«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել, ոչ էլ՝ ցուցմունք նրա դեմ»

Գործարար Սիլվա Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում հերքում է տարածված տեղեկությունը, թե ինքը անձամբ կաշառք է տվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ես Քոչարյանին անձամբ կաշառք չեմ տվել և նրա դեմ նման ցուցմունք չեմ տվել, ես Մայրապետյան Սամվելի դեմ եմ ցուցմունք տվել։

«Մարտի 1»-ի հետ կապված էր, 2 միլիոն դոլար փոխանցում ունեի և ասում էին՝ ինչի՞ համար ես տվել, ես էլ չէի հիշում, հետո ասեցի՝ հա հիշեցի, Մայրապետյանին 2 միլիոն փոխանցել եմ կաշառքի համար։ Մայրապետյանն էլ ասաց՝ այո՛, փոխանցել ա, բայց չգիտեմ ինչի համար։ Այսինքն՝ Մայրապետյանը հաստատեց, որ փոխանցում իմ կողմից իրեն եղել է, բայց ինչի համար՝ չի ասել։ Իմ փոխանցումը փաստաթղթով հիմնավորված է։ Մայրապետյանն էլ մտերիմ ա Քոչարյանի հետ, դրա համար ինձ տարել էին հարցաքննության։ Ես գումար տվել եմ Մայրապետյանին, ես անձամբ Քոչարյանին գումար չեմ տվել։ Ես ասել եմ, որ Մայրապետյան Սամվելի հետ եմ գործ ունեցել, իրեն եմ տվել, մնացածը ի՞նչ ա եղել, ինձ չի հետաքրքրել»,- ասաց նա:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ փետրվարի 12-ին երկրորդ նախագահին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել:

«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»,- ասված է Քոչարյանի պաշտպանական կողմի տարածած հայտարարությունում։

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ է Քոչարյանի պաշտպանական խումբն իր անունը շրջանառում, Սիլվա Համբարձումյանն ասաց, որ չգիտի․ «Ուզում եմ գտնել նրան, որ տենց բան ա հայտարարել և պարզաբանումներ կմտցնեմ»։

Տիկին Համբարձումյանը պարզաբանման համար այսօր զանգել է նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանին․ «Հենց նոր ես կապվեցի Օրբելյանի հետ, ներկայացա Սիլվա Համբարձումյանն եմ, ասի՝ կարո՞ղ եք ապացուցել․․․, նա վախից չխոսեց ու անջատեց հեռախոսը»։

Գործարարն ասաց նաև, որ իր համար նույնիսկ զարմանալի է, որ իր անունը կապվում է Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքի հետ․ «Շատ զարմանալի էր, որովհետև Մայրապետյան Սամվելի հետ իմ հարցաքննումը և առերեսումը եղել է 2018-ի հոկտեմբերի 6-ին, և ամիսներ հետո ինչու՞ է շահարկվում, ինձ հայտնի չի։ Հոկտեմբերի 6-ից մինչ օրս ես «Մարտի 1»-ի գործով չեմ հարցաքննվել։ Իմ անունը Քոչարյանի հետ կապում են Մայրապետյան Սամվելով։ Մայրապետյան Սամվելին ես ինչի՞ համար պետք ա փող տայի, երևի որպես վարկած են այդպես մտածում»։

Մեր հարցին՝ եթե կաշառք տալու վերաբերյալ հիմք չլիներ, արդյոք Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք կառաջադրվեր, տիկին Համբարձումյանը պատասխանեց․ «Դե գիտեք ինչ, հենց ամբողջ էդ գումարները որ փոխանցվել են Մայրապետյան Սամվելին, դա արդեն կասկածի տեղ ա տալիս: Մայրապետյան Սամվելը ոչ մի պաշտոնական դիրք չէր զբաղեցնում»։

Ճշտեցինք, այսինքն՝ ենթադրելի է, որ Քոչարյանի՞ն է փոխանցվել այդ գումարը, Սիլվա Համբարձումյանն ասաց․ «Ինչի՞ մենակ Քոչարյանին, Սերժին էլ էին ասում։ Պրոստը գիտեք, ցավը նա է, որ Քոչարյանինը շահարկվում ա, Սերժինը չի շահարկվում, այսինքն՝ ուրեմն միտումնավոր ինձ հետ ուզում են որևէ մի բան կապել։ Երբ գործարք եմ արել, ես ասել եմ ինձանից ինչ են ուզել, ես փոխանցել եմ, իմ շնորհակալությունը հայտնել եմ, կաշառքի թեմա չի եղել։ Հիմա թե ոնց են մեկնաբանում, ի՞նչ են անում, ես չգիտեմ և այսքան ամիս հետո»։

Սիլվա Համբարձումյանի համար կասկածելի է նաև փաստը, որ ինքը հարցաքննվել է հոկտեմբերի 6-ին, նույն օրը նաև առերեսվել է Սամվել Մայրապետյանի հետ, սակայն ամիսներ անց է միայն մեղադրանք առաջադրվում․ «Եթե Հատուկ քննչական ծառայությունը ասեր, հոկտեմբերի 6-ին մեղադրանքը կառաջադրվեր, եթե ես հոկտեմբերի 6-ին հետո չեմ գնացել ՀՔԾ, ինձ չեն հրավիրել ցուցմունք տալու, ո՞նց եղավ, որ հիմա նոր մեղադրանք առաջադրեցին։ Հոկտեմբերի 6-ին երևի առաջադրել են Մայրապետյանով, հիմա շահարկում են Սիլվա Համբարձումյանի անունը։ Սիլվա Համբարձումյանը անձամբ չի տվել, ուրեմն՝ Մայրապետյանով ա գնացել, ուրեմն՝ Մայրապետյանից պիտի դուրս գա»։

Հարցին՝ եթե Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել, իր ասածից ստացվում է, որ Մայրապետյա՞նն է Քոչարյանի անունը տվել, գործարար կինն ասաց․ «Իհարկե, ես մարդուն անձամբ չեմ տվել։ Եթե ձեր շեֆին ես մի բան պիտի տամ, փոխանցել եմ ձեզ, ես կարո՞ղ եմ ասել, որ շեֆին եմ տվել, չէ՝ չէ՞, ես կասեմ ձեզ եմ տվել, գոնե կասեի՝ տվեցի, որ փոխանցեն, բայց դա ես չեմ ասել։ Ասել եմ՝ անձամբ Մայրապետյանին»։

Տիկին Համբարձումյանը տեղեկացրեց, որ 2 միլիոն դոլար ինքը Սամվել Մայրապետյանին է տվել որպես շնորհակալություն, որ չեն խանգարել իր գործարքին։ Թեև կոնկրետ օրը չհիշեց, սակայն պնդեց, որ դա 2008 թվականի մարտի 1-ից առաջ է տեղի ունեցել։

Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ նպատակով է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը շրջանառել իր անունը, գործարար կինը նշեց․ «Քոչարյանի փաստաբանները երևի 200 միլիոն վերցրել են իրան պաշտպանելու համար, չգիտեն՝ էլ ինչեր խոսեն։ 200 միլիոնը ես կարդացել եմ մամուլում, փաստաբանները հիմա ձեռքերը գցել են փրփուրների, որովհետև չեն կարողանում պաշտպանել լիարժեք, դրա համար իմ անունն էլ են շահարկում»։

Պարզաբանման խնդրանքով Factor.am-ը կապվեց Քոչարյանի պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանի հետ, որը նշեց, որ մեկնաբանություններ կանի միայն մեղադրանքին ամբողջությամբ ծանոթանալուց հետո։ Factor.am-ը պարզաբանման համար կապվեց նաև ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ։ Նա ասաց, որ Քոչարյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքի հետ կապված այս պահին տեղեկություն չեն հաղորդում։ Սիլվա Համբարձումյանի և Քոչարյանի պաշտպանական խմբի պնդումների միջև եղած հակասությունը ևս Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com