ԱԺ-ն 82 կողմ, 37 դեմ ձայնով ընդունեց կառավարության ծրագիրը

Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագրի նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները:

Կառավարության ծրագիրն ընդունվեց 82 կողմ, 37 դեմ ձայնով:

Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Վարչապետի ամփոփիչ ելույթը ցուցանիշ էր այն բանի, որ քննադատություն լսելու լուրջ պրոբլեմ կա կառավարության մեջ և կառավարության ղեկավարի մոտ: Նա մեզ վերագրեց թեզեր, որոնք մենք չենք ասել: Զարմացած ենք, որ իշխանությունը կարող է այդքան անհանդուրժող լինել: Ընդդիմադիրների վրա գոռալ-ճվալուն վերջ տվեք: Դուք չեք կարող ասել, պարոն վարչապետ, մենք ինչ ասենք, ինչ չասենք: Բարի գալուստ խորհրդարան»,-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ կառավարության ծրագիրը ԱԺ-ն քննարկեց երեք օր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com