Ով կհանդգնի ընտրակաշառք առաջարկել՝ պետք է գնդակահարել նրան. Կարեն Մկրտչյան

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես ՀՀ մի շարք մարզերում, փետրվարի 17-ին քաղաքապետի արտահերթ ընտրություններ են, որի շրջանակներում զրուցում ենք առաջադրված 8 թեկնածուներից մեկի՝ Կարեն Մկրտչյանի հետ: Մյուս թեկնածուների հետ մեր զրույցները կներկայացնենք հաջորդ հրապարակումներում:

Պարոն Մկրտչյան, ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը, նախընտրական ի՞նչ ծրագրեր ունեք:

Նախ շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար: Ասեմ, որ 2017թ.-ի նոյեմբերի 13-ից նշանակվել եմ Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ, այդ ընթացքում ունեմ կատարված աշխատանքներ, ուսումնասիրել եմ և խորքային գիտեմ ժողովրդի բոլոր խնդիրները, ուժերիս վրա վստահ եմ, որ կկարողանամ լուծում տալ դրանց: Ամենակարևորն այն է, որ ծնվածս օրվանից ապրել եմ Վարդենիս համայնքում և մինչև համայնքի ղեկավարի տեղակալ նշանակվելն՝ արդեն իսկ տեղյակ էի բոլոր խնդիրներին և ունեմ համապատասխան մասնագիտությունը, որակները, որպեսզի լուծեմ դրանք, չնայած այս ամենի մասին ես պետք  է չասեմ՝ ինքնագովազդով չզբաղվելու համար, դա պետք է ժողովուրդը փաստի: Մինչ ծրագրերին անդրադառնալը՝ խոսեմ կատարված աշխատանքների մասին. նախ նշեմ, որ համայնքում առաջնահերթը դա բազմաբնակարան շենքերի տանիքների, կոյուղագծերի, բակերի անմխթիթար վիճակն է, խաղահրապարակներ գոյություն չունեն, ճանապարհները, չնայած, հիմնականում ասֆալտապատ են, բայց դեռ երկրորդական փողոցներ ունենք, որ գտնվում են ահավոր վիճակում և մեր համայնքի բյուջեն այնքան սուղ է, որ քաղաքի ամբողջական ասֆալտապատումն իրականացնելն անհնար է, բայց փոսալցման աշխատանքներ պարբերաբար պետք է կատարվեն: Բազմաբնակարան շենքների առումով ասեմ, որ 2016թ.-ից քաղաքականության մեջ եմ, այդ ժամանակ ուսումնասիրելով խնդիրները, նաև՝ մարդկանց հետ բարրձրացել եմ  շենքների ամենավերջին հարկերը, իմ աչքով տեսել դրանց վիճակը, նշանակվելուց հետո ձեռնամուխ եմ եղել այդ աշխատանքներին, որոշակի չափով աջակից լինելով և համագործակցելով ‹‹Կամրջակ›› ՍԲՀԿ-ի հետ, հասել եմ նրան, որ 2018թ.-ին մեկ ամսվա ընթացքում հիմնովին վերանորոգվել է 3 բազմաբնակարան շենք, ընդ որում՝ երկուսը  Բանավան թաղամասում, մեկը՝ Վարդենիսի կենտրոնական հատվածում: Այստեղից անցնեմ ծրագրին. 2019 թ.-ին նույն բարերարի հետ արդեն ունեմ պայմանավորվածություն, հաստատված ծրագիր, որի շրջանակներում թվով վեց բազմաբնակարան շենքի  տանիքները հիմնովին կվերանորոգվեն, որից չորսը կրկին Բանավանում, որովհետև այդ թաղամասը միշտ  անտեսված է եղել: Կառավարության հետ ևս նախատեսվում է համատեղ մի ծրագրի իրականցում, համաձայն որի՝ համայնքի Կենտրոնական փողոցի բոլոր մայթերը, մայթերի եզրաքարերը հիմնովին կվերանորոգվեն, քանի որ առանց մայթերը վերանորոգելու չենք կարող հասնել քաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանը:  Որպես համայնքի ղեկավարի տեղակալ՝ հիմնականում զբաղվել եմ ծրագրային դրույթներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքի բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ՝  արդեն հաստատված ծրագրով համաձայնություն է ձեռք բերվել, որ  մոտավորապես 100-200 սոցիալապես անապահով ընտանիքների անհատույց կտրամադրվեն 4-5 հատ ոչխար՝ 2 տարի չվաճառելու պարտավորվածության պայմանով  և դրանք  բազմացնելուց հետո նոր կտնօրինվեն սեփական հայեցողությամբ: Վարդենիսում նաև ունենք ազատ հողատարածքներ, մոտ 1-2 հա, հովանավորի հետ, հաստատված ծրագրի շրջանակներում, կրկին սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի գարնանացանի սերմանցուներ: Նաև, հաշվի առնելով այս հանգամանքները, մի ծրագիր եմ գրել, որով  նույն ‹‹Կամրջակ›› ՍԲՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում համայնքին կտրամադրվի մի քանի անուն գյուղատնտեսական տեխնիկա՝ 1 հատ կոմբայն, 2 հատ «Բելոռուս T 80» մակնիշի տրակտոր և գյուղատնտեսական գործիքներ: Ունենալով գործիքները և սերմանցուն՝ կաջակցենք բնակիչներին՝ իրենց  սոցիալական վիճակը որոշ չափով բարելավելու համար: Բնականաբար, շեշտը չի դրվելու միայն օգնության վրա, իմ թվարկածները որոշ չափով նաև զբաղվածության հարց են լուծելու, մեր բնակչությունն աշխատասեր է  և մենք կաջակցենք, որ կարողանան ոտքի կանգնել: Բացի դրանից մի ծրագիր ևս կա, որի ղեկավարը ես եմ, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի և զարգացման նախարարության հետ ենք կազմել, մոտ օրերս տենդեր  կհայտատրերենք, համայնքը կզինվի տեխնիկայով՝ 1 «Գրեդել» գրեդել մակնիշի մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ JCB տրակտոր, Bobcat, Կամազ և Ուազ մակնիշի մեքենաներ: Այս  ծրագրի հիմնական բաղադրիչը հենց ճանապարհների սպասարկումն ու կոմունալ բարեկարգումն է: Նշեմ, որ ծրագիրը իրականացվում է խոշորացված համայնքներում, բայց հաստատման են արժանանում նրանք, ովքեր կարողանում են հիմնավոր, պատշաճ ներկայացնել այն: Գյուղատնտեսական տեխնիկան իմ համագործակցությամբ և բարերարի աջակցությամբ անհատույց կնվիրաբերվի համայնքին:

Ինչպես գիտենք, Վարդենիսը խոշորացված համայնք է, իր կազմում ունի 3 վարչական բնակավայրեր , որտեղ մեծ խնդիր են ճանապարհները, որոնք անանացնելի են հատկապես ձմռանը. տեխնիկա ունենալու դեպքում մեկ տարվա ընթացքում հողային աշխատանքներով ճանապարհները կվերանորոգենք, կհասնենք նրան, որ դառնան անցանելի, բայց ես նպատակ ունեմ ընտրվելու դեպքում, 1-5 տարվա ընթացքում,  ամբողջովին ասֆալտապատել, քանի որ դրանք ամեն ինչից զատ՝ նաև ռազմավարական նշանակություն ունեն՝ ԼՂՀ մուտք գործելու առումով: Այնտեղ նաև խմելու ջրի հետ կապված խնդիր ունենք, հաշվարկել ենք, որ 27-30մլն. դրամի ներդրմամբ  ջրագիծը հիմնովին կվերանորոգվի, որը խմելու ջրով կապահովի Վերին Շորժան և այլ բնակավայրեր: Տանիքների խնդիր ևս կա. ծրագիր եմ ներկայացրել և հովանավորի կողմից հավանություն ստացել, որով 10-15 սոցիալապես անապահով ընտանիքների տան տանիքները հիմնովին կվերանորոգվենք: Ծրագրերիս մեջ է մտնում մշակութային կյանքին մեծ թափով զարկ տալ (չնայած վերջին 1 տարվա ընթացքում Վարդենիսը որոշ չափով երիտասարդացվեց). մշակույթի բնագավառում շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնց շնորհիվ Վարդենիսը պետք է ճանաչելի դառնա ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ամենամեծ երազանքս է, որ Վարդենիսի գլխավոր մարզադաշտը հիմնովին վերանորոգվի: Ես ինքս ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և Վարդենիսը ֆուտբոլի թիմ ունի՝ ‹‹Անդրանիկ›› ֆուտբոլային ակումբը, որն արդեն իսկ մեծ նվաճումների է հասել՝ մասնակցելով մինչև 14 տարեկան պատանիների առաջնությանը և զբաղեցնելով  չորրորդ հորիզոնականը: Ունենք նաև թիմեր այլ սպորտաձևերում և ամեն գնով աջակցելու ենք նրանց, որ մեծ արդյունքների հասնենք:

Վերջին շրջանում շատ է շահարկվում օգնությունների մասին թեման, որ տրվում  են ընտրություններին ընդառաջ.  ինչպե՞ս կգնահատեք սա, այս ամենը վերագրում են Ձեզ որպես նախկին քաղաքապետի տեղակալի՞ և վարչական տարածքի ղեկավարի՞,  թե՞ որպես անհատի:

Ես ամբողջ կյանքումս ուղղորդվել եմ մեկ սկզբունքով՝ օգնել, օգտակար լինել, աջակցել, նպաստել: 2017թ.-ից երբ նշանակվել եմ համայնքի ղեկավարի տեղակալ՝ մտքովս էլ չէր անցնի, որ ղեկավարը մեկ տարի հետո հրաժարական կտա և դա նկատի ունենալով ունենալով այս ծրագիրը կազմակերպեինք կամ ոչ: Այն բանսարկուները, ովքեր խանգարում են մեզ, որ օգնենք սոցիալապես անապահով ընտանիքներին՝ թող իրենց պատիժը Աստծուց ստանան: Ես 2017թ.-ից սոցիալապես անապահով ընտանիքներին սննդի, սերմանցու կարտոֆիլի, պարարատանյութի, դպրոցականների հագուստի և կոշիկների տեսքով մշտապես աջակցել եմ, ամեն ինչով կանգնած եմ եղել ժողովրդի կողքին, խնդրել եմ բարերարին , որ օգնի , իսկ վերջերս տեղի ունեցածը, որ վերագրել են որպես ընտրակաշառք՝ դա իրականությանը, բնականաբար, չի համապատասխանում, իսկ եթե ինչ-որ մեկն իմ անունից առաջարկում է՝ դա ինձ բնավ չի հետաքրքրում. ես մեր ժողովրդին երբեք կաշառք բաժանած չկամ և չեմ լինելու, իսկ ով կհանդգնի ընտրակաշառք առաջարկել, իմ կարծիքով, պետք է գնդակահարել նրան:

Ինչպե՞ս կգնահատեք մրցակցությունը թեկնածուներիդ միջև և Ձեր շանսերն ու հաղթելու հավանականությունը:

Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում, քանզի գիտեմ՝ մադիկ ցանկանում են տեսնել այն ղեկավարին, ով  ունի կատարված, տեսանելի աշխատանքներ: Այդ առումով շանսերս բարձր են, բայց այն մարդիկ, ովքեր աշխատանքը թողած և իրենց ժողովրդին ինչ-որ կերպ օգտակար լինելու փոխարեն զբաղված են բամաբասանքներով ու հերյուրանքներով, ինչպես արդեն ասացի, թող իրենց պատիժն Աստծուց ստանան, իսկ ինչ վերաբերվում այն բանին, որ վերոնշյալը մրցակիցների զրպարտության արդյուքն է՝ թող ասի ժողովուրդը; Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են խոսում բանսարկուները Վարդենիսում: Վստահ եմ, որ մարդիկ հավատում են ինձ:

Ձեր կոչը Ձեր ընտրողներին, այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ում ընտրեն կամ էլ ընդհանրապես չեն պատրաստվում գնալ ընտրության:

Վարդենիս համայնքի սիրելի բնակիչներ, միանշանակ բոլորիդ խնդրում և հորդորում եմ ՝անպայման մասնակցեք ընտրություններին՝ Ձեր ցանկությամբ, սրտի ձայնին համահունչ կատարեք ընտրություն այն թեկնածուի օգտին, ում արժանի կհամարեք: Իմ ընտրվելու դեպքում միանշանակ հաջորդ օրվանից հայտարարելու եմ, որ բոլորն էլ ձայներն ինձ են տվել, ես երբեք տարբերություն չեմ դնի, թե ով ինձ ընտրեց, ով մրցակցիս : Միայն խնդրում եմ, որ զրպարտանքներին, պրովոկացիաներին չտրվեն, ընտություն կատարեն արժանավորի համար: Ես դառնալու եմ այն ղեկավարը, ով ցանկացած հարցում կանգնած կլինի մշտապես մարդկանց կողքին:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com