Երևանում կհիմնվի վերջին սերնդի կարուսելներով այգի. կառավարությունը ներդրումային ծրագրին արտոնություն տվեց

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Պարկ Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով կհետաձգվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Երևանում կառուցել ընտանեկան ժամանցի և զվարճանքի այգի, որտեղ գործելու են եվրոպական արտադրության վերջին սերնդի կարուսելներ։ 1-ին փուլի գործարկումը նախատեսվում է 2019 թվականի 4-րդ եռամսյակում։«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 7,5 մլրդ դրամի չափով ներդրում: Հետաձգման ենթակա ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի 4,94 մլրդ դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվում է 0,98 մլրդ դրամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ, նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը կարող է իրականացվել փուլ առ փուլ»,- ասաց Խաչատրյանը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ` 200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ»-ին ևս արտոնություն տալու հարցը կքննարկվի:

«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես` զբոսայգու հիմնադրման համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com