ԱԺ-ն չի որոշողը՝ Հրայր Թովմասյանը մնա, թե հեռանա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չենք քննարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել:

«Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,-մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խմբակցության ներսում քննարկել են այդ նախագիծը, հիմնավորումները շատ թույլ են, որոշել են չմասնակցել քվեարկությանը:

«Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում»,-նշեց նա:

Խոսելով մամուլի տեղեկությունների մասին, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրա տանն է գիշերել, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գիշերել է ընդունելությունների (Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների- հեղ.) տանը: Լուկաշենկոյի հետ զրուցել է, թե ոչ, Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց:

Tert.am-ի հարցին, թե «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործում իրեն ուղղված սլաքներ չի տեսնում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:

«Իրավապահ մարմիններում է, քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, բոլորի համար պարզ կլինի: Առուստամյանը քաղաքացի է, ամեն ինչ պարզ կլինի, ոչ մի բան չեմ տեսնում, կա հարց, կա խնդիր, կա քննություն, կավարտվի, բոլորի համար էլ պարզ կլինի»,-ընդգծեց նա:

ՀեղինակԱնի Գևորգյան

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com