Որոշ մարդիկ Քաղսիից քվե չեն ստանալու և դիմում են նման ստոր քայլերի. Ռաֆայել Գրիգորյանը՝ իր և Սասուն Միքայելյանի հետ կապված լուրերի մասին

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 17-ին հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքներում համայնքապետերի ընտրություններ են լինելու: Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ևս համայնքապետ են ընտրելու, որտեղ առաջադրվել են 4 անկուսակցական թեկնածուներ՝ Ռաֆայել Գրիգորյանը, Սեդրակ Դավթյանը, Ռուդիկ Կարապետյանն ու Գևորգ Խուրշուդյանը:

Ընտրություններն այստեղ, կարծես թե թեժ են, gmpress.am-ի գյուղ այցելության ժամանակ ևս աժիոտաժ էր տիրում, բանն այն է, որ մամուլում լուրեր են տարածվել (<<Ու՞մ է հովանավորում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը>> վերնագրով), թե ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով պաշտպանում է Ռաֆայել Գրիգորյանի թեկնածությունը, զանգել և սպառնացել է մեկ այլ թեկնածու, նախկին գյուղապետ Սեդրակ Դավթյանի որդուն, որ աշխատանքից կհեռացնի, գործ կհարուցի վերջինիս նկատմամբ , եթե հայրը թեկնածությունը չհանի: Այս առիթով փորձեցինք պարզաբանումներ ստանալ թեկնածուներից՝ հասկանալու համար՝ դա համապատասխանում է իրականությանը, թե՞ հակառակորդների կողմից կատարված քայլ է:

Ռաֆայել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ամենը կեղծ, ստահոդ, իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող լուրեր են, Սասուն Միքայելյանը, իրոք սատարում է իր թեկնածությունը, բայց նման բան երբեք չէր անի, դա միանշանակ գիտեն բոլոր նրան ճանաչողները. ‹‹Երևի որոշ մարդիկ արդեն հասկանում են, որ փրկության տարբերակ չկա, որովհետև Քաղսիից քվե չեն ստանալու և դիմում են նման ստոր քայլերի, բայց սա այլ ձեռագիր է, կարծես թե, մեկ այլ թեկնածուի կողմից, որովհետև նույն Սեդրակ Դավթյանն ու իր աջակիցները նման սուտ տեղեկատվություն Ս.Միքայելյանի հետ կապված, իմ կարծիքով, չէին համարձակվի տալ: Սասուն Միքայելյանն, այո, պաշտպանում է իմ թեկնածությունը, բայց ոչ նման ձևով››: Մեր այն դիտարկմանը, որ իր անձի հետ կապված էլի միջադեպեր են եղել, մասնավորապես, թե գյուղի որոշ կանայք նրանից իրենց պարտքերն են ուզում՝ վերջինս պատասխանեց, որ դա ևս ապատեղեկատվություն է եղել՝ գրված հենց Սեդրակ Դավթյանի անունից (ինչպես ինքն է պարզել) և վերջինս էլ հենց ֆեյսբուք սոցիալական կայքով հրապարակայնորեն հերքել է ՝ ասելով, որ այդպիսի բան չկա, դրանք պարզապես սուտ, էժան խոսակցություններ են:

Անդրադառնալով նախընտրական ծրագրերին, մասնավորապես՝ հարցին, թե ինչն է ցանկանում փոխել համայնքում՝ Ռաֆայել Գրիգորյանն ասաց, որ առաջնայինն ուզում է հենց այդ մթնոլորտը փոխել, պառակտվածությունը վերացնել և համախմբել մարդկանց, իսկ ծրագրի մյուս կետերը ՝ կոյուղագծերի, ոռոգման ջրի, մշակույթի տան, լուսավորության, ասֆալտապատման, գազաֆիկացման և մի շարք այլ նմանատիպ խնդիրներն արդեն կետ առ կետ արվելու են, լուծվելու են համերաշխության մթնոլորտում՝ առաջնորդվելով ‹‹Համախմբում, կամքի ուժ, նոր ձեռքբերումներ›› կարգախոսով:

Վերջում համայնքապետի թեկնածուն ավարտեց մեզ հետ զրույցը կոչով՝ ուղղված Քաղսիի բնակիչներին. ‹‹Կոչ եմ անում բոլոր քաղսեցիներին չտրվել էժան մարդկանց էժան սադրանքներին, չխաբնվել խոտումներին, ես պարզել եմ, որ գյուղում մոտ 50 հոգու եկեղեցում ժամի պահակի, վարորդի և այլ աշխատանքների տեղավորել են խոստացել: Սիրելի′ քաղսեցիներ, մարդկանց կենսագրությունները նայելով ինքներդ էլ կարող եք հասկանալ, որ այդ ամենը սուտ է,  որ ոչ մի աշխատատեղ նրանք չեն կարող ստեղծել››:

Այս թեմայով պարզաբանում ստանալու համար զրուցեցիքն նաև Սեդրակ Դավթյանի և նրա որդու հետ, ովքեր ևս հերքեցին այդ տեղեկատվությունն՝ ասելով, որ իրենք ոչ մի զանգ չեն ստացել և դա բացարձակ սուտ է ու հերյուրանք, իսկ նյութը գրելուց առաջ ու հետո ոչ մի լրագրող չի այցելել կամ զանգել նրանց:

Համայնքապետի թեկնածուներից Ռուդիկ Կարապետյանին ևս ցանկացանք լսել՝ որպես հակառակորդ-թեկնածու ՝ այս հարցում նրա անմիջական մասնակցությունը հերքելու կամ հաստատելու առումով, սակայն վերջինս իր նախընտրական շտաբում չէր, փոխարենը մեզ հետ զրուցեց որդին՝ էդգար Կարապետյանը՝ ասելով, որ առաջին անգամ մեզանից է լսում այդ հոդվածի մասին, և որ իրենք ընդհանրապես սև փիառով չեն զբաղվում, իրենք շատ հետաքրքրիր, լավ միջոցառումներով քարոզարշավ են իրականցնում գյուղում ու նման հարցերն ընդհանրապես չի հետաքրքրում իրենց. ‹‹Սասուն Միքայելյանն այն պատգամավորն է, որին բոլորս ընտրել ենք , հարգում և սիրում ենք, մեր ազգի հերոսն է, ընդհանրապես մեզ հետաքրքիր չէ, թե ով ում է սատարում, կարևորը մեզ ժողովուրդն է սատարում››,- ասաց նա:

Գևորգ Խուրշուդյանին տեսնել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերին ևս չպատասխանեց, բայց պատրաստ ենք լսել նաև նրա կարծիքն ու պարզաբանումն այս հարցի շուրջ:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com