ԱԺ դահլիճը «տրանսգենդերի ներկայությունից մաքրելու» բողոքի ակցիան ավարտվեց. ըստ մասնակիցների՝ ամենօրյա ակցիաներով հասնելու են օրենսդրական փոփոխությունների (թարմացված)

18:39

Մենք գրավոր պահանջ ենք ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, քանի որ նրանք են լեգիտիմ իշխանության ներկայացուցիչները: Ես գտնում եմ, որ նրանք պետք է պատասխան տան բնակչության բողոքին: Կլինի մերժում, թե ոչ, նրանք պարտավոր են պատասխան տալ 7-օրյա ժամկետում: Նման հայտարարություն արեց ԱԺ բակում բողոքի ակցիա իրականացնողներից Հրայր Կոստանյանը:

«Մեր երկրորդ քայլն այս ակցիան էր, որը մաքրազերծման ծիսակատարություն էր, որպեսզի ցույց տանք, որ ԱԺ-ի այդ ամբիոնը պղծված է: Մենք առաջարկում ենք նոր ամբիոն տեղադրել, որպեսզի մաքրվի ԱԺ-ն»,-ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ պետք է բոլորը համախմբվեն այս հարցի լուծման համար. «Քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ կետի՝ իշխանությունը պատկանում է քաղաքացիներին, ազգին, հետևաբար մենք պետք է հիշենք, որ դա ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Եթե մենք անտարբերությամբ պետք է այդ ամենին վերաբերվենք, ոչնչի չենք հասնի»:

Կոստանյանը նաև ներկայացրեց բողոքի ակցիա իրականացնողների հետագա քայլերը: Նրա խոսքով՝ եթե հարցին լուծում չտրվի, ապա կփորձեն ավելի շատ մարդ համախմբել: Չեն բացառում նաև ամենօրյա ակցիաները. «Ամենօրյա ակցիաներով կհասնենք օրենսդրական փոփոխությունների, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ընկնել, ստորագրահավաք իրականացնել և դրա միջոցով սահմանադրական փոփոխություն պահանջել, բայց դա, իմ կարծիքով, չի բխում ներկայի իշխանությունների շահերից»:

Նրանց բողոքի ակցիան այսօր ավարտվեց:

17:14

Այս ամենը մենք գնահատում ենք որպես ներքին դիվերսիա և բարոյահոգեբանական արժեհամակարգային ահաբեկչություն, ինչն ակնհայտ շարունակությունն է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության: Նման հայտարարություն են արել ԱԺ բակում բողոքի ցույց իրականացնողները:

«Մենք պահանջում են ներկայանալ պատգամավորներին, որպեսզի իմանանք՝ որ պատգամավորներն են կրում հայկական մարդկայնության արժեքները և կարող են իրապես լինել ազգի պատգամը ներկայացնողները: Պատգամավորներից պահանջում ենք նաև ընդունել օրենք, որով կարգելվի և քրեորեն կհետապնդվի սեռական կոմնորոշման նախասիրությունների քարոզը և հանրայնացումը ոչ միայն դեռահասների շրջանում, այլ նաև առհասարակ ՀՀ-ում»,-ԱԺ բակում իրենց պահանջները ներկայացնելիս ասացին բողոքի ցույց իրականացնողները:

Նրանք նաև պահանջում են ընդունել մեծամասնության իրավունքների պաշտպանության համար նախատեսված օրենք, որը կբացառի «արտաքին աշխարհից պատվիրված արհեստածին և օտարածին երևույթները»:

 16:57

Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում:  Մասնակիցները դժգոհում են խորհրդարանում տրանսգենդերի ելույթից և առաջարկում են «մաքրել» դահլիճը: 

Հիշեցնենք, որ մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր կին: Նրա ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին: Նիստը վարող, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը վրդովված հայտարարեց, որ նրանք իրավունք չունեին օրակարգը խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:

Հավաքվածները ակցիայի սկզբում հայտարարեցին, որ ակցիան չունի քաղաքական որևէ կողմնորոշում:

Հավաքվածները առաջարկում են, որ ԱԺ նիստերի դահլիճում եկեղեցական կարգով խնկարկման արարողություն կատարվի՝ տրանսգենդերի «ներկայությունից» դահլիճը մաքրելու համար:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com