աշխատանքները ես ինքս եմ կատարել, որը հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներից մեկն էր արժեքի պահպանման տեսանկյունից, բայց հիմնականը ակադեմիկոս Մարգարյանի դիտողական աշխատանքն է: Խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների մասին, կցանկանայի մի փոքր տեղեկատվական ակնարկ կատարեի, որովհետև այսօր, ցավոք, ոչ բոլորն են տեղյակ դրանց տեսակների և կարևորության մասին. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 ցանկ՝ համաշխարհային ժառանգություն, ոչ նյութական արժեքների ցանկ և փաստագրական արժեքների ցանկ: Առաջին երկուսը ստեղծվել են 1970-ական թթ.-երի սկզբներին, իսկ վերջինը 1991թ.-ին: Մեր ազգային ամենամեծ արժեքը՝ Մատենադարանի ձեռագրերը, փաստագրական արժեքների ցանկում են, երկրորդը՝ վերոնշյալ աստղագիտական շրջահայությունն է և երրորդը, որն ընդգրկվել է վերջին տարիներին, Արամ Խաչատրյանի նոտաներն են: Այսպիսով, երեք արժեք ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական ցանկում, երեքը՝ համաշխարհային ժառանգության և հինգը՝ ոչ նյութականի: Մարդկանց զգալի մասը ցավոք այս ամենի մասին անտեղյակ է:

Սա կարևոր է նաև տուրիզմի տեսանկյունից, որ մարդիկ տվյալ երկիր այցելելուց առաջ հետաքրքրվում են, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ում ինչ արժեք կա գրանցված, որ գնան նայեն: Այս տեսակետից միջազգային ճանաչումը պետք է կարևորել››:

Խոսելով գիտաժողովների  մասին Աստղադիտարանի տնօրենը նշեց, որ մի քանի խոշոր գիտաժողովներ են անցկացվել այս տարիների ընթացքում, վերջինը՝ 2013թ.-ին, որոնցից երեքը անցկացվել է Համբարձումյանի օրոք, երեքը՝ նրա մահվանից հետո: Դրանք (Միջազգային աստղագիտական միության գիտաժողովները) ամենաբարձր վարկանիշն ունեն աստղագիտության մեջ: Նա նշեց, որ Բյուրականի աստղադիտարանը գիտաժողովների կազմակերպման և անցկացման առումով աշխարհում շատ հայտնի է և հպարտությամբ հավելեց, որ վիճակագրության համաձայն Բյուրական գյուղը մտնում է աշխարհի տասը խոշորագույն քաղաքների ցանկի մեջ, որտեղ ամենահաճախն են միջազգային աստղադիտական գիտաժողովներ անցկացվել. ‹‹Վերջերս Վիեննայում ՄԱՄ-ի գործունեությանը նվիրված գիտաժողովի շրջանակներում իմ զեկույցի ժամանակ հատուկ շեշտեցի այդ փաստը: Համբարձումյանը իհարկե հպարտ կլիներ, որ կարողացել ենք այսքան բաներ անել, որ նախկինում երազանք էր:

1987թ.-ին Վ. Համբարձումյանը Բյուրականում առաջին անգամ անցկացրեց միջազգային երիտասարդական ամառային դպրոց և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այլևս չեղավ. դա նկատի ունենալով, 1990-ականներից հնարավորություններ եմ փնտրել այդ մակարդակի ամառային դպրոցներ անցկացնելու և 2006թ.-ին հաջողվեց սկսել մի շարք, որը պաշտոնապես  կոչվում է Բյուրականյան միջազգային ամառային դպրոցներ (Byurakan International Summer Schools), որոնք անցկացվում են ամեն երկու տարին մեկ շատ բարձր մակարդակով՝ աշխարհի տարբեր երկրներից եկած ուսանողներով (գերմանացի, իտալացի, բուլղարացի, լեհ, ֆրանսիացի, ռուս, ուկրաինացի և այլն) և համաշխարհային լավագույն աստղագետների դասախոսությամբ: Վիեննայում, նույն գիտաժողովի շրջանակներում, մեկ այլ զեկուցման մեջ, որ նվիրված էր երիտասարդական դպրոցներին՝ ասվեց, որ մանրակրկիտ վերլուծության են  ենթարկվել բոլոր միջազգային աստղագիտական դպրոցները (իսկ դրանք մոտ 40-ն են), որի արդյունքներով «թոփ» եռյակի մեջ մերն է՝ բյուրականյան դպրոցների շարքը և ես մեծ հպարտութայմբ լցվեցի: Նշեմ, որ վերջին դպրոցն անցկացվել է այս տարվա սեպտեմբերին՝ 11 երկրների ուսանողներով և ևս 7 երկրների դասախոսներով:

Իհարկե, գիտնականի համար շատ ավելի կարևոր է գիտական արդյունքը, պետք է նշեմ, որ իմ ղեկավարած գիտահետազոտական խումբը զբաղվում է ակտիվ գալակտիկաների բազմաալիքային որոնումներով և հետազոտություններով: Որոնումների արդյունքում մեզ հաջողվել է հայտնաբերել չորս և կես հազար նոր տիեզերական մարմիններ, որոնք բազմակողմանի ուսումնասիրության են ենթարկվել և վերլուծությունների շնորհիվ  հայտնաբերել ենք մի շարք վիճակագրական հատկություններ: Հիմա իմ գիտահետազոտական բաժինը կոչվում է «Աստղագիտական շրջահայություններ»՝ Astronomical surveys: Շարունակվում են նաև ողջ արխիվի թվայնացման աշխատանքները։ Բյուրականում երկու խոշորագույն աստղադիտակներ են աշխատում. ընթացիկ դիտումները շատ կարևոր եմ համարում՝ լուրջ գիտական արդյունքների հասնելու ճանապարհին››,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա. Միքայելյանը:

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com