Զարգացնենք մեր գյուղը. Սիսի գյուղապետի թեկնածու


Սույն թվականի հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, մի մասում արտահերթ, մյուսներում՝ հերթական: Այս առիթով այցելել ենք ՀՀ Արարատի մարզի Սիս համայնք, զրուցել առաջադրված երեք թեկնածուների հետ:

Ստորև ներկայացնում ենք Սիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մելքոնյանի հետ հարցազրույցը:

Պարոն Մելքոնյան, ինչու՞ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը, այս  ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք հասցրել կատարել և ինչե՞ր եք նախատեսում անել ընտրվելու պարագայում:

Դեկտեմբերի 17-ից գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար եմ և շատ բաներ եմ հասցրել անել, բացի ընթացիկ գործերից, նաև բարեգործություններ եմ արել իմ սիրելի համայնքի համար, որոնցից թերևս նշեմ այն, որ մեր՝ Մելքոնյան ընտանիքի կողմից համայնքում տեղադրվել է ջրային պոմպ, որը կնպաստի ևս 31 հեկտար անմշակ հողը մշակելի դարձնել, որն էլ  իր հերթին մեկ քայլ ևս կմոտեցնի համայնքը բարգավաճմանը:  Այս և այլ  արված շատ ու շատ գործերի մասին տեղեկատվություն կա մեր համայնքի  ֆեյսբուքյան էջում, որը բացվել է իմ` ժամանակավոր պաշտոնակատար լինելուս հենց առաջին օրվանից՝  համայնք-բնակիչ կապն ավելի ամրապնդելու  և նրանց՝ համայնքում կատարվող ցանկացած իրադարձության մասին իրազեկ պահելու համար: Նշեմ նաև, որ օրացույցային բոլոր տոներն ու կարևոր միջոցառումները Սիսում  նշվում են հավուր պատշաճի: Մի խոսքով ասելու շատ բաներ կան, որպեսզի շատ չծավալվեմ, ասեմ , որ  ամբողջը կարելի է տեսնել  մեր ֆեյսբուքյան էջում:

Ի՞նչ խնդիրներ կան համայնքում և ո՞րն է դրանցից  առաջնային լուծում պահանջում:

Գլխավոր խնդիրը դա ճանապարհների ասֆալտապատումն է և, որն էլ արդեն  կարելի է համարել լուծված, շուտով  կսկսվի դրա իրականացման գործընթացը, մնացածը մանր-մունր խնդիրներ են, որոնք ընթացիկ աշխատանքներով կկարգավորվեն:

Ինչպիսի՞ քարոզարշավ եք իրականացնում:

Ես ընդհանրապես միշտ դեմ եմ եղել քարոզարշավին, որովհետև, կարծում եմ, որ  մարդիկ ճանաչում են ինձ կամ մյուս թեկնածուին, 30 տարի է նույն գյուղում ապրում ենք, ես մտածել էի քարոզարշավ առհասարակ չանել, բայց կարգն է այդպիսին, պետք է խոսեմ և արդյունքում համոզվեցի, որ իրոք դա պետք է, մարդն իրեն հետաքրքրող հարց ունի՝ գյուղի զարգացման հետ կապված և պետք է հստակություն մտցնի, պետք է կողմնորոշվի ում ծրագիրն է ավելի իրատեսական և, ըստ այդմ է, ում պետք է ընտրի: Մի խոսքով, չեմ սիրում շատ խոսել, բաներ կան, որ հիմա օդի մեջ ասեմ, հետո չստացվի՝ ճիշտ չի լինի,  իմ էությունն այդպիսին չի, ես անում եմ , հետո նոր ասում:

Ինչպիսի՞ն է մրցակցությունը թեկնածուներիդ միջև:

Ամեն մեկն ուզում է իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել գյուղին: Ամեն ինչ ընթանում է նորմալ մրցակցային մթնոլորտում, առանց ավելորդ լարվածության, մնացածն արդեն համայնքի բնակիչների իրավասությունների դաշտում է, նրանք պետք է  մտածեն, որոշեն, թե որ թեկնածուն ավելի սրտացավ կլինի գյուղի համար: Պետք դատեն սառը ուղեղով՝ տեղի չտալով ընկերական, բարեկամական կապերին՝ համայնքի շահերը վեր դասելով ամեն ինչից:

Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

Զարգացնենք մեր գյուղը: Պետք է նկատեմ նաև, որ այս ամբողջ ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ հիմա ամբողջ Հայաստանը գիտի մեր գյուղի մասին, որը առաջ չի եղել:

Ձեր նախընտրական կոչը Ձեր ընտրողներին, այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ում ընտրեն  կամ, առհասարակ,  չեն պատրաստվում գնալ ընտրության:

Չառանձնացնելով՝ բոլորին կոչ եմ անում մտածել. համայնքի ղեկավարը համայնքի դեմքն է, ամեն դեպքում սա միակ ընտրությունն է, որ, այսպես ասած, մաքուր և գաղափարական է լինելու,  պետք է մտածել, թե ով կարող է գյուղը մեկ քայլ առաջ տանել, իսկ եթե հանկարծ ես չընտրվեմ, նույնիսկ այդ պարագայում էլ պատրաստ եմ օգնել համագյուղացիներս՝ իմ հնարավորությունների սահմաններում:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com