«Ընտրվելու դեպքում պատրաստ եմ օր ու գիշեր ծառայել  գյուղի և գյուղացիների խնդիրները լուծելու գործին» .Գարիկ Նազարյան

 

 

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում  փետրվարի 17-ին սպասվող ՏԻՄ ղեկավարի արտահերթ ընտրություններում թեկնածուների պակաս չկա,  որտեղ առաջադրվել են 5 թեկնածուներ: Այդ ֆոնին մենք հանդիպեցինք անկուսակցական  համայնքապետի թեկնածու Գարիկ Նազարյանին, ով ունի   ծառայողական և վարչարարության   երկար տարիների աշխատանքային փորձ, ում հետ   զրուցեցինք  համայնքի խնդիրների, քարոզարշավի, անելիքների մասին:

 

Պարոն Նազարյան, ի՞նչու  առաջադրեցիք Ձեր թեկնածությունը:

-Մեր գյուղի ազգաբնակչության և ժողովրդի հրամայական պահանջն էր, որ ես համաձայնեցի առաջադրել իմ թեկնածությունը: Բացի այդ հեղափոխությունից հետո մոտեցում է փոխվել և  յուրաքանչյուր սրտացավ ու գործունյա մարդ կարող է իր գյուղի բարօրության համար առաջադրել իր թեկնածությունը:

Համայնքը ի՞նչ խնդիրներ ունի ,և Ձեր ընտրվելու պարագայում ի՞նչ առաջնահերթ խնդիրների եք լուծումներ տալու:

-Իմ պատկերացմամբ համայնքում այնպիսի խնդիրներ կան , որոնց լուծումը վաղուց կարելի էր գտնել: Խնդիրները շատ – շատ են … միայն վերջին երկու ամիսներին է, որ գյուղում գիշերային լուսավորության և գազաֆիկացման մասին են մտածել, չնայած  նրան, որ Մալիշկան Վայոց Ձորի մարզի խոշոր  համայնքներից է : Ճանապարհների վիճակը շատ անմխիթար է , ոռոգման ջրի համակարգի լուրջ խնդիրներ ունենք, որի արդյունքում հողատարածքներ կան, որ  անմշակ են մնում: Փողոցներն անբարեկարգ են, ժամանկ առ ժամանակ միայն  խճապատում են, որը խնդիրը չի լուծում:

Իսկ  ընտրվելու դեպքում նախ և առաջ պատրաստ եմ օր ու գիշեր ծառայել իմ գյուղի և գյուղացիների խնդիրները լուծելու գործին , որպեսզի ինձ ուղղված վստահության քվեն  կարողանամ արդարացնել: Ժողովրդին   այսօր այդ հնարավորությունը  տրված է  ընտրելու  և պահանջելու , որը  կարծում եմ  նա փետրվարի 17-ին ռեալ կիրացնի: Ծրագրային առումով   առաջնային լուծում կտրվի վերոհիշյալ՝ ոռոգման ջրի, ճանապարհների ասֆալտապատման , բարեկարգման և համայնքային նշանակության  այլ խնդիրներին:

Գյուղի տնտեսական զարգացման առումով ես պատկերացնում եմ գյուղատնտեսության (խաղողագործության), անասնապահության ճյուղերի զարգացումը , դրանց համար նպաստավոր պայմանների ստեղծումը , ինչպես նաև  տուրիզմի զարգացումը քանիոր մեր գյուղը հարուստ է այնպիսի  պատմամշակութային արժեքներով , որը լուրջ խթան է զբոսաշրջիկների այցը  ներգրավելու  համար: Ես պատրաստ եմ ընտրվելու դեպքում լիազորությունների շրջանակներում իմ գյուղի համար  կազմակերպել   ռացիոնալ աշխատանք:

 

Ինչպիսի՞ քարոզարշավ եք պատրաստվում անցկացնել, ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերը:

-Շատ ակտիվ քարոզարշավ ենք պատրաստվում իրականացնել, բնակչության հետ հանդիպումներ, քննարկումներ,  կմատնանշեմ խնդիրները, լուծման ուղիները: Իսկ թեկնածուներիս միջև կարծում եմ ձևավորված է առողջ միցակցություն հաշվի առնելով, որ բոլորս նույն գյուղից ենք և  մեկս մյուսին լավ ենք ճանաչում:

Քարոզարշավի համար ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

-Ա՛յո, Միասին զարգացնենք մեր գյուղը:

Ձեր կոչը, խոսքը համագյուղացիներին՝ քարոզարշավի մեկնարկին:

-Ստեղծվել է հարմար մի իրավիճակ, որ գյուղացիները վերջապես  կարող են ազատ ռեալիզացնել իրենց ազատ կամքը ընտրելով համայնքապետ: Համագյուղացիներիս հորդորում եմ, որ  ռեալ վերաբերվեն  ընտրությանը, մի կողմ թողնեն նեղ ազգակցական կապերը և փոխարենն բաց և թափանցիկ ընտրություն կատարեն իրենց գյուղին արժանի  համայնքապետ ընտրելով:

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com