Երևան-Թբիլիսի երկաթգիծն այս պահին փակ է. Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները հստակեցում են պահանջում

ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ահազանգ հնչեցրեց. «Հենց այս պահին Ալավերդու պղնձաձուլարանի 100-ից ավելի աշխատակիցներ փակել են միջպետական երկաթգիծը և պահանջում են հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Ի՞նչ է սպասվում այդ քաղաքին, քանի որ այն արագ տեմպերով դատարկվում է»:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը և պահանջում են հստակեցնել իրենց կարգավիճակը, քանի որ փետրվարի 28-ից լուծարվում են աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, որոնք երկու ամսով երկարաձգվել էին կառավարության միջամտությամբ։ Պայմանագրերի երկարաձգման այդ երկու ամսվա ընթացքում աշխատակիցները վարձատրվում էին աշխատավարձի 2/3-ի չափով։ Ակցիայի մասնակիցներից Գարեգին Անտաշյանն ասաց, որ այս պահին փակել են երկաթգիծը և չեն բացելու, քանի դեռ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել.«Մենք այսօր Ազգային ժողովում լսեցինք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը վերաբերում էր մեզ և հասկացանք, որ ոչ մի պատասխան, ոչ մի հստակեցում չկա։ Հիմա փետրվարի 28-ից հետո մենք չգիտենք մեզ հետ ինչ է լինելու։ Մինչև մեզ հստակ չպատասխանեն, թե ինչ է լինելու մեր ճակատագիրը, մենք հստակ որոշել ենք գնալ նման քայլերի, որ գան ու մեզ հստակ ասեն, թե ինչ է լինելու»,- ասաց Գարեգին Անտաշյանը։

Մեր դիտարկմանը, որ «Թեղուտ»-ի հանքավայրի շահագործման մասով կարծես տեղաշարժ կա և վերաբացման նախաձեռնության անդամները հանքավայրի շահագործումը համարում են ամիսների հարց՝ հնարավոր է , որ հաջորդը Ալավերդու գործարանը լինի, մեր զրուցակիցը պատասխանեց.«Պարոն Փաշինյանի ելույթից մենք այն հասկացանք, որ ամեն ինչ եկել է զրոյական դիրքի։ Թեղուտի դեպքում էլ զրոյական կետից սկսվում են նոր բանակցություններ։ Այնպես չէ, որ Թեղուտի վերաբացումը մոտ է։ Նույնն էլ մեր պարագայում է»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին Ալավերդու և Թեղուտի վերաբերյալ հարց ուղղեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ Վարչապետը նշեց, որ երկու դեպքում էլ բանակցությունները վերադարձել են զրոյական կետի, քանի որ խոչընդոտներ են եղել։ Վարչապետը նշեց, որ «Վալեք» ընկերության և ՎՏԲ բանկի միջև բանավեճը նոր հարթություն է տեղափոխվել և կառավարությունը պետք է օգնի, որ բանակցությունները արդյունավետ լինեն։

Անտաշյանը նշեց, որ Լոռու մարզպետն է խոստացել այսօր գալ և լսել բողոքավորներին, բայց իրենց կարծիքով մարզպետն այս հարցով ոչինչ չի կարող անել։ Նա ի վիճակի չէ այս հարցին լուծում տալ.«Այս պահին երկաթգիծը փակ է և չգիտենք երբ կբացենք»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր կառավարություն: Ստորագրահավաքին մասնակցել էր 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ:

«Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»,- գրված էր վարչապետին ուղղված նամակում։

Գարեգին Անտաշյանի խոսքով իրենց նամակը ևս անպատասխան է մնացել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com