ՀՀ-ում ՌԴ դեսպանը պարգևատրել է Երևանում ռուսական «Էրեբունի» ավիաբազայի հրամանատարին

Երևանում «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ռազմական օդաչու» կոչումը: Պարգևի շնորհման արարողությունը կայացել է Երևանում: 

Պարգևը շնորհել է ՀՀ-ում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Սերգեյ Կոպիրկինը, որի կարծիքով՝ հատկանշական է այն հանգամանքը, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում: 

«Ինձ համար առանձնակի հաճելի է, որ պատիվ է ընձեռվել պարգևն այստեղ՝ Հայաստանում, շնորհել: Հայաստանում ռուսական բազայի առկայությունը վկայում է ոչ միայն ռուսական ռազմական հզոր ուժի, այլև այն դերակատարման մասին, որը Ռուսաստանն ունի խաղաղության և անվտանգության պահպանման գործում»,-ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: 

Շարունակելով իր խոսքը՝ Կոպիրկինն ընդգծել է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունների պահպանման գործում ՌԴ զինված ուժերի առաքելության կարևորությունը: Ստանալով պարգևը՝ Պետրովն իր երախտագիտությունն է հայտնել ամբողջ անձնակազմին, ինչպես նաև բոլոր այն զորամասերին, որտեղ ինքը ծառայել է: 

«Այս մեդալում ամփոփված է Ձեր աշխատանքը: Երախտապարտ եմ Ձեզ այս պատվավոր կոչումը կրծքիս կրելու իրավունքի համար»,-ասել է ավիաբազայի հրամանատարը: Հայտնի է, որ «Էրեբունի» ավիաբազան ստեղծվել է 1995թ.: Երեք տարի անց Ռուսաստանից ավիաբազա են ուղարկվել ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ, իսկ 2001թ. հուլիսին «Էրեբունի»-ում տեղակայված զորամասերից ավիացիոն բազա է ձևավորվել, որն էլ դարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչը:

Տեղեկություն «Էրեբունի» ավիաբազայի վերաբերյալ

ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ պետությունների տարածքներում պահպանվեցին կամ նորից ստեղծվեցին ռուսական հրամանատարության ներքո գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ: Խոշոր պաշտպանական օբյեկտներն ու ռազմակայանները գտնվում են Աբխազիայի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հարավային Օսիայի, ինչպես նաև սիրիական Տարտուս նավահանգստի տարածքներում:

Օբյեկտներից մեկը «Էրեբունի»-ն է՝ 3624-րդ ավիացիոն կայանը, որը ներառված է ՌԴ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի կազմում:

«Էրեբունի»-ում ծառայության մասին պատմել է հրամանատար, ռազմական օդաչու-դիպուկահար, գնդապետ Ալեքսանդ Պետրովը, որը կառավարում է բանակային օդուժի կործանիչներն ու ուղղաթիռները:

«2011թ. գարնանը ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը տեղեկացրեց Հայաստանում ռուսական ավիաբազայի ղեկավարի պաշտոնում ինձ նշանակելու որոշման մասին: Առաջին արձագանքս, մեղմ ասած, բավական զուսպ էր: Սակայն որոշ ժամանակ մտորելուց հետո, առաջարկն ընդունեցի: Այսպես՝ 2011թ. դեկտեմբերի 12-ից գլխավորեցի «Էրեբունի»-ն, իսկ մի քանի շաբաթ անց նոր վայրում առաջին թռիչքս իրականացրի՝ վերևից հիանալով գեղատեսիլ տեղանքով: Ծանոթանալով տեղի բնակչության հետ, կարգավորելով այստեղ գտնվող տարբեր կառուցվածքների հետ փոխգործակցությունը, աստիճանաբար փոխեցի վերաբերմունքս: Իսկ հիմա հաճախ եմ կրկնում, որ շատ կափսոսեի, եթե չծառայեի այս զորամասում»,-պատմել է Պետրովը:

«Էրեբունի» ավիաբազայի առջև դրված առաջադրանքների մասին

Անցում կատարելով ավիաբազայի պատմությանը՝ Պետրովը մանրամասնել է, որ այն սկիզբ է առնում 1994թ. ամռանից, երբ այստեղ տեղակայվեցին վեց «ՄիԳ-23»-ներ, որոնք ավելի ուշ փոխարինվեցին «ՄիԳ-29»-ներով:

Ավիաբազայի հիմնական առաջադրանքը միշտ էլ եղել է ԱՊՀ անդամ երկրների ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակում ռազմական ծառայության կատարումը:

«Մեր կործանիչները պատասխանատու են 102-րդ ռուսական ռազմաբազայի զորքերի պաշտպանության համար: Մեր ավիաբազան բացառիկ է: Ես որևէ այլ նախադեպ չգիտեմ, երբ ավիացիոն զորամասը ենթարկվի հետևազորային ստորաբաժանման հրամանատարին: Նույնիսկ Ղրղզստանում գտնվող «Կանտ» ավիաբազան ենթարկվում է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ և ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: Մինչդեռ մենք անմիջականորեն ենթարկվում ենք 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարին»,-պատմել է Պետրովը՝ ընդգծելով, որ սրանում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Զինվորականի խոսքով՝ դրական է այն հանգամանքը, որ հաճախ իրենց մոտ որոշումները շատ ավելի արագ են կայացվում: Օրինակ, եթե օպերատիվ օգնություն է անհրաժեշտ, իրենք անմիջապես դիմում են 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը և անհապաղ օգնություն են ստանում:

 «Էրեբունի»-ի առջև դրված առաջադրանքների կատարման նպատակով ավիաբազայի անձնակազմի նախապատրաստման մասին

Պետրովի խոսքով՝ ռազմական օդաչուն իրեն հանձնարարված առաջադրանքները նորմալ կատարելու համար պետք է թռիչքային փորձառություն ունենա, ինչը բարդ է «Էրեբունի» ավիաբազայի որոշ առանձնահատկությունների պատճառով:

«Նախևառաջ ավիաբազան լեռնային տեղանքում է: Մենք գտնվում ենք ներքին ծովի մակարդակից 1000մ բարձրության վրա, և դա շատ լուրջ է: Բերեմ պարզ օրինակ՝ այստեղ օդաչուն, ի տարբերության հարթավայրային տեղանքի, ստիպված է 300-320 կմ/ժ արագությամբ վայրէջք կատարել, մինչդեռ հարթավայրային տեղանքում արագությունը կազմում է 260-280 կմ/ժ: Մյուս առանձնահատկությունն այն է, որ ավիաբազան գտնվում է այլ պետության հետ պետական սահմանից 14 կմ հեռավորության վրա, ընդ որում՝ վերելքի և վայրէջքի ուղղությամբ: Սա նշանակում է, որ վայրէջքի սովորական սխեման, երբ օդանավը նախքան ավիաբազային հասնելը 20 կմ հեռավորության վրա սկսում է սահուն իջնել, այստեղ անիրագործելի է: Այս դեպքում մենք պետք է արդեն 10 կմ թռչենք Թուրքիայի տարածքի վրայով: Սակայն նման բան տեղի չի ունենում, քանի որ կիրառվում է վայրէջքի այլ սխեմա»,-նշել է զինվորականը՝ ընդգծելով, որ օդաչուներն ամբողջ պիլոտաժն իրականացնում են 4000մ և ավելի բարձրությունների վրա: 

Բացի այդ, ցածր և առավելագույն ցածր բարձրությունների վրա թռիչքների իրականացման համար օդաչուները ստիպված են լինում օգտագործել գրեթե բոլոր կողմերից Երևանի թաղամասերով շրջապատված ավիաբազայի օդային գոտին: Ուստի՝ ավիաբազայի անձնակազմի համար անվտանգության պահանջների պահպանմանն ուղղված միջոցները ոչ թե բարձր են, այլ առավելագույնս բարձր:

Իրենց գործի ևս մեկ առանձնահատկությունը Պետրովը համարում է այն փաստը, որ ավիաբազայից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է գտնվում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Վերոհիշյալ հանգամանքները պահանջում են, որ օդաչուների պատրաստվածության մակարդակը բարձր լինի:

Ըստ զինվորականի՝ ավիաբազայի օդաչուների մարտական պատրաստվածության մակարդակի վրա անդրադառնում է այն փաստը, որ ՀՀ-ում իրենք չունեն իրենց մարտական հրաձգարանը (полигон), որտեղ հնարավորություն կլիներ «երկինք-երկինք» դասի հրթիռների արձակում իրականացնել, աշխատել ցամաքում: Ներկայում հարցի լուծումն այն է, որ օդաչուներն ուղարկվում են ՌԴ, որտեղ կատարելագործում են իրենց հմտությունները:

Պետրովը մի քանի բառով ներկայացրել է նաև թռիչքային աշխատանքի ինտենսիվությունը՝ մանրամասնելով, որ ավիաբազայում իրենց հետ տեղակայված են նաև ՀՀ ռազմական օդուժի ուղղաթիռները: Սակայն դա չի խանգարում ռուս օդաչուներին շաբաթական նվազագույնը 3 անգամ թռչել:

«Երկրորդ դասի գրեթե ամբողջ օդաչուական կազմը նախապատրաստված է զույգերի կազմում մանևրային օդային մարտեր վարելուն: Բացի այդ, մանևրային մարտի համար նախապատրաստվել է երկու օղակ: Առանձին-առանձին մարտեր վարել ունակ են բոլոր օդաչուները, այդ թվում՝ երիտասարդ լեյտենանտները, 2018թ. շրջանավարտները»,-նշել է զինվորականը:

 Ինժեներատեխնիկական կազմի և ավիացիոն տեխնիկայի մասին

«Ըստ իս՝ մեր «ՄիԳ»-երը շատ լավ վիճակում են գտնվում: Կործանիչների գրեթե ամբողջ պարկն անցել է վերանորոգում կամ ներկայում ավարտում է նորոգման փուլը: Ուզում եմ շեշտել, որ մեզ վերադարձնում են փաստացի նոր ինքնաթիռներ, տեխնիկայի վերականգնման որակը շատ բարձր է: Երբ նոր էի անցել այստեղ ծառայության, ինձ անկեղծորեն զարմացրեց, թե որքան հստակ ու կարգավորված է գործում ինժեներատեխնիկական կազմը»,-նշել է Պետրովը:

Ինքնաթիռներին սրբերի անուններ տալու նոր ավանդույթի ձևավորման մասին

2014թ. սկսած՝ ավիացիոն տեխնիկային ուղղափառ սրբերի անուններ տալու նախաձեռնությունը պատկանում է 102-րդ ռազմաբազայի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատելու գծով նախկին օգնական արքեմանդրիտ Անդրեյին: Արդյունքում՝ մեկ տասնյակից ավելի օդանավ սրբերի անուններով է կոչվել:

«Վստահ եմ, որ մոտ ապագայում այս ավանդույթը շարունակական կլինի: Դա անհրաժեշտ է անձնակազմի դաստիարակման և մարտական ոգու ամրապնդման համար»,-ընդգծել է Պետրովը:

Տեղի բնակչության հետ բացության և փոխըմբռնման մասին

Զինվորականը նաև պատմել է ավիաբազայում ձևավորված ևս մի ավանդույթի՝ բաց դռների օրեր և այլ հանրային միջոցառումներ անցկացնելու մասին:

«Ես ավիացիայի մեծ երկրպագու եմ և վստահ եմ, որ ինքնաթիռներին կարելի է նայել միշտ՝ անկախ այն փաստից դրանք օդում են, թե ցամաքում: Իսկ «ՄիԳ-29-ի» պես ինքնաթիռն ինքնին շատ գեղեցիկ է, և գրավում է նույնիսկ ավիացիայից հեռու մարդկանց հիացական հայացքները և ոչ մեկին անտարբեր չի թողնում»,-պատմել է Պետրովը՝ խոսելով ամեն տարի անցկացվող բաց դռների օրերի մասին:

Զինվորականը մանրամասնել է, որ իրենք հրավիրում են դպրոցների, ինստիտուտների, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին, որոնք ծանոթանում են զորամասի կյանքին և կենցաղին, մասնավորապես՝ հետևում են «ՄիԳ-29»-ներով իրականացվող տարատեսակ թռիչքներին:

Ըստ Պետրովի` ավիաբազայի ղեկավարությունը չի կարող հաճախ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, քանի որ իրենց հիմնական գործը մարտական աշխատանքն է:

«Բայց համոզված եմ, որ նման միջոցառումները հարկավոր են, այդ թվում նաև՝ Երևանի բնակիչների համար: Չէ՞ որ երկու օրը մեկ տների վրայով թռչող կործանիչներն ում ասես որ չեն բարկացնի: Մենք խնդրահարույց հարևաններ ենք, քանի որ աղմկում ենք ոչ միայն ցերեկը, այլև երեկոյան ու գիշերը: Սակայն այսպիսի միջոցառումների անցկացումից հետո մեր հասցեին ստացվող բարկացած հեռախոսազանգերի քանակը զգալի պակասել է: Մարդիկ սկսել են հասկանալ մեզ և մեր ամենօրյա աշխատանքը: Չէ՞ որ ավելի լավ է լսել մեր ինքնաթիռների շարժիչների, քան ուրիշների աղմուկը»,-եզրափակել է Պետրովը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com