Մայիսի 15-ից կգործարկվի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց գրանցման հարթակը. ԿԳ նախարար

Մայիսի 15-ին՝ ժամը 9-ից, կգործարկվի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց գրանցման հարթակը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նմանատիպ հարթակի ստեղծումը հավասար պայմաններ կստեղծի ծնողների համար, քանի որ երբեմն որոշ դպրոցների տնօրեններ երեխաների ընդունելության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ «իրենց ծանոթների երեխաներին ընդունելու համար»:

Նախարարը նաև նշեց, որ համակարգի ներդրումից ու գործարկումից 4 տարի հետո տարրական դպրոցներում իսպառ կվերանա երկրորդ հերթը. «Հիմա, երբ մեծ քանակությամբ երեխաների են ընդունում դպրոց, և դասարանները չեն բավականացնում, երկրորդ հերթի անհրաժեշտություն է լինում, հիմա երբ բաշխվածության հարցը լուծվի, երկրորդ հերթի անհրաժեշտություն չի լինի, քանի որ դպրոցներում երեխաներն ընդունվելու են՝ ըստ դպրոցի լիցենզիայի»:

Նախարարի խոսքով՝ համակարգի գործարկումով կկարգավորվի նաև տարիքի խախտումով դպրոց ընդունելու հարցը, ծնողները կկարողանան նաև տեղեկանալ՝ որ դպրոցներում կան ռուսերենով ուսանելու հնարավորություն:

Նախարար Հարությունյանը նաև հորդորեց ծնողներին մինչև մայիսի 15-ը մուտք գործել stugum.emis.am կայք, որտեղ կարող են ստուգել՝ արդյոք իրենց երեխան հաշվառված է բազայում. «Ստուգման համար անհրաժեշտ է ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը, եթե չունեք, ապա դիմեք ոստիկանություն, ստացեք համարանիշը ու դարձյալ ստուգեք»,-հորդորեց նա:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com