Աշխատողը միշտ էլ կաշխատի. Սամվել Վարդանյան

Շարունակելով ներկայացնել ՀՀ գյուղական և քաղաքային համայնքների առօրյան՝ այս անգամ հանգրվանել ենք Արարատի մարզի  Փարաքար գյուղում, տեղի խնդիրների, ձեռքբերումների և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի հետ:

Մինչ բուն զրույցին անդրադառնալը նախ նշենք, որ համայնքապետարանի կողմից հիմնադրվել է Փարաքարի քաղաքացիների սպասարկման գրասենյակը (պաշտոնական բացման արարողությունը կլինի մոտ օրերս), որի նպատակն է ‹‹մեկ պատուհան›› սկզբունքի համաձայն քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումը, համայնքապետարանի և քաղաքացու միջև առավել դյուրին ու մատչելի հաղորդակցության ապահովումը: Դրա գործունեությունը ժամանակակից մեթոդներով և տեխնոլոգիաներով իրականացնելու նպատակով ներդրվել և շահագործվում է  Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը, որն էլ իր հերթին նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, համայնքային բյուջեների և սեփականության առավել արդյունավետ կառավարմանը, տեղական ինքնակառավարման գործընթացներին քաղաքացիների ներգրավածությանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացիների հոսքը հիմա իսկապես շատացել է ՝ կապված կիսակառույց, անավարտ շինությունների ու իրականացվող բազմաթիվ այլ շինարարական աշխատանքների, տարվա ընթացքում հարկերի վճարման հետ և մարդիկ այլևս չեն վազի մի սենյակից մյուսը, այլ իրենց կսպասարկեն մեկ, ընդհանուր սենյակում: Նրա խոսքով՝ լրացուցիչ աշխատակիցներ չեն լինելու, իրենց աշխատակիցները լիովին բավարար են, պարզապես  նրանք սովորականից մի փոքր ավելի ծանրաբեռնված կլինեն:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին՝ մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում ստացավ և ստացա՞վ արդյոք ջրի հարցը, որի պատճառով բնակիչները պարբերաբար ակցիաներ էին իրականացնում՝ համայնքի ղեկավարն ասաց.  ‹‹Խմելու ջրի հետ կապված, կարելի է ասել, խնդիր  չունենք. Թաիրով գյուղը, Փարաքարի  հին հատվածը՝ մինչև դպրոց՝  24 ժամյա ռեժիմով ջրամատակարարում ունի, նոր թաղամասերում, որոնք սնվում են մեր ջրամբարից այս առումով մի քիչ խնդիրներ կան՝ 6 ժամյա գրաֆիկով ենք ջուր տալիս բնակիչներին, չնայած արդեն դրա լուծման տարբերակն էլ կա՝ Թաիրով գյուղի գործարանից անցնող ջրագիծը, որ 60-ական թթ.-երին է կառուցվել, երևի սեպտեմբերից արդեն կփոխվի, նորը կանցկացվի, կորուստները կվերանան և կբարելավվի նաև նոր թաղամասերի ջրամատակարարումը: Այսպիսով, կարելի է ասել, խմելու ջրի հետ մեծ խնդիր չունենք, բայց այ ոռոգման ջուր հարցը սարսափելի վիճակում է գտնվում. ոռոգման ջուր չկա, մարդիկ իրենց տնամերձերը ջրելու հարցը՝ որը խմելու ջրով, որը, այսպես ասած, ‹‹կռիվ-ղալմաղալով›› կարելի է ասել կարողանում է որոշակիորեն լուծել, իսկ գյուղատնտեսական նշանակության հող համարյա չի մշակվում: Այս հարցով բազմաթիվ նամակներ ենք գրել մարզպետարան, Ջրային կոմիտե: Անցած տարվանից մի ծրագրում ընդգրկվեցինք, որի շրջանակներում 1500 մետր նոր առու պետք է կառուցվեր Թաիրով գյուղից, մայր ջրանցքի մոտից մինչև օդանավակայանի հարակից տարածք, որտեղ ջուր չի հասնում, բայց անընդհատ մի բան էր փոխվում, անընդհատ ինչ- որ դեպք էր լինում և, արդյունքում, ծրագիրը կյանքի չկոչվեց: Առուների վիճակը շատ վատ է, մեր Շադլու կոչվող մայր ջրանցքը, որը սկիզբ  է առնում Երևանյան լճից, ամբողջությամբ աղտոտված է, կոյուղագծերը երևի 10 տարուց ավել է լցվում են այդ ջրանցքը, եթե անգամ ջուր էլ ունենում ենք, հիմնականում հենց դրանք են լինում՝ խառնված ոռոգման ջրին : Այս տարի արդեն ծրագիր ենք կազմել, չնայած միշտ էլ այդ հարցը բարձրացված է եղել, պարզապես հիմա սուբվենցիոն ծրագրում ընդգրկել ենք Թաիրով գյուղի կոյուղագիծը վերանորոգելու հարցը: Մենք նաև բիոլիճ ունենք ՝ կեղտաջրերի մաքրման կայան էինք կառուցել 2016թ.ին և որպեսզի 2017թ.-ից ամբողջ Հայաստանում մեկ օպերատոր սպասարկեր խմելու ջուրն ու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը՝ մեզ պարտադրեցին, որ ջրահեռացման համակարգը այդ բիոլճով հանձնենք  այն ժամանակվա Ջրային տնտեսության պետական կոմիտեին և  վերջիններս էլ հանձնեին այսօրվա «Վեոլիա ջուր»-ին, դա չեղավ և վերջինս մեր խմելու ջրի մատակարարումը ընդունեց, բայց ջրահեռացմանը՝ ոչ: Երկու տարի և ավել համակարգը չսպասարկվեց և այն ամբողջությամբ փչացավ, այժմ կրկին սուբվենցիոն ծրագիր ենք  կազմել, Կառավարությունը հաստատել է, հիմա տեխնիակական մի քանի խնդիրներ կան, որոնց լուծման պարագայում, իմ կարծիքով, այս տարի  բիոլիճը կսկսենք վերանորոգել՝ շահագործման նպատակով և անմիջապես կսկսենք  նաև Թաիրով գյուղի կոյուղագծերի կառուցումը. 1500մ ջրագիծ պետք է կառուցել, միացնել Փարաքարը դեպի բիոլիճ գնացող համակարգին, մաքրել ու ջուր բերել, լցնել:

Այս տարի մենք 3 ծրագիր ունենք, գումար ունենք, կարևորը, և որոշ  տեխնիկական խնդիրները լուծելուց հետո կանցնենք գործի: Բացի դրանցից ևս մեկ ծրագրով էլ նախատեսված է  կենտրոնական փողոցի ասֆալտապատումը՝ 1500մետր՝ 1320 մլն. դրամով, , որի կեսը կառավարությունն է տալու, կեսը՝ մենք››:

Մեր այն դիտարկամանը, թե կառավարության և մնացած ամբողջ կազմի փոփոխությունը խոչընդոտներ չառաջացրեցի՞ն աշխատանքների բնականոն հունին և ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը նոր կառավարության հետ ՝ համայնքի ղեկավարը պատասխանեց, որ հակառակը, իրենց հնարավորությունները, այսպես ասած, ավելի լայնացել են. ‹‹Աշխատող մարդն, այնուամենայնիվ, իմ կարծիքով, միշտ էլ կաշխատի, մենք ունենք մեր հնգամյա աշխատանքային պլանը, որն այս տարի ավարտում ենք, ամեն ինչ ընթանում է բնական հունով››:

Անդրադառնալով ‹‹Լավագույն սպորտային համայնք›› և ‹‹Լավագույն մշակութային համայնք›› տիտղոսները պարբերաբար նվաճած համայնքի մշակութային կյանքին՝ պարոն Վարդանյանը հպարտությամբ նշեց, որ այն այնքան հարուստ է, որ էլ ասելու չէ, և որ հենց վաղը՝ օգոստոսի 4-ին Փարաքարի պարային համույթը մեկնում է Ռումինիայի հանրապետություն՝ մասնակցելու պարային փառատոնի և այսպես պարբերաբար տարբեր փառատոնների են մասնակցում ու միշտ հաղթանակներով  վերադառնում. «Վերջին տասը տարում երեք  անգամ ‹‹Լավագույն սպորտային համայնք›› ենք ճանաչվել : Մենք տարվա ընթացքում բավականին աշխատանքներ ենք հասցնում կատարել, այսօրվա դրությամբ 2 մանկապարտեզ ենք պաhում` 150 սաներով, և հատկանշական է, որ այս շոգ օրերին 80 երեխա Փարաքարում պարտաճանաչորեն  հաճախում է մանկապարտեզ, իսկ մանկապարտեզներն էլ  կապիտալ վերանորոգված են՝ ապահովված բոլոր պայմաններով:

Մշակութային այնպիսի մի միջոցառում չկա, որ բաց թողնենք, հանրապետական բոլոր տոները մեծ մասշտաբով նշվում են մեզ մոտ, հրավիրում ենք դերասանների, երգիչ-երգչուհիների, մի խոսքով, պարապ չենք մնում:

Սպորտ դպրոց, Շախմատի ակադեմիայի մասնաճյուղ ունենք՝ 25 սանով, որտեղ սովորում են արդեն ցուցանիշներ ունեցող սաները, նաև՝  բռնցքամարտի, կարատեի երկու  խումբ ունենք:

Ֆրանսիական գյուղական համայնքների հետ ենք բարեկամություն անում, կապեր ենք ստեղծում, որ երեխաներ գնան իրենց մոտ և հակառակը, իրենք են գալիս այստեղ, մենք ենք գնում, փորձի փոխանակում ենք անում, իհարկե, համամետալու չի մեր ու իրենց համայնքները, բայց իրենք էլ մեզանից սովորելու շատ բաներ ունեն: Քաղաքապետերի դաշնագիր ենք ստորագրել (էլ. էներգիայի խնայողություն, ածխաթթու գազերի բացթողում և այլ թեմաներով) և այդ դաշնագիրը ստորագրած՝ Սպիտակ, Եղեգնաձոր, Դիլիջան, Երևան ու այլ քաղաքներում ծրագիր է իրականացվում՝  գիշերային լուսավորություն, շենքերի մուտքերի վերանորոգում, տաքացում իրականացնելու համար  ու չի բացառվում, որ մեր հերթն էլ հասնի մի օր››,- եզրափակեց մեզ հետ զրույցը Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com