ԵԽԽՎ-ն որևէ միջոց չի ձեռնարկում Արցախի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար. ՀՀ վարչապետը՝ ԵԽԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի հակամարտու­թյունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառա­վարու­թյուն, Հայաստանի կառավարու­թյունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ: Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի իր ելույթի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի»,-ասաց Փաշինյանը:  

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով. «Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք, կարծես, պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեինք՝ հասկանալու միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել միմյանց հասկանալի: Նման խոսակցություն սկսել եմ ինքս՝ մի քանի անգամ Հայաստանի խորհրդա­րանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»:

Վարչապետն ասաց՝ սա մեր իրականության մեջ աննախա­դեպ հայտարարություն է և, ըստ էության, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. «Ցավոք, մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»:

Շարունակելով իր ելույթը՝ վարչապետը նշեց՝ պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը նա անվանեց խաղաղության ամբիոն: Ասաց՝ հավատում է, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը՝ կառուցողական աշխատանքին. «Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար: Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար»:

Վարչապետը շեշտեց՝ չի ուզում վստահորեն պնդել, որ սա եղել է գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների և փաստաթղթերի հեղի­նակ­ները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի համար:

«Այսօր էլ, ցավոք, ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցները աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտ­ների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը: Հարկ է հիշել նաև, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս է պատճառը, որ Հայաստանը համարել և համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակա­մարտու­թյան երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ամբողջ պատմությանը, բանակցային նրբություններին՝ սկսած դրանց մեկնարկի օրից. «Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»:

Վարչապետը ընդգծում է՝ ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի.

«Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթեր­ցում­ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայ­նորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտ­պանության համաշխարհային առաջա­մարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»:

Ելույթում Արցախյան հարցի թեման ամփոփելիս վարչապետը ԵԽԽՎ բարձր ամբիոնից կոչ արեց Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպու­թյուններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ, աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապն­դելու մարդու իրավունքները, օրենքի գերա­կայու­թյունն ու անկախ դատական համակարգը. «Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»: 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com