Պետք է ստեղծել սփյուռքը ներկայացնող միասնական կառույց. Նիկոլ Փաշինյան

Չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում էական փոփոխություններ մտցնելը. այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք, կառավարության կառուցվածքի փոփոխությունն իրականացնելիս մենք նկատի ենք առնում ոչ միայն ֆիզիկական կառուցվածքի փոփոխությունները, այլ ֆունկցիոնալ փոփոխությունները: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի մեկ գործառույթ: Դրդապատճառներից մեկը սա է, որ որոշեցինք՝ ՀՀ-ն պետք է չունենա սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարությունում իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում են նաև այլ նախարարությունների կողմից: Սրա փոխարեն կարևոր գործառույթներ, որ պետք է իրականացվեին սփյուռքի հետ հարաբերությունների տեսակետից, չէին իրականացվում: Ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը միտված է կառավարության կառուցվածքում չունենալ սփյուռքի նախարարություն: Դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում մենք կունենանք սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, որը վարչապետի անունից և հանձնարարությամբ կիրականացնի սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականությունը, ինչպես նաև կկոորդինացնի բոլոր նախարարությունների աշխատանքը սփյուռքի հետ հարաբերություններում»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը երկու նպատակ է դրել իր առաջ սփյուռքի հետ հարաբերություններում, որոնք կարելի է համարել հեղափոխական:

«Առաջինը սփյուռքի ներուժի քարտեզագրումն է: Մենք մինչև այսօր չգիտենք՝ որ երկրում ինչպիսի պոտենցիալ ունի սփյուռքը, ազդեցության ինչպիսի ծավալ: Այս համակարգը բավարարար չափով կազմակերպած չէ, կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված համահայկական ցանցի ստեղծմանը:

Մենք կունենանք մի համակարգ, որն իր մեջ կներառի ամենօրյա կիրառելի տեղեկատվություն, թե սփյուռքի, որ համայնքում մենք ինչպիսի պոտենցիալ ունենք, և այդ պոտենցիալի հետ կառավարությունը ինչ համագործակցություն պիտի իրականացնի ՀՀ տնտեսական, քաղաքական, անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով»,- ասաց նա և նշեց, որ սփյուռքի նկատմամբ կառավարությունն ունի նաև պարտականություններ և որ այդ պարտականությունները պետք է կատարեն բարձր մակարդակով:

Երկրորդ նպատակը, ըստ վարչապետի՝ սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի և միասնական կազմակերպության կամ ֆորմատի ստեղծումն է: «Մենք պետք է կարողանանք ձևավորել կոնկրետ հասցե, թե սփյուռքի հետ խոսելու համար մենք ում հետ պետք է խոսենք: Ամեն անգամ քննարկումների պրոցես սկսելիս սփյուռքի ինչ-որ հատված իրեն մեկուսացածված է զգում պրոցեսից և համարում է, որ կառավարությունն իր հետ այդ հարցը չի քննարկել: Ուստի կարևոր է ձևավորել ամբողջ սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կառույց: Բոլորս հասկանում ենք, որ սա լինելու է մարտահրավեր, սփյուռքում կան բազմաթիվ հակասություններ»,- ընդգծեց վարչապետը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com