Նոր Գեղին պետք է դառնա մաքուր և հարմարավետ. Ստեփան Շիրինյան

 

 

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում փետրվարի 17-ին, ինչպես և ՀՀ մի շարք այլ մարզերի համայնքներում, գյուղապետի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Այս առիթով gmpress.am-ը այցելել է Նոր Գեղի, նախընտրական թեմաներով զրուցել թեկնածուների հետ, ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը համայնքի գյուղապետի թեկնածուներից Ստեփան Շիրինյանի հետ:

Պարոն Շիրինյան, ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը, նախընտրական ի՞նչ ծրագրեր ունեք:

Պետք է հպարտությամբ ասեմ, որ համայնքի ժողովրդի նախաձեռնությամբ և հորդորով եմ առաջադրել իմ թեկնածությունը: Իմանալով համայնքիս խնդիրներն ու դրա լուծման ուղղությունները՝ չեմ մերժել առաջարը: Ես մեծացել և դաստիարակություն եմ ստացել այս գյուղում՝ մանկավարժի ընտանիքում, ունեցել եմ սեփական բիզնես, իմ ենթակայության տակ աշխատողներ եմ ունեցել, այսինքն՝ նաև ղեկավարման փորձ էլ կա: Ցանկանում եմ տարիների փորձառությունս ներդնել համայնքի շենացման ու բարգավաճման գործում, իսկ երկրում ստեղծված նոր իրողությունները արդյունավետ աշխատանքի նոր նախադրյալներ են ստեղծել, որից պետք է առավելագույնս փորձենք օգտվել: Իսկ ինչ վերաբերվում է նախընտրական ծրագրիս, ասեմ, որ վերլուծելով գյուղում առկա իրավիճակը, խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները՝ դրանում ներառել եմ հետևյալ կետերը.

  • Համայնքում հաստատել կարգուկանոն, համախմբվածություն և փոխադարձ հանդուրժողականություն՝ գործելով բացառապես օրենքի շրջանակներում և ապահովելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Չի լինելու լարվածություն:
  • Ապահովել համայնքի բնակիչների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում և համայնքային խնդիրների լուծմանն ու զարգացմանը նրանց ակտիվ մասնակցությունը: Համայնքի զարգացման ուղղությունն, այսուհետ, առաջնահերթ քննարկվելու է համայնքաբնակների հետ:
  • Օժանդակել և ընդգրկել երեխաներին, երիտասարդությանը՝ սպորտային, հոգևոր-մշակութային զարգացման ապահովման բազմաբնույթ ծրագրերում և կառույց-միավորումներում: Շնորհալի աշակերտները պետք է ստանան համայնքի և համայնքապետարանի լիարժեք աջակցությունը՝ իրենց դրսևորման և կայացման համար: Երիտասարդության նորարարական գաղափարները պետք է խրախուսվեն և ներգրավվեն ի շահ համայնքի զարգացման: Համայնքի ապագան առողջ, բարոյապես ամուր և մտածող երիտասարդն է:
  • Ասֆալտապատել և բարեկարգել համայնքային, ներհամայնքային ճանապարհները, ապահովել լուսավորությունը, կառուցել կանգառներ: Զարգացած ենթակառուցվածքները համայնքի բարգավաճման առանցքներից են:
  • Բարելավել համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման, ջրահեռացման աշխատանքների կազմակերպումը: Տարվա բոլոր եղանակներին հետևողականորեն պահպանել փողոցների մաքրությունը: Թաղամասերում, որտեղ բացակայում են կոյուղագծերը, կառուցել, լուծել գազաֆիկացման և այլ կոմունիկացիոն հարցեր: Նոր Գեղին պետք է դառնա մաքուր և հարմարավետ:
  • Վերակառուցել թիվ 1 դպրոցի մարզադաշտը, վերանորոգել և կահավորել արվեստի դպրոցը, թիվ 3 մանկապարտեզը՝ ավելացնելով վերջինսի խմբերի թիվն ու ապահովելով համայնքաբնակ բոլոր երեխաների ընդգրկումը մանկապարտեզներում: Վերակառուցել Բանավան թաղամասի մարզադաշտը, վերանորոգել մշակույթի տունը, թաղամասում ստեղծել բուժամբուլատորիա: Միայն կոնկրետ խնդիրների լուծմամբ է հնարավոր քայլ-քայլ ավելացնել համայնքի բարեկեցությունը:
  • Կանաչապատել համայնքը, բնակելի շենքերի տարածքները բարեկարգել և կառուցել բակային խաղահրապարակներ, տեղադրել նստարաններ, վերանորոգել շենքների մուտքերը և տանիքները: Միայն էկոլոգիապես անվտանգ ու գեղեցիկ պայմաններում է հնարավոր ունենալ առողջ ու պատասխանատու սերունդ:
  • Օժանդակել գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, նաև՝ գյուղմթերք մթերող-վերամշակող ձեռնարկությունների հիմնմանը, հակակարկտային կայանների, ցանցերի տեղադրմանը, ոռոգման համակարգի բարելավմանը: Ստեղծել գյուղանախարարության և գյուղացիական տնտեսությունների միջև անմիջական և պարբերաբար խորհրդատվական կապի կայուն հարթակ: Գյուղատնտեսության և գործարարության խնդիրները հնարավոր է լուծել միայն համայնքի միացյալ ջանքերով:
  • Բանավան թաղամասում տեղադրել Ղարաբաղյան ազատամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիր:
  • Օգնել անապահով և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, թոշակառուներին և բազմազավակ մայրերին: Ցուցաբերել նաև նյութական օժանդակություն հատկապես գերազանց սովորող ուսանողներին: Համայնքը սոցիալական պատասխանատվություն ունի իր բնակիչների առջև ու դա երբեք չպետք է մոռանալ:

 

Ինչպիսի՞ ն է մրցակցությունը թեկնածուներիդ միջև և ինչպե՞ս կգնահատեք Ձեր շանսերը:

Մրցակցությունն ընթանում է առողջ մթնոլորտում, չկան խոչընդոտներ, խոչընդոտողներ: Ինչ վերաբերվում է իմ շանսերին, ինչպես արդեն նշել էի՝ ժողովրդի առաջարկով եմ  առաջադրել թկնածությունս, ապա, հետևաբար, շատ բարձր եմ գնահատում իմ հաղթելու հավանականությունը:

Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

Իմ համայնքի հետ, իմ համայնքի համար:

Ձեր նախընտրական կոչը Ձեր ընտրողներին, այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ում ընտրեն  կամ, առհասարակ,  չեն պատրաստվում գնալ ընտրության:

Առաջնահերթ շնորհակալությունս եմ հայտնում ընտրողներին, նաև չընտրողներին, թո′ղ ընտրեն լավագույնին, իրենց քվեն տան միայն արժանի և  փորձառու մարդուն:

 

 Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

 

 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com