«Պարզ ճակատով գնում եմ առաջ». Վահագն Գևորգյան


Սույն թվականի հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, մի մասում արտահերթ, մյուսներում՝ հերթական: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ևս քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ընտրապայքարում են 5 թեկնածուներ: Այս առթիվ մենք այցելել ենք Աբովյան, զրուցել թեկնածուների հետ, հարցումներ անցկացրել բնակիչների շրջանում:

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ զրուցում ենք նախընտրական քարոզարշավի, ծրագրերի, կատարված ու կատարվելիք աշխատանքների, հիմնախնդիրների և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ:

Պարոն Գևորգյան, ինչու՞ որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը: Նախընտրական ի՞նչ ծրագրեր կամ գուցե անավարտ գործեր ունեք:

Ես Աբովյանի գործող քաղաքապետն եմ և պետք է հստակ արձանագրեմ, որ այս 4 տարիների ընթացքում ինձ և մեր թիմին շատ հարցեր հաջողվեց կյանքի կոչել համայնքում, գոնե այդ 4 տարիների ընթացքում մեր պաշտոնավարման ամեն տարին միշտ փակել ենք 0 լումա պարտքով, ունեցել ենք 100 և ավելի տոկոս կատարողական, մշտապես արդյունավետ համագործակցություն մեջ ենք եղել ՀՀ կառավարության, միջազգային կառույցների հետ: Ասեմ, որ իմ խնդիրը եղել է ոչ թե մեր համայնքը մրցակցային դարձնել նմանատիպ համայնքների, քաղաքների հետ, այլ կոնկրետ մայրաքաղաքի հետ և շատ դեպքերում մրցակցում ենք և, ինչու ոչ, նաև առաջ ենք Երևանից: Եթե Երևանում աղբահանությունն այսօր կոլապսի առաջ է կանգնած, մեզ մոտ, գոնե, մեծամասմաբ այդ խնդիրը լուծվել է՝ թվով 17-18-ից ավել հատուկ տեխնիկայի ձեռքբերման շնորհիվ: Իմ պաշտոնավարման ժամանակ Աբովյանն անցում է կատարել 100 տոկոսանոց էներգախնայող լուսավորության ռեժիմին, եթե Երևան քաղաքում այսօր ժամը 24:00-ից են լույսերը հանգցնում, մեզ մոտ՝ մի քանի ժամ ավելի ուշ, իսկ կենտրոնական խաչմերուկները՝ մինչև լույս: Եթե Երևանում հարյուրավոր երեխաներ մանկապարտեզ չեն գնում, մենք արդեն հասել ենք այն բանին, որ Աբովյանում մանկապարտեզ չգնացող երեխա չկա, հիմա էլ մտածում ենք մսուրային խմբերի, ներառական կրթության մասին: Պետք է նշեմ, որ այսօր որոշ մարդիկ խոսում են  իմ սաբոտաժի մասին կառավարությանը:  Ես հստակորեն ասում եմ, որ սաբոտաժի խնդիր չկա, ես ընդունում եմ հեղափոխության առաջնորդին, ընդունում եմ արժեքները, բայց այդ մարդիկ հեղափոխության հետ ընդհանրապես կապ չունեն, որովհետև ես գոնե մեր քաղաքին, աբովյանցուն, ինքս ինձ, ՀՀ-ին, սաբոտաժ անելու խնդիր չունեմ. միայն այս պահին մեր քաղաքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում երեք մեծ պրոյեկտ է իրականացվում, ես նախորդ տարիներին հասցրել եմ լուծել քաղաքի ջրահեռացման համակարգի խնդիրը և հիմա, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ավարտին ենք հասցնում դրա երկրորդ փուլը, հիմնանորոգվում է երրորդ մանկապարտեզը, Էլար թաղամասի ոռոգման համակարգը, իրականացվում է երկու նոր աղբատարերի և աղբամանների ձեռքբերումը: Այժմ Աբովյան քաղաքում 20-ից ավել խոշորածավալ ծրագրեր են ընթանում:

Այսօր քաղաքապետերին կամ համայնքի ղեկավարների փնովում են համայնքի գործերը կիսատ թողնել, գնալու համար, ինձ «փնովում են» 400մլն. դրամ գումար տնտեսելու համար, իսկ այդ գումարը տնտեսել եմ ոչ թե 4 տարիների ընթացքում, որ այսօր հասնեմ նախընտրական փուլ ու քարոզարշավի ժամանակ փորձեմ օգտագործել, այլ այդ տնտեսած հարյուրավոր միլիոններով ամեն տարի մշտապես աշխատանքներ ենք իրականացրել, իսկ այդ եղած գումարը ես դիտարկում եմ բացառապես արդյունավետ կառավարման  ու տնտեսվարման արդյունք: Իմ նախընտրական ծրագրերում ընդգրկված են միայն ոչ միայն մնացյալ ծրագրերը շարունակելը, այլ, բնականաբար, նորանոր խնդիրներին ուղղված աշխատանքներ իրականացնելը. հենց այս պահին էլ ընթացիկ աշխատանքներ են կատարվում, եթե նկատեք, մեր կենտրոնական այգու կառուցապատման աշխատանքներն ընթանում են և այդպես էլի մի շարք այլ որոտներում: Իհարկե, սկսածը պետք է ավարտին հասցնելու, նոր ծրագրեր իրականացնել, որ անցած տարիների ընթացքում չհասցրեցին կյանքի կոչելու, որովհետև խնդիրները շատ են ու մենք  առաջնահերթություններն ենք փորձել լուծել , բայց այնպես էլ չէ, որ աշխատանք չի արվել, էլ չեմ խոսում մոտ 30-ից ավել խաղահրապարակների, պուրակների կառուցման մասին, որոնք արդեն ավարտին ենք հասցրել այս 4 տարիների ընթացքում:

Ի տարբերություն մյուս թեկնածուների, ովքեր ծրագրեր են ներկայացնում, իմը մի քիչ այլ է, ես գործող քաղաքապետ եմ, ես ունեմ կատարած աշխատանք, ես ներկայացնում եմ աբովյանցուն նախ կատարածը, հետո նոր ծրագրերը, իսկ գլուխ խոնարհելու խնդիր չունեմ: Երկու օր առաջ համայնքի ղեկավարի թեկնածուների բանավեճ, դեբատ եղավ և ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուին (ով, լինելով մարզպետարանի ֆինբաժնի աշխատակից, հենց ինքն է եղել մեզ մոտ ստուգումներ իրականացնողը) հարց տվեցի, որ այս  4 տարիների ընթացքում  ունեցել ենք 6 մլրդ. դրամի շրջանառություն, գոնե մեկ լումա չարաշահում, յուրացում տեսե՞լ եք, ասաց՝ ոչ.  այ դրա համար էլ պարզ ճակատով գնում եմ առաջ: Խոսում են հեղափոխությունն Աբովյան հասցնելու մասին, բայց դա ես այն դեռևս 4 տարի առաջ եմ Աբովյան հասցրել, որովհետև գոնե 4 տարի ես քաղաքի բյուջեն փակել եմ 0 լումա պարտքով: Շատ բաներ կան, որ գուցե այս պահին մոռանամ թվարկել, էլ չեմ խոսում մշակութային կյանքի մասին, գոնե իմ պաշտոնավարման ժամանակ ամեն տարի այստեղ թատերական փառատոնն էր են եղել, որտեղ ներգրավված են եղել ՀՀ լավագույն թատրոնները Սունդուկյան, Դրամատիկական, Պատանի հանդիսատես, Լոռու և Վանաձորի և այլ մարզերի թատրոնները, ունեցել ենք նաև արտերկրից թատերական խմբեր, այսինքն՝ մշակութային կյանքը մեզ մոտ եռուն է,  չկա տոնական միջոցառում, որ հավուր պատշաճի նշած չլինենք:

Քաղաքապետի աթոռի համար պայքարող թեկնածուները շատ են այստեղ, ինչպիսի՞ն է մրցակցությունը:

Ես նախորդ անգամ էլ եմ մրցակցային ընտրությունների արդյունքում ընտրվել, այդ անգամ, եթե հիշողությունս չի դավաճանում, 4 թեկնածու են եղել և շատ լավ է, որ մրցակցային է դաշտը, համոզված եմ, որ աբովյանցին իր վստահության քվեով կընտրի համայնքի արժանի ղեկավարին:

Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

Շարունակենք միասին:

Ձեր նախընտրական կոչը Ձեր ընտրողներին, այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ում ընտրեն  կամ, առհասարակ,  չեն պատրաստվում գնալ ընտրության:

Իմ խոսքը վերաբերվում է ոչ թե իմ կամ մեկ այլ թեկնածուի ընտրողներին, չեմ ուզում առանձնացնել, որովհետև ես իմ պաշտոնավարման ժամանակ աբովյանցիներին չեմ բաժանել ջավախքցիների, գեղաշենցիների և այլն, որովհետև Աբովյանը մեկ միասնական ընտանիք է, իմ կոչը կլինի ուղղված բացառապես Աբովյանցուն. սիրելի աբովյանցիներ, ակտիվ մասնակցեք ընտրություններին, լավ ծանոթացեք թեկնածուների կենսագրությանը, ծրագրերին, իրենց անցած ուղուն և նոր միայն կատարեք Ձեր ընտրությունը:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com